Monday, July 28, 2008

ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ

Նրա այցի ստվերում է մնացել
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությանը նվիրված արարողությունը


«ԱԶԳ», 25.07.08: Երեկ Կարսում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական արարողությամբ դրեց Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության թուրքական հատվածի սկիզբը: Արարողությանը մասնակցեցին Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները:
180 կիլոմետրանոց երկաթգծի թուրքական հատվածը՝ 76, վրացականը՝ 29, իսկ ադրբեջանականը՝ 80 կմ է: 450 մլն դոլար արժողությամբ այս նախագիծը ենթադրվում է ավարտել 2010-ին: Երկաթգիծը կունենա տարեկան 1 մլն ուղեւոր եւ 6 մլն 500 հազար տոննա բեռ փոխադրելու տարողություն:
Նախագծի իրականացման դեպքում Բաքվից շարժվող գնացքն անխափան կհասնի Կարս, որտեղից էլ՝ Ստամբուլ: Այլ կերպ, այս նախագծով Բաքուն ու Թբիլիսին կապվում են ոչ միայն Կարսի, այլեւ Ստամբուլի հետ, ինչն առանձնակի կարեւորում է դրա նշանակությունը Վրաստանի եւ Ադրբեջանի համար:
Վերջին շրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ աշխուժացած հայ-թուրքական երկխոսության առումով էլ կարեւոր պետք է համարել նախագահ Գյուլի այցը Անիի ավերակներ, որտեղ նա եղել է նաեւ Անիի մայր տաճարում եւ Ս. Փրկիչ եկեղեցում:
Գյուլը Անիի ավերակներ է այցելել հուլիսի 23-ին, որտեղ թուրք լրագրողը նրան հիշեցրել է, որ ինքը երկրի ավերակներն այցելող առաջին նախագահն է, իսկ նա ասել է, որ Անիի ավերակները այցելուների առջեւ բացվել են 2004-ին, այսինքն, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանության օրոք, եւ միաժամանակ ընդգծել դրանց նշանակությունը նաեւ թուրքերի պատմության համար: Նա, ինչպես հուլիսի 24-ի համարում նշել է «Զամանը», ուղեկիցներից մեկի վկայությամբ, այցելելով Անիի ավերակներ, դրական ազդանշան է հաղորդել եւ անուղղակի ընդգծել է. «Անիի ավերակները համաշխարհային մշակութային ժառանգության մաս են կազմում, իսկ մենք տեր ենք կանգնում դրանց»:
Վերադառնալով Անիից Կարս, Թուրքիայի նախագահը քաղաքապետարանում հանդիպել է լրագրողներին եւ պատասխանել «Լոս Անջելեսում հրատարակվող հայկական շաբաթաթերթի» երեւանյան ներկայացուցչի (խոսքը վերաբերում է Նյու Յորքում հրատարակվող «Արմինյըն Ռիփորթըր» թերթի թղթակից Թաթուլ Հակոբյանին, որի թղթակցությունը կտպագրվի նաեւ մեր թերթի վաղվա համարում)՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հրավերին առնչվող հարցին: Աբդուլլահ Գյուլը, «Հյուրիեթի» տվյալներով, ասել է. «Հրավերի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահին: Դեռեւս որոշում ենք: Մեր քաղաքականությունը միանգամայն ակնհայտ է: Ուզում ենք բարիդրացիական հարաբերություններ մեր հարեւանների հետ: Ունենք որոշ խնդիրներ: Դրանք, ինչ խոսք, պետք է հաղթահարվեն: Ցանկանում ենք կայունություն, վստահություն եւ խաղաղություն այն տարածաշրջանում, որի մաս է կազմում Թուրքիան: Եթե տարածաշրջանի երկրներն օգնեն խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, ապա մենք դեմ չենք լինի: Մյուս երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում մենք տարածաշրջանի բոլոր երկրներին կհրավիրենք մասնակցելու այս կարգի (Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի) նախագծերին»:

No comments: