Sunday, December 14, 2008

Առավել խիստ մոտեցո՞ւմ Թուրքիայի նկատմամբ

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱԶԳ : «Հանուն արդարության եւ ժողովրդավարության եվրոպահայերի դաշնության» դեկտեմբերի 8-ի մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նախորդ երեքշաբթի օրը Հոլանդիայից Եվրոխորհրդարանի անդամ, Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ռիա Օոմեն-Ռուիխտենը Եվրոխորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ուշադրությանն է հանձնել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ իր հերթական զեկուցագրի նախնական տարբերակը: Հատկանշական է, որ դա կատարվել է ուշ ժամանակ թուրքամետ խորհրդարանականների եւ Անատոլիայից որոշ լրագրողների ներկայությամբ: Ըստ հաղորդագրության, «մտահոգություններն» ու «ափսոսանքներն» են կազմում Թուրքիային ուղղված բանաձեւի բովանդակության գլխավոր առանցքը, իսկ անդամակցության հեռանկարի մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա: Մտահոգությունների առումով նշվում է, որ «երրորդ տարին անընդմեջ նկատվում է բարեփոխումների գործընթացի դանդաղկոտություն», նաեւ Կիպրոսի հարցի վերաբերյալ` «Թուրքիայի կառավարության ստանձնած պարտավորությունների ոչ լիարժեք կատարում»: Գալով «ափսոսանքներին», բանաձեւը նշում է, որ «խոսքի եւ լրատվության ազատությունները լիարժեք ձեւով պաշտպանված չեն Թուրքիայում» եւ 301 հոդվածի ցարդ կատարված փոփոխությունները «բավարար չեն, քանի որ մարդկանց հետապնդումները դեռեւս շարունակվում են»: Բանաձեւը կոչ է անում ամբողջովին վերացնել այդ հոդվածը: Նաեւ ափսոսանք է հայտնում, որ «հաճախակի արգելվում են ինտերնետային կայքերի բացումը, Թուրքիային հետ մղելով ժողովրդավարական հասարակություն դառնալու պահանջված մակարդակից»: Ավելին, նշվում է, որ «Թուրքիան ոչ մի առաջընթաց չի արձանագրում փոքրամասնությունների պաշտպանության, նրանց մշակութային արժեքների պահպանման եւ հարգալից վերաբերմունքի դրսեւորման ասպարեզում»: «Այս բոլոր թերությունները լրջորեն կանդրադառնան անդամակցության բանակցությունների վրա, եթե մինչեւ 2009-ի դեկտեմբերը գործնական քայլեր չձեռնարկվեն», նշված է եղել բանաձեւում, որն, այդուհանդերձ, ողջունել է նախագահ Գյուլի այցելությունը Հայաստան եւ հույս հայտնել, որ դա կնպաստի առավել նպաստավոր մթնոլորտ ստեղծելու երկու երկրների հարաբերություններում: Բայց դրա համար «կոչ ենք անում թուրքական կառավարությանը` բացել Հայաստանի հետ սահմանը եւ հաստատել քաղաքական ու տնտեսական լիարժեք հարաբերություններ նրա հետ», հորդորել է զեկուցագիրը: «Ուրախ ենք նկատելու նոր մոտեցումը, որ մատնանշում է Թուրքիայի թերությունները», ասել է այս առթիվ Եվրոպահայերի դաշնության գործնական տնօրեն Լավրենտի Լեյլեկյանը:

No comments: