
Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունների դիրքը հենց սկզբից պարզ էր եւ այդքանով գոնե հարգելի: Իսկ Օրինաց երկիր եւ Դաշնակցություն կուսակցությունները ընտրություններից առաջ ընդդիմություն էին խաղում եւ հենց որպես ընդդիմադիր էլ շահեցին իրենց քվեները, իսկ ընտրություններից հետո, դատապարտելով հանդերձ տեղի ունեցած կեղծումները, առեւտրի նստեցին «ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված իշխանության» հետ եւ ընդդիմության դաշտից խլած քվեն աճուրդի դրին իշխանության աթոռների դիմաց:
Իսկական ընդդիմությունը, իրեն եւ ժողովրդին խաբվածի վիճակում տեսնելով, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ Համաժողովըրդական շարժում կազմակերպեց հանուն արդարության: Ժողովուրդն էլ, որ իրեն անհարգված էր զգում, միացավ շարժմանը, առանց իսկ ՀՀՇ-ական կամ լեւոնական լինելու, նա պատնեշի վրա էր՝ հանուն արդարության միայն:
Դեպքերի ընթացքը դուր չեկավ իշխանություններին: Համաժողովրդական շարժումը կարող էր ընդհուպ մինչեւ ընտրությունների չեղյալ հայտարարելը եւ անգամ իշխանափոխություն առաջ գնալ: Ուստի շտապ ծրագրվեց հակաքայլը՝ նախ եւ առաջ ամեն ինչը պիտի անվանվեր լեւոնական, որպեսզի ջախջախելն ավելի հեշտ բացատրվեր: Այդ առաքելությունը սփյուքահայ համայնքներում հանձնվեց դաշնակցական մամուլին ու նաեւ մատնահաշիվ տպաքանակ ունեցող որոշ թերթուկների, որոնք օր ու տիվ սկսեցին հայհոյել «Քյոռ Լեւոնին ու նրա հրեա կնոջը»: Երեւանի Ազատության հրապարակում արյուն էր թափվում, իսկ դաշնակցական խըմբագիրները, ժողովրդական ցույցերում «ծածանված» Իսրայելի դրոշը մատի փաթթոց արած, արաբական եւ իսլամական իշխանությունների մոտ էին վազում՝ «Լեւոնին խայտառակելու», Ժողովրդային շարժումը այս կամ այն պետությանը կախյալ ցույց տալու համար: Թափթփուներն էլ իշխանական կականդակի փշրանքները լիզելու «պատվին արժանանալու» նպատակով, որ գյուղի ու քաղաքի տանուտերից ասես շնորհավորանք էին կորզում իրենց «թերթում» տպելու համար:
Սփյուռքն էլ, ինչպես հայրենի ժողովուրդը, ճիշտ էր գնահատում դեպքերի ընթացքը եւ գրեթե բացի դաշնակցության վերնախավից ու որոշ պնակալեզներից, միահամուռ մեկ բան էր պահանջում՝ արդարություն: Այստեղ էլ, ինչպես Հայաստանում, հարցը Լեւոնը չէր, այլ Ժողովրդի ոտնակոխված իրավունքը: Պետք է պարզել, ով ժողովրդին ջարդելու հրաման տվեց եւ պատասխանատվության կանչել: Իշխանություն-Ընդդիմություն երկխոսությունը սկսվում է ճիշտ այստեղից:
Մի քանի բառ էլ նրանց, ովքեր երբեք պատրաստ չեն ընդդիմության դաշտում հայտնվել, «անկախ իշխանությունների բնույթից»:
Պալատական ծաղրածուի դերում հայտնվելը թեեւ դժվար, սակայն միշտ էլ գաղափարազուրկ մարդկանց գործն է, մարդիկ, ովքեր կարմիր լեզու ունենալով հանդերձ շատ հանգստածալ մեջք ու վիզ ունեն, իշխանավորի դեմ խոնարհվելու համար
Նման մարդիկ քաղաքականությունը առհասարակ շփոթում են խաբեբաության հետ եւ անկարող են քաղաքական դիրքորոշում ճշտել կամ այլոց մասին գնահատական տալ, ինչ մնաց համայն Սփյուռքի դիրքորոշման մասին կարծիք հայտնելը...
Այնուամենայնիվ միայն անսկզբունք մարդիկ կարող են երեկ լեւոնական, այսօր սերժական եւ վաղը այլական լինել:
No comments:
Post a Comment