Monday, December 29, 2008

Խիզախություն թե՞…

Պատգամավորական ժողովի ընտրությունները եւ մենք Ցանկացած մրցակցության մեջ, մրցակից կողմերի պատրաստվածությունից, փորձից ու ճանաչված լինելուց, կամ ինչպես ասում են ռեյթինգից, բացի կարեւոր է նաեւ մրցակցության կազմակերպողների ու իրավարարների ազնվությունը եւ արդարությունը, առանց որի ամենալավագույն դեպքում էլ արդյունքը կարող է կասկածի տակ առնվել: Ի՞նչ պայմաններում մենք մտանք մրցադաշտ: - Մեր թեկնածուներից՝ Մովսես Քեշիշյանի անպարտության վկայականը ստացանք ընտրություններից ճիշտ մեկ օր հետո, ինչի հետեւանքով, ինքնաբերաբար, նախքան ընտրությունները ընտրացուցակից հանվեց նրա անունը: Այդ խնդիրը մեր քարոզչական աշխատանքների մեջ ուշացում առաջացրեց եւ որոշ չափով նաեւ բացասական ազդեցություն թողեց խմբի վրա: - «Թունյան» տարրական դպրոցի Ծնողական խորհուրդը, չարաշահելով իր հանգամանքը, աշակերտության ծնողներին հորդորեց Սասունի փոխարեն Զեյթուն քաղաքամասում քվեարկել որովհետեւ՝ «դպրոցի համար շատ լավ կլինի, որ մեր փոխտեսուչը ընտրվի», արդյունքում Զեյթուն քաղաքամասի ամենաանհայտ դեմքը՝ փոխտեսչուհին հավաքեց ամենաբարձր քվեն: Հիշեցնենք, որ «Թունյան» դպրոցի տարրական բաժինը ավելի քան 400 աշակերտ ունի: - Անցյալ շրջանում, 2004թ., Սասուն քաղաքամասում քվեարկությանը մասնակցել էին 2300 հոգի, այս շրջանում՝ 1300: Իսկ Զեյթուն քաղաքամասում համեմատությունը եղել է` 2004-ին՝ 1300, 2008-ին՝ 2300: - Կենտրոն ընտրատարածքում մեր կողմից փակցված ընտրական որմազդերը լրիվորեն ծածկվեցին «ընդդիմադիր» կողմի որմազդերով, այս «հեղափոխական» գործի հեղինակների ժամադրավայրը Ս. Սարգիս եկեղեցին էր: - Նույն այն «ֆիդայիները», որոնք իրենց քունը փչացրած, պատռում կամ իրենց որմազդերով ծածկում էին մեր որմազդերը, նոյեմբերի 19-ի առավոտյան ժամը 4-ին, Զեյթուն քաղաքամասում, պատրաստվում էին որմազդերի փոխարեն այս անգամ «հակառակորդին» պատռել: Ի միջի այլոց, նույն այդ մարդիկ աշխույժ ներկայություն ունեին բոլոր ըտրատեղիներում եւ որոշ տեղերում նույնիսկ իրենք էին հսկում ընտրությունների «արդար» կայացմանը: - Բոլոր ընտրատեղիներում, որպես կուսակցական պարտականություն, 70-ն անց կամ մանկահասկ անդամների միջոցով, բաժանվում էր կուսակցական ցանկերի անունները, ինչն արգելվում էր օրենքով: - Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու եւ Սարդարապատ ընտրատարածքների համար պիտի ընտրվեին երեքական պատգամավորներ, իսկ թեկնածուների թվաքանակն էլ այդ տեղերում հենց երեք էր, այսինքն դեռ նախքան ընտրություն ընտրված էին: - Զավեշտականն այս բոլորից հետո այն էր, որ ընտրությունների կազմակերպողը Զեյթուն քաղաքամասի ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնախմբում, ենթահանձնախմբում ու նաեւ ընտրատեղիներում ազդեցիկ դեր չունեցող կողմին մեղադրում էր ըտրակեղծիքի մեջ: Եզրակացնենք. Քանի դեռ ընտրությունների կազմակերպման եւ հսկման գործը լրիվորեն եւ անարդար կերպով մրցակից կողմերից մեկի ձեռքում է, ընտրություններին մասնակցելը, ոչ թե խիզախություն է, այլ պատրանք: Ուստի, այսուհետեւ միայն այն դեպքում ենք մասնակցելու խորհրդարանական ու պատգամավորական ընտրություններին, որ Կենտրոնական հանձնախմբում, ենթահանձնախմբերում ու ընտրատեղիներում հարգվի մեր, ավելի ճիշտն ասած՝ ժողովրդի արդար ընտրության իրավունքը: Եվ միայն այդ դեպքում է կարելի շնորհավորել նաեւ ընդդիմադիր կողմի հաղթանակը:

No comments: