Monday, December 29, 2008

Արվեստ թե՞ փողոցային խոսակցություն

«31 + 1 լցրած ատամ»-ը կրկին բեմ բաձրացավ եւ նոր դժգոհություններ ստեղծեց Մարդիկ դուրս են գալիս «Արարատ» մարզավանից ու դժգոհում: Ինչեր ասես, որ չեն լսել այսգիշեր՝ սեռային ցանկություններից մինչեւ ներքնազգեստների գույնի ու ձեւի մասին: Եվ այդ ամենը երգիծականի անվան տակ: Հարցը նրանում է, թե «31+1»-ը երգիծական ու կոմիկական արվեստի, ո՞ր սկզբունքի եւ օրենքի վրա հենվելով է նման բառեր շպրտում հանդիսատեսի երեսին: Մեր կարծիքով այստեղ, ամենից առաջ, անարգվում, հարցականի տակ է դրվում հանդիսատեսի գիտակցությունը: Երբ իրական կատակերգությունը բացակայում է բեմերից, ինչեր ասես, որ արվեստի անվան տակ չեն կապի հասարակության գլխին: Կարծես Հ1-ի ցուցադրած լատինամերիկյան անբարոյական կինոշարերից հետո, այսօր հերթն հասել է մեր միութենական բեմերին, որ ծաղր ու ծանակի առնեն մարդկային, ազգային ու հասարակական արժեքները: Ցավալի է նաեւ, որ դերասաններից երկուսը ուսուցիչ են: Երգիծական այսինքն ի՞նչ, ո՞րն է կոմիկականը: «Գեղարվեստական այն ստեղծագործությունները, որոնց մեջ ծաղրվում են հասարակական կյանքի արատներն ու մարդկանց թերությունները, կոչվում են երգիծական: Երգիծական ստեղծագործության հիմքում դրվում են կյանքի կոմիկական կողմերը, այսինքն՝ այնպիսի երեւույթներ, որոնց բացասական էությունը ծածկված է խաբուսիկ արտաքինով: Բացահայտելով բովանդակության ու ձեւի այդ հակասությունը, գրողը հասնում է երգիծական տպավորության»: (1) Եվ այս ամենը նրա համար, որ «Կյանքում եւ արվեստում ծիծաղը հզոր զենք է պսակազերծ անելու, վերացնելու այն ամենը, ինչ արատավոր է, հետադեմ, ինչ խանգարում է հասարակության առաջըթացին: Այլանդակությունների մերկացմանը երգիծական գրողը մոտենում է կյանքի եւ մարդու մասին իր ունեցած բարձր պատկերացման դիրքերից: Բացասման ճանապարհով նա հաստատում է իր դրական իդեալը»: (2) Ուրեմն պիտի եզրակացնել, որ իսկական արվեստի համար երգիծանքի, նամանավանդ բեմային երգիծանքի, բուն միտումն ու նպատակը հասարակական արատների վերացումն է եւ ոչ թե փողոցային բառապաշարով, երգիծական բեմադրությունների ծարավ, ժողովրդին ծիծաղեցնելը: Մենք այստեղ միտք չունենք արծարծելու այն հարցը թե «31+1 լցրած ատամ»-ը իր նեկայացումներով, անցյալ տարի եւ այսօր, փորձեց ու փորձում է արվեստը փչացնել, նրան ծառայեցնելով կուսակցությանը, այդուամենայնիվ, պարտավոր ենք մեր առաքելությունից ելնելով արձանագրել, որ դժբախտաբար այստեղ արվեստը զոհ է գնում քաղաքական հաշվարկների: Թվում է խմբի հայտնի «լցրած ատամ»-ը, լցնելուց առաջ, լավ չի նեխվել, ինչը կարող է ապագայում գլխացավանք ստեղծել նրա համար: Հուսանք հնարավորինս շուտ այդ փոքր թվացող մեծ սխալից կազատվի խումբը եւ այսուհետ բեմ կբարձրանա ավելի հանձնառու: Նախորդ բեմադրության ժամանակ, ինչպես խոստովանում է խմբի պատասխանատուներից Սեդրակ Գոջամանյանը, պարախմբերին ծաղրի առնելու հարցը մեծ դժգոհություն էր ստեղծել, որի հետեւանքով ինքը պարտավորվել է ներողություն խնդրել ու կրկին անգամ նաեւ «Ալիք» օրաթերթին տված ասուլիսում ներողություն խնդրեց այդ կապակցությամբ, բայցեւ այդուհանդերձ, կարծես արհամարհելով մարդկանց գիտակցությունը, շեշտում է, որ նրանք (ովքեր իրենց անհարգված են զգում - Ա.) «չարաչար սխալվում են»: Գոջամանյանն ասում է. «մենք՝ խմբի անդամներս, ոչ մեկի հետ ոչ թշնամություն ունենք եւ ոչ միտումնավոր որեւէ բան կա», մոռանալով, որ կուսակցականացված արվեստը չի կարող «թշնամություն» չունենալ: Իհարկե, հարցը լրիվ այլ կլիներ, եթե խումբը խնդիրներին մոտենար քաղաքական գիտակցությամբ: Ըստ խմբի գեղարվեստականի պատասխանատուի՝ «31-ում ներկայացվող դերասանները ոչ միայն դերասան են, այլեւ շատ սուր ականջ ու զննող աչք ունեն, ինչո՞ւ, որովհետեւ նրանք նմանակում են եւ այստեղ միայն դերասանական ձիրք ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է ուշիմ եւ արթուն միտք, որը անընդհատ կզննի իրեն շրջապատող միջավայրը, հասարակության նիստուկացը, քանի որ ներկա հասարակությունում գոյություն ունեցող հոռի երեւույթներն են, որ վեր են հանում այս նախագծի միջոցով եւ, ուրեմն, միաժամանակ պատասխանատվության գործոնն է ավելի մեծանում»: Իսկապես գեղեցիկ ցանկություն է: Մենք եւս կցանկանայինք, որ «31+1»-ը հասներ դրան, կամ գոնե քայլեր այդ ուղղությամբ: Հուսանք եւ սպասենք, քանի որ երբեք չենք ուզում խմբին նայել «ոչինչից ավելի լավ է» հայեցողությամբ:

No comments: