Saturday, July 5, 2008

BBC. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

ԲԱՔՈՒ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաքու կատարած այցի ընթացքում Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը ստորագրել են բարեկամության եւ ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր` Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ադրբեջանական դիրքորոշումն արտացոլող ձեւակերպումներով: Այս մասին գրում է BBC-ն:Փաստաթղթում ընդգծվում է «ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման կարեւորությունը համընդհանուր ճանաչված նորմերի եւ միջազգային իրավունքի սկզբունքների եւ, նախ եւ առաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքների ամբողջականության եւ սահմանների անխախտելիության պահպանման եւ ապահովման հիման վրա»:«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին այդ դիրքորոշման համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:Թեպետեւ Մեդվեդեւի ելույթում կային արտահայտություններ բանակցային գործընթացին աջակցելու եւ փոխադարձ ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության մասին, հռչակագրի առանցքային դարձվածքը, ինչպես BBC-ին տված հարցազրույցում նշել է Բաքվի «Էխո» թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Նաիր Ալիեւը, «Հայաստանին այնքան էլ դուր չի գա»: «Ադրբեջանական կողմի ակնկալիքները մեծապես արդարացան»,- փաստել է Նաիր Ալիեւը:BBC-ն, նշելով, թե ի տարբերություն վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը խուսափում էր որոշակի ձեւով որեւէ մեկի կողմն անցնել, ընդգծում է, որ Հայաստանը Կովկասի երեք պետություններից ամենառուսամետն է:Ռուսական դիրքորոշման փոփոխման պատճառը, հավանաբար, հարկ է փնտրել մեկ այլ հայտարարության մեջ, որ հինգշաբթի հնչել է Բաքվում: Մեդվեդեւին ուղեկցող «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է ռուսական կոնցեռնի կողմից ադրբեջանական գազի գնումների մասին բանակցություններ սկսելու մասին: «Գազպրոմը» պատրաստ է գնել մատակարարումների հնարավոր առավելագույն ծավալ»,- ընդգծել է Միլլերը:Եթե Բաքուն Մոսկվայի հետ երկրաժամկետ պայմանագիր ստորագրի արտահանության համար նախատեսված գազի ողջ ծավալի վաճառքի մասին, եւ նրա օրինակին հետեւեն Կենտրոնական Ասիայի պետությունները, Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա «Նաբուկկո» այլընտրանքային գազատարի շինարարության ծրագրերը գործնականորեն կթաղվեն, պնդում է BBC-ն:Ադրբեջանցի լրագրող Նաիր Ալիեւը չի կասկածում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցությունների ժամանակ դիտարկվել է գազային հարցի համատեքստում:«Դա, հավանաբար, «Գազպրոմի» հետ համագործակցելու Ադրբեջանի համաձայնության գինն է»,- հայտարարել է նա:Փորձագետների մեծ մասը ենթադրում է, որ վաղաժամ է խոսել կովկասյան քաղաքականության մեջ դրամատիկ փոփոխությունների մասին:ՌԴ նախագահի այցի նախօրեին ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ենթադրում էր, որ Մեդվեդեւը բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիեւին կխոստանա Ռուսաստանի չեզոքությունը Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսման դեպքում: Ըստ որում նա խորհուրդ էր տալիս իր նախագահին չվստահել Ռուսաստանին, քանի որ, Գուլուզադեի կարծիքով, Մոսկվան չի կարող թույլ տալ Հայաստանի պարտությունը, որի արդյունքը, հավանաբար, կլինի վարչակարգի փոփոխությունը Երեւանում:

No comments: