ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդի աշխարհաքաղաքական իրադարձությունները լուրջ մարտահրավերներ են նետում հատկապես փոքր ժողովուրդներին: Այդ իսկ պատճառով, ինչպես ապրիլի 29-ի ասուլիսում նշեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) փոխնախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Աղայանը, ազգային շահերի շուրջ համախմբվելը դարձել է ժամանակի հրամայական: Ըստ նրա, ազգային համախմբման նպատակն է հետապնդում արդեն ութ տարի գոյություն ունեցող ՌՀՄ-ը, որի միջազգային հեղինակությունը գնալով բարձրանում է:
Վ.Աղայանի խոսքերով, այսօր Ռուսաստանում բնակվում է 2,5 մլն հայ` համարյա այնքան, որքան Հայաստանում: Նման թվով մարդկանց միավորելը հեշտ գործ չէ, սակայն, նրա դիտարկմամբ, կազմակերպությունը անում է ամեն հնարավորը` իրեն դիմած յուրաքանչյուր հայի աջակցելու համար: Մասնավորապես, Վ.Աղայանի հավաստմամբ, ՌՀՄ-ի կենտրոնական ապարատում գործում է իրավաբանական ծառայություն, որի մասնագետները զբաղվում են հայերի իրավունքների պաշտպանությամբ:
Մեկնաբանելով ապրիլի 24-ի ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ հայերի չարտոնված ցույցի մասնակիցներին բերման ենթարկելու փաստը, Վ.Աղայանը նշեց, որ ՌԴ-ի իշխանությունները սխալ են վարվել` միջոցառումը չթույլատրելով: Նա հիշեցրեց, որ նրանք ամեն տարի արտոնել են Թուրքիայի դեսպանատան մոտ կազմակերպվող ցույցերը, եւ այս ապրիլի 24-ը բացառություն էր: Ամեն դեպքում ցույցը չարտոնելը, ըստ նրա, չպետք է առիթ տա ենթադրելու, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը խարխլվել է:
Wednesday, April 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment