Thursday, September 4, 2008

ՓԱՌԱՏՈՆԸ ԶԵՐԾ ՉԷՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը, որին մասնակցում էին 16 երկրներից 1000 մասնակից՝ 39 խմբեր (պարախմբեր, երգչախմբեր ու թատերախմբեր) եւ 61 անհատներ, ավարտվեց: Փառատոնի ավարտին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատվիրակության ղեկավարներին ընդունեց ու շնորհակալական խոսք հղեց ազգային մշակույթն օտար հողում պահել-պահպանելու համար: Նախարարը նշեց, որ մամուլի արձագանքից տեղյակ է ողջ փառատոնի ընթացքին. «Իհարկե, չեմ բացառում, որ եղել են որոշակի խնդիրներ ու ցանկանում ենք դրանց մասին տեղեկանալ առաջիկայում շտկելու համար»: Վրաստանից «Ջավախք» երգի պարի համույթի գեղարվեստական ղեկավար Ալիկ Քսպոյանը նախարարին տեղեկացրեց, որ Ջավախքում մշակույթն անտեր վիճակում է եւ հովանավորության կարիք ունի: ՌԴ «Հայորդիք» երգի պարի համույթի տնօրեն Սամվել Հարոյանն առաջարկեց, որ դրսի խմբերի ղեկավարները գոնե տարին մեկ անգամ վերապատրաստվեն հայրենիքում: Եղան շատ քննադատություններ ու առաջարկներ եւ դրանք ներկայացնում ենք մեր ընթերցողներին՝ զրուցակիցների խնդրանքով առանց անուններ նշելու: Գրեթե բոլորը գոհ էին փառատոնն անցկացնելու գաղափարից ու տպավորված մարզերի ընդունելությունից: Բոլորը նեղացած էին, որ փառատոնի բացմանն ու փակմանը ո՛չ երկրի նախագահը եւ ո՛չ էլ վարչապետը պատիվ չէին համարել ներկա գտնվել ու անգամ չընթերցվեց նախագահի ուղերձը: Այնուհետեւ, նշում էին, որ 1000 կմ կտրել-եկել էին ու մեկ-երկու համարով հանդես գալու հնարավորություն էր տրվել նրանց: Առաջարկում էին. «Փառատոնի ժամկետը երկարացնել ու ոչ թե 1000 մարդ հրավիրել (մոտ 40 խմբեր), այլ ավելի քիչ, ու մեկ համերգ կազմակերպել 2-3 խմբերի մասնակցությամբ, որ գոնե տպավորություն կազմվեր տվյալ խմբի մասին»: Առաջարկում էին հատուկ մեթոդական ձեռնարկներ տրամադրել դրսի խմբերին: Իսկ վարպետության դասերը գտնում էին հաջողված, բայց դժգոհում էին, որ անկազմակերպ էր՝ ոչ հստակ տեղի ու ժամի մասին գիտեինք, ոչ էլ փառատոնի բուկլետում ու ծրագրում գրած օրերն էին համապատասխանում ընթացքին: Հաճախ 1,5-2 ժամ արեւի տակ սպասում էինք մինչեւ կազմակերպիչները մի մեքենա գտնեին ու մեզ տեղափոխեին: Զուտ ժամանակի կորուստ էր, որն անկազմակերպության արդյունք էր: 1000 մասնակցի համար համազգեստ կարելու փոխարեն, որն այդ մեկ շաբաթում միայն մի քանի խումբ էր կրում, իսկ մյուսները «զատկի ձվի» գույներով (Վրաստանից, Իրանից, ՌԴ-ից, Ուկրաինայից) մայկաներ էին կրում: Մի՞թե հնարավոր չէր պետության փողերը քամուն չտալ ու սահմանափակվել կրծքանշաններով միայն, փոխարենը դրսից մեկ կամ երկու այնպիսի խմբեր հրավիրել, որոնք ֆինանսների պատճառով չկարողացան մասնակցել», ասում էին պատվիրակությունների անդամները: Երգիչ Սեդրակ Պապիկյանը (ՌԴ) վրդովված էր. «Մոսկվայից գեղեցիկ տարազով, նոր երգացանկով, մեծ սպասումով եկել եմ ու ընդամենը մեկ անգամ, մեկ երգ կատարելու հնարավորություն էր տվել փառատոնի գեղղեկ Արմեն Մանուկյանը, այն էլ՝ «խառը կանաչի» հիշեցնող դասական համերգին: Ինչ պիտի պատմեմ իմ հովանավորներին՝ Ռուսաստանի հայերի միությանը: Առաջարկում եմ, որ ամեն երկրում գործի մի մարմին, որն էլ նախապես ընտրի արժանի թեկնածուին հաջորդ փառատոնին մասնակցելու համար: Երեւանում էլ պետք է լինի գոնե 4-5 հոգանոց մասնագիտական գեղխորհուրդ, այլ ոչ թե մեկ անձ կամովի, իր քիմքին հաճո, որոշի, թե ով որտեղ եւ քանի անգամ պիտի ելույթ ունենա: Իսկ ամենաշատը վիրավորված եմ Ա. Խաչատրյանի համերգասրահում կայացած կիսադատարկ դահլիճի առջեւ ելույթ ունենալուց, որտեղ ոչ մի ԶԼՄ-ի ներկայացուցիչ չկար, ու մենք մեզ արհամարհված զգացինք»: Եղան դժգոհություններ օդի տուրքի, փաստաթղթերի ոչ ճիշտ տրամադրելու վերաբերյալ: «Եթե խմբի անդամները տարբեր օրերի էին մեկնում (մինչեւ օգոստոսի 28-ը), ապա ամբողջ խմբի համար տուրքից ազատվելու փաստաթուղթը տրված էր մեկ հատ եւ առաջին գնացողը միայն օգտվեց ՀՀ կառավարության ընձեռած հնարավորությունից: Դժգոհում էին, որ էքսկուրսիաների ցանկը չէր համապատասխանեցրած ելույթների ծրագրի հետ: Ծրագիրը միայն վերջին օրը տրամադրելը ծիծաղելի էր»: Ջավախքից մեկ այլ խումբ դժգոհում էր այն գիշերօթիկ դպրոցի պայմաններից, որտեղ իրենց տեղաբաշխել էին ու առաջարկում էին, որ լինի մի հանձնախումբ, որը նախապես ստուգի, թե որտեղ են իջեւանելու փառատոնի հրավիրյալները: Եղավ հաջորդ փառատոնին ավելի լավ պատրաստվելու խոստում: Azg290808 ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

No comments: