Thursday, July 10, 2008

Ընդդիմությունը հանրահավաք անցկացրեց Մատենադարանի մոտ

Հուլիսի 4-ի երեկոյան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը հանրահավաք անցկացրեց Մատենադարանի մոտ: Միջոցառումը արտոնված չէր Երեւանի քաղաքապետարանի կողմից: Հանրահավաքի ավարտին կազմակերպված երթը Երեւանի կենտրոնական փողոցներով ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ ընդդիմադիրները ծրագրում են անցկացնել շուրջօրյա նստացույց: Հանրահավաքը, որի մասնակիցները զբաղեցրել էին Մատենադարանի հարթակից մինչեւ Մաշտոցի պողոտան ընկած տարածքը, վարում էր «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանություններին: Նախօրեին նա ասել էր, թե այսօրվա հանրահավաքում կարող է հայտարարել իշխանությունների հետ երկխոսություն սկսելու մասին` եթե մինչ այդ ազատ արձակվեն հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորվածները: Նրա հայտարարությունից հետո կալանավորվածներից որեւէ մեկը ազատ չի արձակվել: Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը նախատեսում են անցկացնել օգոստոսի 1-ին:

No comments: