
Հայաստանի նոր ատոմակայանի կառուցումը կարող է արժենալ մոտ 4 միլիարդ դոլար, սեպտեմբերի 11-ին լրագրողներին ասել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ-ն: Հայաստանը ծրագրում է նոր ատոմային բլոկ կառուցել 1000 մեգավատ հզորությամբ:
Այդ խնդրի լուծման համար արտասահմանյան ներդրում ներգրավելու նպատակով Հայաստանի խորհրդարանը 2006 թվականին վերացրեց ատոմային էներգետիկայի պետական մենաշնորհը:
Նախարար Մովսիսյանի խոսքով, 4 միլիարդ դոլար մոտավոր արժեքը պայմանավորված է միջազգային շուկայում էներգետիկ սարքավորումների եւ մետաղական ձուլվածքների գների բարձրացմամբ: Ավելի վաղ նշվում էր, որ նոր ատոմակայանի կառուցումը կարող է արժենալ մոտ 2 միլիարդ դոլար:
Նախարար Մովսիսյանն ասել է, թե նոր ատոմային էներգաբլոկի շինարարության աշխատանքը արդեն սկսվել է: Նոր բլոկը կգործի հին, այսինքն ներկայիս ատոմակայանի տարածքում, որպեսզի օգտագործվեն արդեն առկա ենթակառուցվածքները եւ փողը խնայվի: Հին ատոմակայանը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չի շահագործվի նորը, ասել է նախարարը, ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ն դրական է գնահատում զարգացման այդ հեռանկարը:
No comments:
Post a Comment