Tuesday, December 16, 2008

«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՓՈՓՈԽՎԵԼ»

A1+-15 Դեկտեմբերի, 2008 «ԼՂՀ կարգավորման հարցում Մադրիդյան սկզբունքներին որեւէ նոր տարր չի ավելացել». այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` փաստորեն հերքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Հելսինկյան քննարկումների արդյունքում նոր կետեր են ավելացել Մադրիդյան սկզբունքներին: ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների ստորագրած փաստաթղթի կապակցությամբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն էլ ասաց, որ ԵԱՀԿ անդամ 56 երկրներն էլ պետք է նպաստեն խնդրի խաղաղ կարգավորմանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԼՂՀ հակամարտության լուծմամբ շահագրգիռ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում հակասություններ կան` կապված սկզբունքների վերաբերյալ հնարավոր համաձայնագրի ստորագրման ժամկետների հետ, (մեկն ասում է կստորագրվի մինչեւ 2009-ի գարուն, մյուսը թե` մինչեւ 2009-ի կեսը), Բրիշամբոն ասաց, որ հակասություն չկա: «Այստեղ կարեւոր է, որ դրսեւորվի պրակտիկ ճկունություն»,- ասաց Բրիշամբոն: Իսկ ժամկետների վերաբերյալ ուղիղ հարցին չպատասխանեց: Էդվարդ Նալբանդյանը ստիպված էր եվրոպացի հյուրի ներկայությամբ պատասխանել նաեւ քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին. լրագրողները նրան հիշեցրին, որ Համմարբերգը հայտարարել է, թե եթե մինչեւ ԵԽԽՎ նստաշրջանը քաղբանտարկյալների հարցը լուծված չլինի, ինքն իր զեկույցում ստիպված է լինելու օգտագործել «քաղբանտարկյալ» բառը, հիշեցրին նաեւ, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հետաձգել է Հայաստանին 6,8 միլիոն դոլար տրամադրելու հարցը: Իսկ Նալբանդյանը որպես ԱԳ նախարար ի՞նչ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Հայաստանն այդպիսի «պատժամիջոցների» չենթարկվի: Նալբանդյանն իր պատասխանում ոչ միայն խուսափեց քաղբանտարկյալ բառից, այլեւ խոսեց միայն բարեփոխումների մասին: ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով` ՀՀ-ն իրականացրել է ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւի գրեթե բոլոր կետերը: Ապա ավելացրեց, որ այդ բարեփոխումները չեն արվել, որովհետեւ ինչ-որ մեկը պահանջել է, այլ որովհետեւ գիտակցում են բարեփոխումների անհրաժեշտությունը: Նաեւ նկատեց, թե այդքան կարճ ժամանակում, որ Հայաստանն իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերում նշված բարեփումները ոչ մի երկիր չէր կարող անել: Նա ընդհանրապես չհիշատակեց մեկուսարաններում գտնվող մի քանի տասնյակ մարդկանց մասին, որոնք վաղը կարող են ԵԽԽՎ ամբիոնից անվանվել քաղբանտարկյալ: Ադրբեջանը արդեն վաղուց խախտել է «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին» պայմանագրով հաստատված քվոտաները, ի՞նչ է արվում այս ուղղությամբ` հարցին, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ ինքն անձամբ Հելսինկիում բարձրացրել է այդ հարցը. այսօր, ըստ նրա, Ադրբեջանի սպառազինությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, եւ այն դեպքում, երբ Ադրբեջանը չի բացառում խնդրի կարգավորման նաեւ ռազմական ճանապարհը, այս խնդիրը շատ կարեւոր եւ վտանգավոր է: Էդվարդ Նալբանդյանը նաեւ շեշտեց, որ իրեն մտահոգում է «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին» պայմանագրի Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտման հանդեպ միջազգային հանրության անտարբերությունը: Այդ պայմաններում շատ հնարավոր է, որ սահմանում ցանկացած միջադեպ դուրս գա վերահսկողությունից: Այս հարցին Մարկ Պերեն դը Բրիշամբոն չպատասխանեց, թեեւ ավելի կարեւոր էր հենց նրա պատասխանը, որպես Ադրբեջանի ռազմական նկրտումների նկատմամբ անտարբերություն ցուցաբերող միջազգային հանրության ներկայացուցիչ: Նա միայն ասաց, որ ԵԱՀԿ-ն փորձում է ամեն ինչ անել Ղարաբաղի հարցում լուծում գտնելու համար: Ի դեպ, նրան ուղղված մեկ այլ հարցին, թե Հայաստանի ընդդիմությունը մեղադրում է ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելություններին ընտրություններից հետո ոչ օբյեկլտիվ գնահատականների եւ զեկույցների համար, որով, ըստ ընդդիմության լիդերների, Եվրոպան կանաչ լույս է վառել իշխանության կողմից իրականացված ապօրինություններին, Բրիշամբոն պատասխանեց, որ իրենց խնդիրը ոչ թե գնահատական տալն է, այլ արձանագրելը, որ ընտրություները եւս մեկ քայլ էր առաջ գնալու համար, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր մյուս երկրներում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը այդ խնդիրն է լուծում. «Դիտորդական առաքելությունը ոչ թե գործիք է գնահատելու եւ վատ գնահատական դնելու ընտրությունների անցկացմանը, այլ ժողովրդավարական զարգացումների շարունակականությունը ապահովելու համար է»:

No comments: