Thursday, September 4, 2008

Լեւոն Մելիք-Շահնազարյան. - «Հայաստանը պետք է ճանաչի եւ Հարավային Օսիան, եւ Աբխազիան»

Հայաստանցի քաղաքագետ Լեւոն Մելիք-Շանհազարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է ճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: «Մենք` հայերս, հաճախ մեղադրում ենք ուրիշ երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետը: - «Ճիշտ կլինի, որ հիմա Հայաստանը այդ երկակի ստանդարձը չդրսեւորի Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ»: «Այդ ժողովուրդները իսկապես իրավունք ունեն ինքնորոշվելու, իրավունք ունեն անկախ ապրելու: Դա նրանց բնական իրավունքն է», - շարունակեց Մելք-Շահնազարյանը: - «Եվ եթե մենք չենք ուզում, որ Արցախի վերաբերյալ շարունակվի այդ երկակի ստանդարտների դրսեւորումը ուրիշ պետությունների կողմից, մենք պետք է բարոյական իրավունքն ունենանք դա պահանջելու: Ես համոզված ասում եմ, որ Հայաստանը պետք է ճանաչի եւ Հարավային Օսիան, եւ Աբխազիան»: Նրա կարծիքով, լավ կլիներ, որ Հայաստանը «նույն առաջարկը աներ Ռուսաստանին` ճանաչել Արցախի անկախությունը»: «Բայց այսօր Հայաստանը պարտավոր է եւ դրված է այդ անհրաժեշտության առջեւ` միջպետական պայմանագիր կնքել Արցախի հետ, եւ նույն կոչով դիմել աշխարհին` ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախ սուվերենությունը: Եվ շատ կարճ ժամանակում նաեւ ճանաչի ինքը` Հայաստանը, Արցախի անկախությունը: Եվ Արցախը ճանաչելու առաջարկով դիմել նաեւ Ռուսաստանին եւ այն երկրներին, որոնք, համոզված եմ, մոտ ժամանակներս ճանաչելու են Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի անկախությունը»:

No comments: