Monday, June 16, 2008

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ

«ԼՐԱԳԻՐ», 13.06.08: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հունիսի 13-ին տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձել է նախօրեին Ժիրայր Սէֆիլյանի մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ հասցեին հնչած մտքին: Մասնավորապես, լրագրողները Վահան Հովհաննիսյանին հարցրել են, թե ինչպես է մեկնաբանում Ժիրայր Սէֆիլյանի այն միտքը, թե Դաշնակցությունը բուժման կարիք ունի:
«Պետք է ասեմ, որ ընդհանրապես, նա կարծես թե ասել է, որ Դաշնակցությունը ազգային արժեք է, ինչպես եկեղեցին, եւ այլն, եւ այլն: Ինքն ինչպես է պատկերացնում, հետաքրքիր է, այնպիսի ազգային արժեքի, ինչպես եկեղեցին է, դրա ղեկավարումն առանց կաթողիկոսի օրինակ: Որովհետեւ նա կարծես թե հիմնականում ղեկավարությունից է նեղացած, բայց այստեղ հարց է առաջանում` քաղաքական ուղին որոշելու մեխանիզմը, կա արդյոք ավելի լավ, քան այն, որը որդեգրել է մեր, եւ ուրիշ կուսակցություններ` ստեղծել սեփական մարմիններ, որոնց օժտել այդ որոշումները կայացնելու իրավասությամբ», ասում է Վահան Հովհաննիսյանը:
Ըստ նրա, եթե կա ավելի լավ ձեւ, թե ինչպես ժողովուրդը ղեկավարի իր ազգային արժեքները, թող առաջարկեն «Ինչ վերաբերում է բուժմանը, եթե նման բան ասել է անշուշտ: Ես պետք է ասեմ, որ Ժիրայր Սէֆիլյանին որպես հայրենասեր անհատի, շատ բարձր եմ գնահատում եւ երբեք չի կարելի ուրանալ նրա ղարաբաղյան պատերազմում բերած ծառայությունները: Սակայն, երբ պատերազմի ժամանակ պարտիզանական տարբեր ջոկատները կոորդինացնող Դաշնակցության մարտական խորհուրդը որոշեց Ժիրայր Սէֆիլյանին նշանակել սկզբում վաշտի, իսկ հետո բատալյոնի հրամանատար, դա չարվեց որովհետեւ չկային Ժիրայրից ավելի արժանիները: Մենք ունեինք պրոֆեսիոնալ զինվորականներ, մեր կուսակցության անդամներ, որոնք Աֆղանստանի պատերազմում Սովետական Միության հերոսի կոչում ունեին: Մենք ունեինք հրաշալի կադրեր, բայց մեզ այն ժամանակ, ոչ միայն մեզ որպես կուսակցություն, այլ ամբողջ ազգին շատ կարեւոր էր ապահովելու Հայաստան-Սփյուռք հայության տարբեր հատվածների միասնությունն ազգային ազատագրական պայքարին: Այդտեղից էլ Մոնթե Մելքոնյան: Եվ բնական է, որ մարդ ընդհանրապես պետք է ինքն իրեն այդքան լուրջ չվերաբերի:
Ցանկացած մարդ պետք է ինքն իրեն վերաբերի մի քիչ էլ ինքնաքննադատությամբ եւ հումորով: Իսկ մենք Ժիրայր Սէֆիլյանին շատ ավելի լավ ենք ճանաչում, քան նրանք, ովքեր այսօր թմբկահարում եւ դրոշ են սարքում նրա անունը: Մենք նրան շատ լավ ենք ճանաչում մանկուց: Եվ ուրեմն մարդ պետք է մի քիչ համեստություն ունենա, չհավատալու համար թմբկահարողներին, որոնք ասում են դու ազգային հերոս ես, դու ազգի հույսն ես ու դու Աստված ես: Ցավոք սրտի մեր քաղաքականության եւ քաղաքականությանն առնչվող գործիչների մեջ իրենց աստվածային ծագումնաբանությանը հավատացող մարդիկ սկսել են շատանալ վերջերս, ինչն ինձ համար բավականին մտահոգիչ է», ասում է Վահան Հովհաննիսյանը:

No comments: