
ՆԻԿՈՍԻԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը վերահաստատել է պալատի աջակցությունը` 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հայ ժողովրդի պահանջին:Հայոց ցեղասպանության հիշատակի կոմիտեի կողմից կազմակերպված Ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Գարոյանի գրասենյակի տնօրենը ընթերցել է պալատի նախագահի ուղերձը, որում ասված է. «Այսօր մենք հիշում ենք այս ահավոր հանցագործությունը, հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ կրկին դատապարտում այս սոսկալի հանցագործությունը եւ հանցագործներին»:Մ.Գարոյանը կոչ է արել Թուրքիային` ճանաչել եւ ընդունել իր հանցագործությունը, ինչպես նաեւ` ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ ամբողջ մարդկությունից:Նա ընդգծել է, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը Հունաստանի խորհրդարանի հետ միասին եղել է առաջիններից մեկը, ովքեր դատապարտել են Հայոց ցեղասպանությունը ու սատարել միջազգային հանրության կողմից դրա ճանաչման վերաբերյալ պահանջը:«Մենք չենք խնդրում կամ էլ աղաչում: Մենք արդարություն ենք պահանջում արդի ժողովրդավարական մարդկությունից, միջազգային ողջ հանրությունից, բոլոր ազգերից ու ժողովուրդներից: Ընդամենը` արդարություն», - հայտարարել է նա:Ոգեկոկոչման արարողությանը մասնակցել է Հունաստանի նախկին պաշտպանության նախարար Ակիս Ծոհաձոպուլոսը, ով հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմության հանդեպ մի պարտք է: «Հայոց ու Պոնտական ցեղասպանությունները անժխտելի պատմական փաստեր են»,- ասել է նա` հավելելով, որ Թուրքիան իր պարտականություններն ընդունելու վճռականություն չի ցուցաբերում:Կիպրոսի հայության ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը նույնպես իր ելույթում նշել է, որ Կիպրոսի Նեկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու Թուրքիային այդ ոճրագործության համար դատապարտած առաջին խորհրդարաններից էր:Նա Թուրքիային կոչ է արել ընդունել նախկին կառավառությունների կողմից աշխարհի տարբեր ժողովուրդների հանդեպ կատարած հանցագործությունները:
No comments:
Post a Comment