Saturday, June 14, 2008

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԻՇՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵԹԵ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԼԻՆԻ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՃԳՆԱԺԱՄ, ՊՆԴՈՒՄ Է ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առաջխաղացման մասին խոսել չի կարելի,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հունիսի 11-ի Երեւան-Բաքու-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Ըստ նրա, դա է վկայում այն փաստը, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը ավելացել են:Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Պետերբուրգնում կայացած հանդիպման արդյունքներին նվիրված հեռուստակամուրջի մեկ այլ մասնակից` Ադրբեջանի Դեմոկրատական բարեփոխումների նախագահ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլաձեն այդ հանդիպումը բնորոշեց որպես ճանաչողական բնույթ ունեցող, իսկ բանակցային գործընթացը` իմիտացիա: Սակայն, ըստ նրա, ցանկացած վատ խաղաղություն լավ պատերազմից լավ է, եւ խոսքը պետք է գնա ոչ թե նոր պետության ստեղծման, այլ ինքնակառավարման հնարավորության մասին:Հակադարձելով Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանի այն պնդմանը, թե այս հարցում հնարավոր չէ որեւէ բանի սպասել, քանի դեռ Ղարաբաղը բանակցությունների կողմ չէ, պատմաբան Էլդար Իսմայլովը նշեց, որ կարիք չկա Ղարաբաղը որպես կողմ ընդգրկել գործընթացում, որովհետեւ Հայաստանի կողմից հանդես են գալիս ղարաբաղյան ծագում ունեցող քաղաքական գործիչներ, խոսքը, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին է:Ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցի, ինչու Ղարաբաղը կողմ չէ ինքնավարության բարձրագույն մակարդակին, ինչպիսին ունի Թաթարստանը Ռուսաստանի կազմում, ռուս քաղաքագետ Մարկեդոնովը նշեց, որ դա բոլորովին այլ ձեւաչափ է. Թաթարստանի եւ Ռուսաստանի միջեւ չի եղել եռամյա պատերազմ, ինչպես Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, Թաթարստանը չի հայտարարել Ռուսաստանի կազմից դուրս գալու մասին եւ այլն: Հայ լրագրողի հարցին, թե որքանով է հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը հարցին, քաղաքագետը պատասխանեց, որ պատերազմը միշտ հնարավոր է, եթե տարածաշրջանում լինի լայնամասշտաբ ճգնաժամ: Այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքները լինել կարգավորման հիմք, Ս. Մարկեդոնովը նշեց, որ առաջարկություններում «շատ հում տեղեր կան», կարգավորման հիմք պետք է լինի հասարակությունների փոխզիջման գնալու պահանջարկը:Հայկական եւ ռուսական փորձագետների տեսակետները հաճախ արժանանում էին ադրբեջանական կողմի ընդվզումներին: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ կարգավորման գործընթացի ներկա վիճակի մասին է վկայում, որ նույնիսկ փորձագետները մահակներով են խոսում իրար հետ, մինչդեռ անհրաժեշտ է, որ լինի տեսակետների պայքար, այլ ոչ թե պայքար ըստ ազգային պատկանելիության:

No comments: