Thursday, June 19, 2008

ԼԵԳԵՆԴ ԶՈՐԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ

Հայտնի է, որ Զորավարին բարձր էին գնահատում եւ՛ բարեկամները, եւ՛ թշնամիները: Ու զորավարի մասին բազում ասքեր են հյուսել նրանք:
... 1934թ. օգոստոսն էր: Այդ օրերին նախագահ Մուստաֆա Քեմալի հրավերով Թուրքիայում էին գտնվում մեծ թվով այլազգի լեզվաբան-գիտնականներ: Նրանց հետ միասին աշխատում էր նաեւ Քեմալի քարտուղարը` բուլղարահայ գիտնական Հակոբ Մարթայանը: 1916-ից նա Քեմալի օգնականն ու խորհրդատուն էր: Այդ կապը մի քանի տարի ընդհատվել էր, իսկ 1932-ին նորից շարունակվել: Մարթայանը ծառայություն էր մատուցել թրքական սահմանադրությունն ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)... Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի):
Անդրանիկի մահվան լուրն անթաքույց հրճվանքով ընդունվեց Թուրքիայում: Շատերը գիտեին, որ Քեմալը բարձր էր գնահատում Զորավարին: Այդ են վկայում Քեմալի մտերիմները, անձնական վարորդը` հայազգի Կարոն: Գիտեր նաեւ Դիլաչարը:
Օգոստոսի 31 ... Աշխատանքից հետո խնջույքի հրավիրված լեզվաբաններին էր փոխանցվել տանտերերի ուրախությունը: Կերուխումի թեժ պահին Քեմալն առաջարկում է. «Թող հրավիրվածներից յուրաքանչյուրը մի երգ կատարի ... հյուրերը կարող են իրենց մայրենի լեզվով երգել»: Մեղմ ժպիտը դեմքին, Քեմալը լսեց շատերին` հույնին, հրեային, գերմանացուն ... հատկապես գերմանացու երգը իր մարտական թափով դուր եկավ իրեն: Ու հանկարծ Քեմալը շրջվում է դեպի իր քարտուղարը.
Դիլաչար էֆենդի, մի բան էլ դու երգիր...
Բոլորը շրջվում են դեպի Դիլաչարն ու սպասում. «Ի՞նչ լեզվով է երգելու 1895թ. Կ. Պոլսում ծնված, օտար համալսարաններում կրթություն ստացած, քսաներկու լեզվի գիտակ, տարիների շարունակ Քեմալի մոտ ծառայության մեջ գտնվող հայազգի Դիլաչարը...»: Դե, իհարկե, թուրքերեն. այդ են վկայում ներկաներից շատերի քծնանքով լի ժպիտները, այդ է վկայում Քեմալի տեղակալ Իսմեթ Ինենյուի ինքնագոհ դեմքը ...
Դիլաչարը մի պահ բարձրացնում է հայացքը, նայում հյուրերին... փակում աչքերը.. ու լսվում է ինքնաբուխ երգը.

Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, երկիր տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հայոց լեռինք քեզ ապաստան, Անդրանիկ:

Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում Դիլաչարին: Երգի հակաթուրքական բնույթը շատերին է հայտնի: Տեղում անհանգիստ շարժումներ է անում Իսմեթ Ինենյուն` ցանկանալով տեղից բարձրանալ (երեւի զինվորներ կանչելու եւ Դիլաչարին պատժելու համար. չէ՞ որ Անդրանիկի անունը Թուրքիայում տալը մահացու հանցանք է): Ինենյուն նայում է Քեմալին... Վերջինս դանդաղ ոտքի է ելնում, ձեռքի շարժումով կանգնեցնում Ինենյուին եւ մտազբաղ սկսում զննել մի ինչ-որ անորոշ կետ` հատակի վրա: Իսկ երգը շարունակվում էր.

Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չի ցամաքի մինչ հավիտյան, Անդրանիկ...

Երգն ավարտվեց: Տիրեց քար լռություն: Ու այդ լռության մեջ լսվեց Քեմալի հատուկ ձայնը.
- Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր: Նրա սրից հազարավոր թուրքեր ընկան: Այդպիսի հերոս հայերը անցյալում չեն ունեցել, ներկայումս չկա, ապագայում չի սպասվում: Դուք, հայերդ, ճիշտ եք վարվում` հիշելով ու պատվելով ձեր հերոսներին ...Բայց այս անգամ նրանք պարտվեցին եւ մենք հաղթեցինք: Դիլաչար Էֆենդի, դու էլ շատ լավ երգեցիր մեր թշնամուն գովերգող երգը ... բայց սա լինի վերջին անգամը...
- Դուք, հայերդ, տառապում եք հայրենաբաղձությամբ,- 1938թ. նոյեմբերին, արդեն մահվան անկողնում, Քեմալը դիմելով հայկական կոչվող այդ «հիվանդությամբ» տառապող իր խորթ աղջկան` հայազգի Սապիհա հանըմին, կասի,- դու պիտի չազատվես այդ հիվանդությունից...
Անդրանիկի մահվանից քառասուն տարի հետո Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարը իր ընտիր հայերենով Զորավարի լեգենդը կպատմի Հայրենիքից եկած Հայ գիտնականին, ավելացնելով`
- Երգի պահին ամենեւին էլ չէի մտածում հետեւանքների մասին...
Երեւի հայրենաբաղձություն կոչվող հայկական այդ սքանչելի «հիվանդությունն» է պատճառը, որ օտարության մեջ գտնվող Հայը վըճռական պահին Հայրենիքի համար անում է անհրաժեշտը` առանց հետեւանքների մասին մտածելու...
Հակոբ Մանջյան

No comments: