Thursday, September 4, 2008

Նոր ռազմավարական մարտահրավերներ. Չեյնին կայցելի Ուկրաինա, Ադրբեջան եւ Վրաստան

Tert.am- 09:48 գ 29.08.08 ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, Ուկրաինա եւ Ադրբեջան: Այս լուրը ստիպեց առաջատար միջազգային լրատվամիջոցներին մի շարք վերլուծական հոդվածներ հեղինակել, որոնց հիմնական նպատակն է ապացուցել, որ ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով: Մասնավորապես, AFP հեղինակավոր գործակալության մասնագետները համոզմունք են հայտնել, որ Միացյալ Նահանգներն անհանգստացած են, որ Վրաստանի հակամարտությունից հետո իրենց ռազմավարական հետաքրքրություններին Ուկրաինայում եւ Ադրբեջանում, հատկապես, նավթային ոլորտում, կարող է լուրջ հարված հասցվել: Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, Չեյնին տարածաշրջան է մեկնում` ԱՄՆ եւ այս երկրի հիմնական գործընկերների ընդհանուր շահերը քննարկելու նպատակով: Սպիտակ տունը չի նշում, թե որոնք են այդ շահերը կամ հետաքրքրությունները, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ ԱՄՆ լրջորեն անհանգստացած է նախկին ԽՍՀՄ տարածքում իր դիրքերի որոշակի թուլացման պատճառով: ԱՄՆ-ին հատկապես անհանգստացնում է ադրբեջանական նավթի տեղափոխման խնդիրը: «Նախկինում նրանք մտածում էին, որ Վրաստանով անցնող ճանապարհը համեմատաբար անվտանգ է, սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ, քանի որ տարածաշրջանում մի շարք հակամարտություններ են ծավալվել», - նշել է Միջազգային եւ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Էդվարդ Չոուն: ԱՄՆ-ը լուրջ անհանգստանալու խնդիր ունի նաեւ այն պատճառով, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը նաեւ վտանգվում է քուրդ անջատողականների ահաբեկչական գործողությունների պատճառով: ԱՄՆ-ը խնդիր է տեսնում նաեւ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում, այդ իսկ պատճառով Չեյնի այցը մեծ կարեւորություն է ստանում:

No comments: