Monday, January 5, 2009

ՆՈՐ ՏԱՐԻ է, ՆՈՐ ՏԱՐԻ

Մարդկությունն ի սկզբանե հակված է եղել հավատալու հրաշքների: Բայց նաեւ դարավոր պատմության ընթացքում մարդիկ հետ են տարել քողը բազում հրաշքների վրայից ու փորձել են պարզել ճշմարտությունը: Հատուկենտ հրաշքներ են պահպանվել, որոնց մարդիկ շարունակում են հավատալ մանկան անմիջականությամբ: Այդ հրաշքներից է Ձմեռ պապը: Ո՞վ չգիտի, որ Ամանորի կախարդական գիշերը նա աննկատ ու կամացուկ շրջում է տնետուն ու նվերներ բաժանում փոքր ու մեծին: Ո՞վ իր կյանքի գեթ ինչ-որ շրջանում չի հավատացել այդ ճերմակամորուս բարի ծերունու գոյությանը, որը սերում է բաբելական Մարդուկից ու եգիպտական Օսիրիսից, պարսկական Միհրից ու հելլենական Դիոնիսոսից: Ձմեռ պապի կենսագրության ամենահայտնի փաստերից մեկն այն է, որ նա մերձավոր ազգականներ ունի արտասահմանում: Ռուսաստանում նրան կոչում են Դեդ մորոզ (Սառնամանիք պապ): Ի տարբերություն իր մյուս ազգականների, ռուսական Ձմեռ պապն ունի նաեւ գեղանի թոռնուհի՝ Սնեգուրոչկա (Ձյունանուշիկ) անվամբ: Վերջին հարյուր տարում ծերուկը դարձել է շռայլ ու բարի, իսկ մինչ այդ, երբ կոչվում էր Տրեսկուն եւ կամ Ստուդենեց, քայլում էր Ռուսաստանի անծայր տափաստաններով ու անտառներով եւ սառեցնում իր ճամփին հանդիպող մուժիկներին: Դժվար է որոշել նրա ծննդյան ստույգ տարեթիվը, բայց հանգամանքները հայտնի են: Ձմռանը չար ոգիների կյանքը դժվարանում է, եւ նրանք իջնում են Երկիր, վազում դաշտերով, կրունկներով դոփում, ճռճռացնում գետինը, սուլում, փչում իրենց բռունցքների մեջ: Այդ սառը շնչից սառչում է հողը, ծառերին եղյամ է իջնում, «հողմը մեգով երկինքն առնում, գալարում է բուքը ձյան»: Հայտնվում է Սառնամանիքը՝ դաժան ու անարդար: Բայց նրա հետ կարելի է լեզու գտնել: Ռուսական բանահյուսության մեջ պահպանվել են սառնամանիքին սիրաշահելու տարբեր հմայական խոսքեր: Նոր տարվա գիշերը ընտանիքի հայրը վարսակի կիսելը գդալով հանում էր պատուհանից դուրս եւ Սառնամանիք-Մորոզին հրավիրում հյուրասիրվելու: Կինը ջուր էր լցնում նրա վրա, եւ Մորոզը գոհ ու շնորհակալ սկսում էր իրեն լավ պահել: Կիսելից բացի Ձմեռ պապն ուրիշ ուտեստներ էլ էր սիրում. ձուկ, այն էլ՝ թառափ, միս, այն էլ՝ խոճկորի՝ նուրբ, վարդագույն: Մորոզից բացի կար նաեւ Մորոզկոն: Նա ոչ մեկին չէր վնասում, իր համար ապրում էր սառցե խրճիթում եւ պատահական անցորդներին նվերներ էր տալիս ըստ նրանց արժանիքների. մեկին՝ ոսկի, մյուսին՝ մոխիր: Մորոզկոն ապրում եւ աշխատում էր Մեռյալների թագավորությունում, եւ հենց նա՛ էլ դարձավ Պապ, քանի որ Պապ էին կոչում նախնիների ոգիներին: Ահա այսպես էլ Մեռյալների թագավորությունից նա մուտք գործեց ողջերի, հիմնականում մանուկների ուրախ աշխարհը: Ձմեռ պապի մերձավոր ազգականները ֆրանսիական Պեր Նոելը եւ անդրօվկիանոսյան Սանտա Կլաուսն են: Բայց եղել են նաեւ հեռավոր նախնիներ: Այսպես, պարսիկները շուրջպար էին բռնում Միհրի ծննդյան օրը, սկանդինավյան երկրների ժողովուրդները մեծագույն շուքով նշում էին Հուլիոսի տոնը: Նորվեգիայում այն նվիրված էր Թոր աստծուն, Դանիայում՝ Օդինին: Տարեմուտի օրն այդ երկրներում հայտնվում էր Յուլեւեթենի ոգին՝ սեւ դեմքով, կնոջ գլխաշորով, սեւ երկար հագուստով մի պատանի: Շրջում էր տնետուն եւ նվերներ խնդրում: Զուր չէր, որ սկանդինավյան ժողովուրդները ուրախությամբ փոխարինեցին նրան Սանտա Կլաուսով: Անփոխարինելի գավազան-ձեռնափայտը Ձմեռ պապին բաժին է հասել Դիոնիսոսից, որը շրջում էր այծակերպ սատիրների ու գեղանի հավերժահարսերի հետ ողջ Հունաստանով, ուներ բաղեղով պատված գավազան, որի ծայրին եղեւնու կոն էր: Այն խորհրդանշում էր արական սկիզբը: Ի դեպ, թե՛ կոնին, թե՛ եղեւնուն հետագայում եւս վերագրվել է այրական հզորություն, կենսահաստատ ուժ խորհրդանշելու իմաստ: Հին Հռոմում Ձմեռ պապի նախահայրը Յանուսն էր: Նա ցանկացած գործի, այդ թվում նաեւ տարվա սկիզբն էր խորհրդանշում, պտտում էր աշխարհի առանցքը, որ ժամանակն էլ պտտվեր: Ուստի ուներ 365 մատ, 2 դեմք՝ ուղղված անցյալին եւ ներկային: Հետո Յանուսը սկսեց ուրիշ գործերով զբաղվել, իսկ Նոր տարվա աստվածուհին դարձավ Աննա Պերեննան, այսինքն՝ իտալացիներն ունեցան Ձմեռ տատ՝ սովորական մի պառավ, որը կարկանդակներով կերակրում էր սուրբ լեռը բարձրացող հասարակ մարդկանց: Հենց նրանք էլ հետագայում Աննային վերագրեցին աստվածուհու շնորհներ: Նրան նվիրված տոնը նշվում էր Տիբեր գետի մոտ գտնվող սրբազան հովտում՝ կարկանդակներով եւ զոհեր մատուցելով: Իտալիայում մինչ օրս էլ ապրում է Ձմեռ պապի քույրը՝ Բեֆանա սարսափելի պառավը: Սուրբ ծննդյան տոներից մինչեւ հունվարի 6-ը նա շրջում է Երկրի վրա, իսկ Նոր տարվա գիշերը ծխնելույզից մուտք գործում տները, խելոք ու լավ երեխաներին նվերներ տալիս, իսկ չար, անկարգ երեխաները ստանում են մոխիր: Այս պառավն էլ գիտի համեղ ուտելիքի հարգը: Իտալիայում, ըստ ավանդության, Սուրբ ծնունդին եւ Նոր տարուն եփում են օձաձկան մսից ուտեստներ: Նրանք համոզված են, որ դրանք վանում են դժբախտությունը: Նեապոլում գերադասում են խորոված օձաձուկը: Նախքան խորովելը 2-3 ժամ օձաձուկը պահում են հատուկ համեմունքների մեջ. կաշին մաքրած, լավ լվացած կտորների վրա պետք է լցնել մի քիչ ձիթապտղի յուղ, աղ, պղպեղ, մի բուռ պաքսիմատ, ժամանակ առ ժամանակ խառնել փայտե գդալով: 2-3 ժամ հետո շարում են շամփուրին՝ մեջ ընդ մեջ դնելով նաեւ դափնու տերեւ: Կարելի է նաեւ խորովել էլեկտրական փռի մեջ: Մատուցելիս զարդարել կիտրոնով: Ձմեռ պապի քույրերից մեկն էլ՝ Ֆրաու Խոլլեն, ապրում է Գերմանիայում: Տեղ-տեղ նրան կոչում են Խոլդա, Պերխտա, Բերտա: Գերմանական որոշ գյուղերում պահպանվել է «Ֆրաու Խոլլեին վառելու» սովորույթը: Ավանդության համաձայն, նա մի պառավ վհուկ է, որը Ամանորի գիշերը վայրի որս ու խրախճանք է կազմակերպում: Կարծիք կա նաեւ, որ նա սպիտակազգեստ կին է, որ նվերներ է բաժանում բարի մարդկանց ու պատժում չարերին: Երբ նա սկսում է տանը մաքրություն անել եւ բարձերը, փետուրները թափ տալ, երկրի վրա ձյուն է գալիս: Ֆրաու Խոլլեն քաղցրասեր է: Նոր տարվա տոնական սեղանին նա անպայման պետք է տեսնի ընկույզով կարկանդակ: Ֆրանսիայում ապրում է Ձմեռ պապի եղբայրը՝ Պեր Նոելը՝ բարի, մեղմ բնավորությամբ, կարմիր մուշտակով, կլոր շրջանակով ակնոցով մի ծերուկ: Նրան սիրաշահելու համար ֆրանսիացիները սեղանին են դնում չափազանց համեստ, բայց համեղ «ժամացույց» կոչվող սալաթը: Խաշած կարտոֆիլը եւ ձուն մանր կտրատել, խառնել կտրատած կանաչու եւ մայոնեզի հետ, լցնել տափակ ափսեի մեջ, հարթեցնել: Պայմանականորեն դա կլինի ժամացույցի թվատախտակը: Եզրով մեկ կարելի է շրջանաձեւ շարել կանաչ ոլոռ եւ եփած, մանր խորանարդիկներով կտրատած գազար, ձիթապտղով նշել թվերը, կարմիր տաքդեղից պատրաստել սլաքները, որոնք ցույց են տալիս ճիշտ կեսգիշերը: Պիրենեյան ձյունապատ լեռնաշղթան հատելով՝ Ձմեռ պապն ավելի ջերմ ընդունելություն եւ ճոխ հյուրասիրություն է գտնում: Իսպանացիները համոզված են, որ Սուրբ Ծնունդին ու Նոր տարուն անպայման պետք է լավ ուտել ու խմել, եւ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա: Կատալոնիայում անպայման ուտում են նշի հալվա՝ տուրոն, խմում շամպայն՝ կավա: Ծովեզերքին մոտ կատալոնացիների սեղանի զարդն են կազմում ծովի բարիքները, Պիրենեյներում՝ վայրի թռչնամսից ուտեստները, ընդհանրապես մսեղենը: Լեռնեցիների մոտ տոնական սեղանից անպակաս է կարմիր գինով տապակած ճագարը: Բասկերի երկրում ապրում է Ձմեռ պապի մեկ այլ ազգականը՝ Օլենտցերոն: Նա շրջում է ազգային ձեռագործ հագուստով՝ ձեռքին իսպանական ընտիր գինով լի տափաշիշը: Այդուհանդերձ, չի մոռանում նվերներ բաժանել երեխաներին: Ահա այսպես, Սուրբ Ծնունդի ու Նոր տարվա օրերին աշխարհով մեկ շրջում է մի բարի ծերուկ: Մենակ լինի, թե թոռնուհու հետ, կարմիր հագուստով լինի, թե սպիտակ, տվյալ երկրում իր հնագույն նախնին ունենա, թե ոչ, միեւնույն է, այսօր նա բարի ու շռայլ ծերունի է, որը ցանկալի հյուր է ամեն հարկի տակ եւ նվերներ է բաժանում բոլորին:

No comments: