Wednesday, June 18, 2008

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԻՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼ ՆՈՐ` ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 16-իտն հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է Սահմանադրության 85-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որի կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով: Նախագծով, բացի ներկայիս 17 նախարարություններից, կառավարության կառուցվածքում առաջարկվում է ընդգրկել նոր` Սփյուռքի հարցերի նախարարություն:Քննարկումների ժամանակ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը առաջարկեց նախարարությունը անվանել Սփյուռքի հետ կապերի եւ հայրենադարձության, իսկ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` Հայկական սփյուռքի հետ կապերի նախարարություն` վերջինիս նախարարին տալով փոխվարչապետի կարգավիճակ, ինչը հնարավորություն կտա համակարգել այդ կապերը, այդ թվում` կրթական հարցերով:Ըստ նախագծի, ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, բացառությամբ կառավարության կառուցվածքում նոր նախարարության ընդգրկման վերաբերյալ դրույթի, որը նախատեսվում է ուժի մեջ մտցնել հոկտեմբերի 1-ից:Խորհրդարանում տարածված ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, սփյուռքի հարցերի նախարարի պաշտոնի հիմնական եւ հավանական հավակնորդը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հրանուշ Հակոբյանն է:

No comments: