Saturday, July 5, 2008

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԷՐ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ

ԲԱՔՈՒ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը թարգմանաբար հրապարակել է Today.Az ադրբեջանական լրատվականի անցկացրած հարցազրույցը Ադրբեջանի «Պահեստազորի սպաներ» հասարակական կազմակերպության նախագահ Յաշար Ջաֆարլիի հետ: Այն ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

- Այս շաբաթ (հարցազրույցն անցկացվել է հունիսի 23-ին,-«Հայերն այսօր») Ադրբեջանում տեղի է ունենալու ազգային զինված ուժերի 90-ամյակին նվիրված զորահանդես: Արդեն հայտարարվել է, որ երկրի պատմության մեջ այս աննախադեպ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու է զինված ուժերի բոլոր տեսակների նորագույն տեխնիկան: Ի՞նչ է դա լինելու` հոբելյանին նվիրված տոնակատարությո՞ւն, թե՞ հզորության ցուցադրում թշնամուն:

- Դա մի քանի նպատակ հետապնդող իրադարձություն է: Բնական է, որ այդ միջոցառման խնդիրներից մեկը ուժի ցուցադրումն է ոչ միայն թշնամուն, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանին եւ աշխարհին: Հակամարտությունն առնչվում է ոչ միայն երկու կողմերին ու տարածաշրջանի երկրներին, այլ նաՅ միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ից մինչՅ ԵԱՀԿ: ՀետՅաբար, երբ երկրի ղեկավարը հայտարարում է Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին` խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման հնարավորությունների սպառման դեպքում, ցանկանում է սրանով ապացուցել, որ այդ խոսքերն անհիմն չեն:

- Զորահանդեսն ունի նաեւ այլ նպատակներ: Ժողովուրդը պահանջում է զինված ուժերի նկատմամբ հանրային վերահսկողություն, կառավարությունից պահանջում է հաշվետու լինել պաշտպանությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման համար: Բնականաբար, կառավարությունը պետք է ներկայացնի այս հարցերի պատասխանները: Բացի այդ, զորահանդեսի անհրաժեշտ պայմաններից է զինված ուժերի անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի պատրաստվածության ապահովումը: Շարքերով եւ զորասյուներով քայլելը պահանջում է հատուկ պատրաստվածություն: Հետեւաբար, սա նշանակում է նաեւ անձնակազմի վերապատրաստում:

Բանակն այդքան լա՞վ է սպառազինված, որ մեծ տպավորություն թողնի աշխարհի եւ հատկապես Հայաստանի վրա:

- Անշուշտ, մենք ունենք ավելի շատ եւ ավելի լավ ռազմական տեխնիկա եւ միջոցներ, քան Հայաստանը: Մեր երկրի տնտեսական ներուժը որոշիչ դեր է խաղում, տնտեսապես մենք անհամեմատ ուժեղ ենք մեր թշնամուց եւ բոլոր ցուցանիշներով ամենահզոր պետությունն ենք մեր տարածաշրջանում: Դա գիտակցում են նաեւ բոլոր միջազգային կազմակերպությունները եւ անգամ մեր թշնամիները:

Զորահանդեսի նախօրյակին «Դեյ.Ազ»-ը հարցում է անցկացնում` «Կարո՞ղ է Ադրբեջանում տեղի ունենալ զորահանդես, քանի դեռ բռնազավթված հողերն ազատագրված չեն»: Ընթերցողներին առաջարկվել է 3 տարբերակ.

1.Այո', քանի որ այն բարձրացնում է բնակչության ռազմական ոգին: 2.Ո'չ, մեր ռազմական ուժը պետք է ի ցույց դրվի ռազմի դաշտում: 3. Ինձ համար միեւնույնն է:

Առաջին երկու պատասխանները ընթերցողների` գրեթե հավասարապես նախընտրելի պատասխաններն են: Իսկ Դուք ինչպե՞ս կպատասխանեք այս հարցին:

- Անշուշտ, ես հակված եմ առաջին տարբերակին: Զորահանդեսն անհրաժեշտ է` թշնամուն մեր ուժը ցուցադրելու համար:

Դուք կարծում եք` ուժի ցուցադրումը կարող է ներգործե՞լ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ադրբեջանա-հայկական բանակցությունների գործընթացի վրա:

- Այո', վստահ եմ, որ կարող է: Ուստի, ես իմ աջակցությունն եմ հայտնում նմանատիպ գործողություններին: Մեր պայմաններում դրանք անհրաժեշտ են:

Ձեր կարծիքով` պե՞տք է այս մասշտաբի զորահանդեսներ պարբերաբար անցկացվեն կամ առնվազն ավելի հաճախ, քան դա արվել է վերջին մի քանի տարիների ընթացքում` հոբելյանից հոբելյան:

- Անշուշտ, դրանք պետք է տեղի ունենան ավելի հաճախ: Ադրբեջանը, բացի այն, որ զարգացման անցումային շրջանում է, նաեւ Հայաստանի հետ պատերազմական դրության մեջ է: Մեր հողերը դեռեւս բռնազավթված են, եւ քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, նման մեծամասշտաբ միջոցառումներ պետք է անցկացնել առնվազն տարին մեկ անգամ, նաեւ` տոների հետ կապված, պետք է զինավարժություններ անցկացնել տարբեր շրջաններում` ներառյալ սահմանային շրջանները:

No comments: