Thursday, September 4, 2008

«1 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆԻ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԳԻՆԸ 1000 ԴՐԱՄ Է»

A1+ - 25 Օգոստոսի, 2008 Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Վրաց- հարավօսեթական կարճատեւ ռազմական հակամարտությունը հերթական անգամ ի ցույց դրեց ապօրինի վարչախմբի որակները՝ անգործությունը, անճարակությունն ու անտարբերությունը երկրի ու ժողովրդի նկատմամբ: Հակամարտության սկզբից քսան օր անց էլ դրա հետեւանքները շարունակում են ծանր ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռները, գրեթե ամբողջությամբ, դեռեւս գտնվում են ճանապարհին եւ որեւէ երաշխիք՝ դրանց տեղ հասնելու ժամկետների վերաբերյալ գոյություն չունի: Այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ երկրի դե-ֆակտո նախագահն այդ ընթացքում, փոխանակ երկրում գտնվելու, ամբողջ տաս օր իր հանգիստն էր անցկացնում Չինաստանում: Վարչախումբն, այսօր էլ շարունակում է իր անգործությունը, դեռ ավելին, խաբելով սեփական ժողովրդին, շարունակում է հայտարարել, որ բեռների տեղափոխման հետ կապված Հայաստանը որեւէ խնդիր չունի: Մինչդեռ, հանրապետությունում վերջին օրերին առկա է տնտեսական լուրջ ճգնաժամ: Ռազմավարական նշանակության ապրանք համարվող հեղուկ վառելիքի պաշարները հանրապետությունում գրեթե սպառված են, բենզալցակայանների մի մասը չի աշխատում, որոշները բենզինը վաճառում են խիստ սահմանափակ չափերով: Հանրապետությունում 1 լիտր բենզինի ստվերային գինը արդեն հասնում է 1000 դրամի: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. Հանրապետության կառավարությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել ճգնաժամային կառավարում, մինչդեռ անգամ Ղարաբաղյան պատերազմի եւ շրջափակման ծանր տարիներին պետությունը կարողանում էր կարգավորել նմանօրինակ վիճակները: - Ճգնաժամը նաեւ անխուսափելի հետեւանքն է այն թեթեւամիտ որոշման, որով ժամանակին, երբ տարիներ շարունակ անխափան գործում էր Հայաստանը սնող կոմունիկացիոն համակարգը, վերացվեցին պետական ռեզերվները: Այսօր ըստ էության Հայաստանում գոյություն չունեն նման ճգնաժամերից խուսափելու համար անհրաժեշտ պահուստային ֆոնդեր: Կառավարության կողմից նախօրոք մշակված եւ Իրանի Իսլամական հանրապետության հետ մշակված չեն նման դեպքերում նրա տարածքով վառելիքի անհրաժեշտ ծավալների ներկրման սխեմաներ: Մշակված չեն նաեւ առաջին անհրաժեշտության նման ապրանքների ներկրման այլընտրանքային այլ սխեմաներ: - Ոլորտի ծայրահեղ մոնոպոլիզացիան իր հերթին էլ ավելի է խորացնում ճգնաժամի սրությունը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է անհապաղ իրականացնել հետեւյալ միջոցառումները. Վերացնել հեղուկ վառելիքի ներկրման մենաշնորհը եւ հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին զբաղվել այդ գործով. ստեղծել մեխանիզմներ, որոնք կկանխեն հեղուկ վառելիքի սակավության պայմաններում ապօրինի գնով դրա վաճառքը եւ գերշահույթների ստացումը, իսկ մինչեւ ճգնաժամի հաղթահարումը մտցնել բենզինի վաճառքի նորմավորում. - հանձնարարել պատկան մարմիններին՝ ճգնաժամի ավարտից հետո ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների առնվազն մի քանի ամսվա համար անհրաժեշտ պահուստներ` ապագայում հնարավոր ճգնաժամերից խուսափելու համար: Վերոնշյալ բոլոր պահանջներն անհապաղ չկատարելու դեպքում` երկրում խորացող տնտեսական ճգնաժամի ու դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունը կընկնի անմեղսունակ իշխանությունների վրա` փաստելով, որ վերջիններիս համար սեփական շահը գերակա է հայ ժողովրդի անվտանգության եւ բարեկեցության ապահովումից:

No comments: