Saturday, December 20, 2008

Թուրքական բանակն անթույլատրելի է համարում ներողություն խնդրել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համար

HayInfo. 19.12.2008- Թուրքական բանակի ներկայացուցիչները բացասական վերաբերմունք են արտահայտել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու՝ երկրում ծավալված արշավի հանդեպ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ «Մենք ներողություն խնդրելը ճիշտ չենք համարում։ Հայերի առաջ հրապարակավ ներողություն խնդրելու արշավը սխալ է և հղի հետևանքներով, որոնք կարող են վնաս հասցնել Թուրքիային»,- ուրբաթ Անկարայում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Մեթին Բուրակը։ Երկուշաբթի Թուրքիայի մտավորականության շուրջ 200 ներկայացուցիչներ իրենց կայքում հրապարակել են համատեղ մի հայտարարություն, որում կոչ են արել վերացնել բազմամյա անարդարությունը՝ կապված պաշտոնական Անկարայի հետ, որը հրաժարվում է ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում (որի իրավահաջորդը ժամանակակից Թուրքիան է) տեղի ունեցած ողբերգական դեպքերը, որոնց ժամանակ սպանվել է շուրջ 1,5 միլիոն հայ: «Իմ խիղճն ինձ թույլ չի տալիս անտարբեր մնալ մեծ ողբերգության նկատմամբ, որ տեղի է ունեցել օսմանյան հայերի հետ 1915թ.-ին։ Ես չեմ ընդունում այդ անարդարությունը, կիսում եմ իմ հայ եղբայրների ցավը, ինչպես նաև ներողություն եմ հայցում նրանցից»,- ասվում է հայտարարությունում։ Դրա հեղինակները խուսափում են տեքստում օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ անվանելով գրեթե 100-ամյա վաղեմություն ունեցող իրադարձությունները «մեծ ողբերգություն»։ Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հայտարարել է գրեթե 100-ամյա վաղեմության իրադարձությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու անթույլատրելիության մասին։ «Ներողություն պետք է խնդրի նա, ով հանցանք է գործել։ Բայց ոչ իմ երկիրը, ոչ իմ ժողովուրդը նման բան չեն արել։ Ես չգիտեմ, թե ինչի վրա են հիմնվում այս արշավը սկսած գրողները։ Ես սկզբից ևեթ չեն խրախուսել այդ նախաձեռնությունը և այն սխալ եմ համարում»,- երեկ լրագրողներին ասել է Էրդողանը։ Մտավորականների այդ նախաձեռնությունը քննադատության են ենթարկել նաև Թուրքիայի ազգայնական շրջանակների ներկայացուցիչները և շուրջ 60 նախկին դեսպաններից կազմված խումբը, որոնք հանդես են եկել համատեղ բողոքով։ Նախկին դիվանագետները, ինչպես նաև զինվորականները, հայտարարել են, որ «սկսված արշավը հղի է ազգային շահերի համար բացասական հետևանքներով»։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այս բանավեճում չեզոք դիրք է զբաղեցրել՝ նշելով, որ «խնդրի ակտիվ քննարկումն ակադեմիական ու հասարակական շրջաններում երկրում ազատ և ժողովրդավարական մթնոլորտի դրսևորում է»։ Թուրքական առաջնորդի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «նա ցավում է, որ քննարկվող խնդիրը խեղաթյուրվում է՝ նեղ շահադիտական քաղաքական շահերում»։ Այս նախաձեռնության շուրջ բանավեճը սկսվել է վերջերս Թուրքիայի և Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացման ֆոնի ներքո։

No comments: