Thursday, December 11, 2008

ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽԱՂԻՆ ԹՈՒՐՔ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ՈՐՈՇՎԱԾ ԷՐ

«Ազգ». 10-12-2008- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված թուրքական իշխանությունների քայլերն ընդամենը «ազգ սարքելու ջանքեր են»: Բնորոշումը Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագրինն է: Բագրատ Էստուկյանը Հայաստանում է: Այցի նպատակը մշակութային միջոցառումներին մասնակցելն է: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում գլխավոր թեման, սակայն հայ թուրքական հարաբերություններն էին: «Թուրքիայում ապրող ազգերն այժմ սեփական ակունքների որոնման մեջ են: Հայեր եւ հույներ Թուրքիայում քիչ են ապրում, այդ զարթոնքն առավելապես ակնհայտ է քրդերի մեջ: Վստահաբար կարող եմ նշել, որ Թուրքիայում ապրող բնակչության 40 տոկոսից էլ փոքր թիվ են կազմում ազգությամբ թուրքերը», ասաց Բագրատ Էստուկյանը: Նա վստահեցրեց, որ Թուրքիայի ներկա կառավարությունը հասկացել է հայ-թուրքական սահմանների փակ լինելու հանգամանքի անօգտակարությունը: Սահմանների փակման տնտեսական դրդապատճառն իրեն չի արդարացրել, խնդիրն այստեղ զուտ քաղաքական հիմնավորում ունի: «Սահմանները փակ են, սակայն կազմակերպվում են կանոնավոր թռիչքներ: Երկու երկրների միջեւ առեւտուրը շարունակվում է: Ակնհայտ է, որ սահմանները շարունակում են փակ մնալ Ադրբեջանին սատարելու նպատակով», նշեց Բագրատ Էստուկյանը: Ֆուտբոլային դիվանագիտության հերթական քայլին Թուրքիայում հետաքրքրությամբ են սպասում: Խաղն իրականում սպասումներ չի առաջացնում: «Պարզ է, որ Թուրքիայի հավաքականն ավելի ուժեղ է, քան հայկականը: Հետաքրքրությունը զուտ քաղաքական է: Խաղը դիտելու համար Հայաստան էին եկել ոչ թե Թուրքիայի հավաքականի երկրպագուները, այլ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են հայ-թուրքական հարաբերություններով: Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիան որոշել էր մեծ թվով երկրպագուներ չուղարկել Հայաստան: Նրանք մտավախություն ունեին, որ մեծաքանակ երկրպագուների այցը Հայաստան կարող էր անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել», նկատեց Բագրատ Էստուկյանը: «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիրը կարծում է, որ հնարավոր է առաջիկա տասը տարիների ընթացքում Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: «Հարցը դարձել է Թուրքիայի արժանապատվության խնդիրը: Հատուցման մասին խոսելն անիմաստ է: Հատուցումը տարբեր կերպ կարող է արտահայտվել, ասենք, Հայաստանին տնտեսական մեծածավալ ծրագրերում ընդգրկելով: Թուրքիայի ներողություն խնդրելն արդեն իսկ մեծ քայլ է, սփյուռքում ապրող հայությունը կդադարի սերունդներին զոհի հոգեբանությամբ դաստիարակել», նշեց բանախոսը: Թուրք մտավորականների՝ հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությանը, որը ենթադրում է ինտերնետային էջի բացում եւ հունվարի մեկից ստորագրահավաքի սկիզբ, «Ակօս» շաբաթաթերթը չի անդրադարձել: Պատճառը զուտ տեխնիկական է, թերթը լույս չի տեսել Քուրբան բայրամի (զոհաբերության տոն) տոնակատարությունների պատճառով: Նախաձեռնող խմբի 4 անդամները, ովքեր Հրանտ Դինքի մտերիմներից են, արդեն իսկ ենթարկվել են հալածանքների: «Նրանց սպառնացել են եւ հայհոյել», ասաց Բագրատ Էստուկյանը: Հրանտ Դինքի դատավարության ավարտը, կարծես թե չի էլ երեւում: Բագրատ Էստուկյանը վստահ է, որ դատավարության ձգձգումը կազմակերպված է: «Ոճրագործը խոստովանել է իր մեղքը, սա բավարար է: Իշխանությունները հետաքրքրված չեն կազմակերպողներին գտնելով եւ բացահայտելով», ասաց բանախոսը: Հրանտ Դինքի ընտանիքն էլ Թուրքիայից հեռանալ չի պատրաստվում, թեպետ առկա բոլոր հնարավորություններին: «Հրանտ Դինքն էլ կարող էր հեռանալ: Սակայն նա չէր կարող հրաժարվել իր գաղափարներից եւ առաքելությունից: Այսպես են կարծում նաեւ նրա ընտանիքի անդամները», նշեց Բագրատ Էստուկյանը: Սպառնալիքներ «Ակօսի» խմբագրակազմը մինչ օրս էլ ստանում է: Սա էլ ստիպել է խմբագրակազմին ստեղծել փաստաբանների սենյակ: Հանրահայտ 301-րդ հոդվածով դատապարտվելու հնարավորությունը շարունակում է կախված մնալ խմբագրության գլխին: «Խուսափում ենք ցեղասպանություն բառն օգտագործելուց», խոստովանեց բանախոսը: Հրանտ Դինքի սպանությունից հետո «Ակօս» շաբաթաթերթի տպաքանակը երեք անգամ աճել է: Մինչեւ սպանությունը շաբաթաթերթը տպագրվում էր 3000-3500 օրինակով, հետաքրքրությունն այսօր թերթի նկատմամբ մեծ է, եւ տարածվում է Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում: ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: