Հուլիսի 31-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/, Մեթյու Բրայզայի /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովի /Ռուսաստան/ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այսօր կայացել է Է. Նալբանդյանի` մեկ ժամից ավելի տեւողությամբ առանձնազրույցը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը` Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Հանդիպումների ընթացքում քննարկումները ծավալվել են` համաձայն Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից արտգործնախարարներին տրված հանձնարարականի` շարունակելու բանակցությունները 2007թ. նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա` փորձելով մոտեցնել կողմերի դիրքորոշումները դեռեւս չհամաձայնեցված հարցերի շուրջ:
Հանդիպման ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին` երկու նախարարներն այն գնահատել են գործնական ու կառուցողական եւ հայտնել բանակցությունները շարունակելու մտադրության եւ, հնարավորության դեպքում, սեպտեմբերի վերջին, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում, վերստին հանդիպելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության մասին: Նույն օրը ՌԴ ԱԳ առաջին փոխնախարար Անդրեյ Դենիսովի կողմից ճաշ է տրվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների պատվին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment