Monday, December 15, 2008

«ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ԳՈՐԾԵԼ Է ԻՄ ՀՐԱՀԱՆԳՈՎ»

A1+-15.12.2008- Վերջապես հայտնի դարձավ, թե ում հրահանգով է մարտի 1-ին գործել իբր միակ դիպուկահարը: Այսօր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը փակ նիստում լսեց այդ մարդուն` ՀՀ ոստիկանության Ներքին Զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին: Հենց վերջինս էլ դիպուկահարին հրահանգել է կրակել այն մարդու վրա, որը սպանել է Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանին: Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նիստից հետո հայտարարեց, որ գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը իրենց տեղեկացրել է, որ դիպուկահարն ամբողջ օպերացիայի ընթացքում գտնվել է իր կողքին` Լեոյի փողոցի վրա, եւ միայն այն պահին, երբ Գրիգորյանը տեսել է, թե ինչպես է ցուցարարը կրակում Տիգրանի վրա, հրահանգել է վնասազերծել կրակողին` հնարավոր հաջորդ կրակոցները կանխելու նպատակով, սակայն երբ դիպուկահարը վերադարձել է, տեղեկացրել է, թե կրակել է ցուցարարի ոտքին եւ վիրավորել նրան: Ու քանի որ դիպուկահարը այլ ֆունկցիա եւ խնդիր ուներ, նա չի գնացել ցուցարարի ետեւից: Գրիգորյանը հանձնարարել է իր 4 զինվորներին գտնել եւ բերել Տիգրանի վրա կրակած ցուցարարին, սակայն նրանց չի հաջողվել գտնել ոտքից վիրավոր ցուցարարին: Գրիգոր Գրիգորյանը հանձնաժողովին հայտնել է, որ դիպուկահարը եղել է հատուկ նշանակության ջոկատից եւ գործել է միայն ինքը: Ընդ որում` կրակել է ընդամենը մեկ անգամ` օգտագործելով մեկ փամփուշտ: Գրիգորյանը հանձնաժողովին նաեւ վստահեցրել է, թե ցուցարարները ունեցել են զենք, ընդ որում ավտոմատ: Բայց սա, Նիկոյանի փոխանցմամբ,, ընդամենը կարծիք է, «կռված մարդու, ճանապարհ անցած մարդու» կարծիք, որը լսելով է եզրակացրել, որ կրակում են ավտոմատից: Ի դեպ, նա նաեւ ասել է, որ ցուցարարների կողմից կրակոցները չեն ունեցել իրենց սպանելու նպատակ, այլ ընդամենը վախեցնելու. կրակել են ոչ թե ոստիկանների վրա, այլ նրանց գլխներից վերեւ եւ ոտքերի տակ: Գրիգորյանը նաեւ այլ ցնցող հայտարարություն է արել այսօր հանձնաժողովի նիստում: Ասել է, որ իրենք չճշտված տեղեկություններ են ունեցել, որ ցուցարարները Վրաստանից զենք են ներկրել` «Զորյա» տեսակի հատուկ միջոցներ: Նա տեղեկացրել է, որ իրենք էլ են մարտի 1-ին ունեցել «Զորյա», բայց ընդամենը 10 հատ, որից օգտագործվել է 6-ը` Գրիգոր Լուսավորչի փողոցում, իսկ 4-ը որ եղել է Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող զորքի մոտ, վերադարձվել է: Իսկ մոտավորապես այդքան էլ, մի 10 հատ «Զորյա» էլ ունեցել են ցուցարարները` ըստ Գրիգորյանի: «Ա1+»-ը հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից փորձեց ճշտել, արդյո՞ք Վրաստանի դեսպանատանը կամ ՀՀ Սահմանապահներին դիմել են պարզելու համար, թե հնարավո՞ր է առանց թույլտվության զենք ներկրել Հայաստան, Նիկոյանը նախ ասաց, որ քանի որ Գրիգորյանն ասել է, որ ճշտված չեն լուրերը, իրենք նպատակահարմար չեն գտնում դիմել այլ երկրի դեսպանատուն, ապա նաեւ ավելացրեց, որ ի՞նչ դժվար բան կա մի արկղ զենք ներկրելու մեջ: Գրիգոր Գրիգորյանը նաեւ ասել է, որ իր կարծիքով` ընդդիմությունը գործում էր կազմակերպված, քանի որ ցուցարարները բակերով եւ հարակից փողոցներով մտնում եւ հայտնվում էին ոստիկանության թիկունքում: Այս փաստը նրան հանգեցրել է եզրակացության, որ անկարգությունները կազմակերպված ու համակարգված էին: Հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելով` Գրիիգորյանը տեղեկացրել է, որ իրենց կիրառած հրազենից մարդ չի մահացել: Հիշեցնենք, որ ցուցարարներից մի քանիսը զոհվել են հենց հրազենային վնասվածքներիցվ: Երբ Նիկոյանին «Ա1+»-ը հիշեցրեց այս փաստը, նա ասաց, որ նախաքննության նպատակն էլ հենց դա պարզելն է: Գրիգոր Գրիգորյանը նաեւ ասել է, թե հնարավոր չէ պարզել, թե «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոց կիրառած 4 հոգուց որ մեկի կրակոցն է դարձել ցուցարարի մահվան պատճառ: «Հնարավոր է պարզել»,- նիստի ժամանակ փաստեց հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը` փաստորեն հակադրվելով ՆԶ նախկին հրամանատարին: Իսկ հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ դիմել են ԱՄՆ դեսպանատուն` օգնություն խնդրելով «Չերյոմուխա 7»-ի պարկուճները դատաձգաբանական փորձաքննության ենթարկելու հարցում: Առնվազն տարօրինակ է, որ «Չերյոմուխա 7» խորհրդային արտադրության հատուկ միջոց է եւ այսօր արտադրվում է ՌԴ-ում, բայց հանձնաժողովը դիմում է ոչ թե ՌԴ-ին, այլ ԱՄՆ դեսպանատուն: Ի դեպ, այս հարցը Նիկոյանին տվեց նաեւ նիստերին այլեւս մասնակցող ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ինչին ի պատասխան Նիկոյանն ասաց, որ եթե որեւէ մեկը կարող է օգնել դատաձգաբանական փորձաքննություն անելու հարցում, ինքը միայն ուրախ կլինի: Կարապետյանն էլ խոստացավ ռուսական շրջանակների օգնությամբ պարզել, թե որ հատուկ միջոցին են պատկանում պարկուճները: Կարապետյանը նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ այս նիստից հետո էլ ավելի մեծ անհրաժեշտություն առաջացավ հրավիրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին:

No comments: