Thursday, June 19, 2008

ՔԱՂՑՐ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ ՄԱԿԱՐԴԱԿ ՉԵՍ ԲԱՐՁՐԱՑՆԻ

Վերջին տարիների ընթացքում հայոց ազգային դպրոցները, փաստորեն, որակի առումով անկում են ապրել, իսկ ԹՀԹ Կրթական խորհուրդները թեեւ իրենց կարողության սահմաններում ինչ-որ քայլերի դիմել են, սակայն գրեթե ապարդյուն: Ծնողներն, այս անհաճո իրականությանն ի տես, հիմնականում միջնակարգ օղակի սկզբից, իրենց աշակերտներին տեղափոխում են ոչ-հայկական դպրոցներ: Հայոց երբեմնի որակյալ դպրոցները կորցրել են իրենց նախկինի մակարդակը, սակայն ոչ ոք պատրաստ չէ դրա մեղքը վիզ առնել: Կրթական խորհուրդը այս հարցում մեղավոր է տեսնում այն ծնողներին, որոնք իրենց զավակներին որակյալ ուսում ստանալու մտահոգությամբ տեղափոխում են ոչ-հայկական դպրոցներ: Իսկ ծնողները փաստում են, որ համենայնդեպս մեր դպրոցները նույնիսկ որոշ պետական դպրոցներից ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում, ինչն ստիպում է նրանց երեխային հանել հայկական դպրոցից: Վերջերս ԹՀԹ Կրթական խորհրդի նախաձեռնությամբ երկու հանդիպում կազմակերպվեց հայոց դպրոցների երրորդ ուղեցույցն ավարտող աշակերտության ծնողների հետ: Հանդիպումներն հիմնականում մեկ նպատակ էին հետապնդում՝ ծնողներին հավատացնել, որ հայկական միջնակարգ դպրոցների մակարդակը այնքան էլ ցածր չէ եւ անգամ «գալիք ուսումնական տարեշրջանում ավելի բարձր է լինելու»՝ այդ կապակցությամբ նույնիսկ խոստանում էր Կրթական խորհուրդը: Կրթական խորհրդի ատենապետ Նորայր Արամյանը զեկուցելով իր ղեկավարած կազմի 9-ամսյա գործունեության մասին ցավով ասաց, որ. «վերջին տարիներում մի շարք ծնողներ իրենց երեխաներին արձանագրելով ոչ-հայկական դպրոցներում, վտանգում են հայոց դպրոցների գոյությունը»: Հետո էլ կոչ արեց բոլորին, որ իրենց զավակներին անպայման արձանագրեն հայկական դպրոցներում, որպեսզի հայ դպրոցը գոյատեւի: Նա իր խոսքերում ի միջի այլոց ասաց, որ «Քուշեշ Դավթյան» դպրոցը փակման վտանգի առաջ է կանգնած եւ եթե չկարողանանք համապատասխան քանակ արձանագրել, պարտավորված փակելու ենք»: Անկախ նրանից թե Կրթական խորհրդի անդամներից քանիսի զավակներն են ուսանել կամ ուսանում հայկական դպրոցներում, մենք էլ իհարկե, կողմնակից ենք հայ դպրոցին թեւ-թիկունք կանգնելու գաղափարին, հայ երեխային հայկական մթնոլորտում դաստիարակելուն, բայցեւ նույն ժամանակ ինչպես միշտ շեշտում ենք, որ մակարդակը լոկ սրտցավությամբ չեն բարձրացնում, այլ մասնագիտական գործունեությամբ: Ուստի կոչ ենք անում Կրթական խորհրդին, հեռու մնալ կուսակցական նեղմտությունից եւ խորհրդակցության հրավիրել բանիմաց մարդկանց եւ աշխատել երկարատեւ հիմքի վրա:Քաղցր լոզունգներով եւ անհիմն խոստումներով մակարդակ չես բարձրացնի: Գիտությունը չոր հաշվարկների դաշտ է՝ այնտեղ լոզունգները չեն գործում: Եթե միտում ենք կրթված սերունդ դաստիարակել պիտի մասնագիտական եւ ծրագրված աշխատանք տանել…

No comments: