Thursday, September 4, 2008

Դմիտրի Մեդվեդեւ. «Յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի»

ՍՈՉԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը «ոչ թե մարտահրավեր է, այլ մեր իմաստավորված դիրքորոշումը, մենք հարկադրված էինք այդ որոշումն ընդունել մի ամբողջ շարք հանգամանքների ազդեցության ներքո»: CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պետության ղեկավարը պարզաբանել է, որ «17 տարվա ընթացքում Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ օգնել Վրաստանի տարածքային միասնության վերականգնմանը», նույնիսկ «Կոսովոն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելուց հետո մենք համապատասխան հայտարարություններ չարեցինք Հարավային Օսիայի վերաբերյալ»: Սակայն, «մենք հարկադրված էինք նրանց անկախությունը ճանաչել այն բանից հետո, երբ դարձյալ արյուն հեղվեց»: ՌԴ-ի նախագահն ասել է, որ դա առաջին պատճառն է, կա երկրորդ պատճառը` «յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի. դա բխում է ՄԱԿ-ի Կանոնադրությունից, միջազգային իրավունքի վերաբերյալ համապատասխան կոնվենցիաներից, Հելսինկյան եզրափակիչ ակտից»: «Մեր գործընկերները քանիցս ասում էին, որ Կոսովոն յուրահատուկ դեպք է»,- ասել է Մեդվեդեւը, ընդգծելով, որ «եւ Օսիան, եւ Աբխազիան նույնպես յուրահատուկ դեպք են, եւ այս իրավիճակում մենք որոշում ընդունեցինք ճանաչել նրանց անկախությունը»:

No comments: