Tuesday, January 13, 2009

Հովիկ Աբրահամյանը նամակ է հղել Եվրախորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին

«Ազատություն». 12-1-2009- Հայաստանի խորհրդարանի լրատվական ծառայությունից այսօր հաստատեցին մամուլի հրապարակումները, որ Ազգային ժողովի խոսնակը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների խորհրդարանների ղեկավարներին` խնդրելով, որ վերջիններս ամեն բան անեն, որպեսզի ԵԽԽՎ-ում իրենց երկրների պատվիրակությունները հունվարյան նստաշրջանում կողմ չքվեարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելուն վերաբերյալ նախագծին: «Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել նախագծի չափազանց վնասաբեր էությանը, որը, ընդունվելու պարագայում, էականորեն կվտանգի Հայաստանի ներքին կայությունը եւ, միջամտելով դատական գործընթացին, հիմնովին կվնասի պետության կառույցների ամբողջականությունը, որը հիմնված է իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: Ոչ պակաս կարեւոր է, որ առաջարկվող պատժամիջոցը չափազանցված է, անհամաչափ եւ չի համապատասխանում խորհրդաժողովի նախկին գործելակերպին», - ասված է, մասնավորապես, Աբրահամյանի նամակում: - «Այն կհանդիսանա երկակի ստանդարտների կիրառման դեպք, եւ կհակասի ԵԽԽՎ-ի շրջանակներում համագործակցության եւ երկխոսության խթանմանն ուղղված մեր հավաքական ջանքերին... Այն լրացուցիչ եւ լուրջ ճնշում կհանդիսանա երկրի տնտեսության վրա` նվազեցնելով օտարերկրյա ներդրողների վստահությունը, որը անարդար է հատկապես շրջափակված պետության հանդեպ, հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում»: «Ուստի, օգտվելով առիթից, հայցում եմ ԵԽԽՎ-ում ձեր երկրի պատվիրակության աջակցությունը հարցի առնչությամբ հետագա զարգացումների եւ հունվարին կայանալիք քվեարկությունների ժամանակ», - շարունակում է Հովիկ Աբրահամյանը: - «Հայաստանը հավատարիմ է մարդու իրավունքների հիմնադրույթներին, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրական իրավունքով եւ մեր ստանձնած միջազգային պարտավորություններով: Ավելին` մենք խորապես համոզված ենք, որ անհնար է հետագայում եւս շոշափելի առաջընթաց արձանագրել բարեփոխումների ճանապարհին` առանց ամուր եւ զարգացած դատական համակարգի: Մենք, այդուհանդերձ, համաձայն չենք, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ձայնի իրավունքից զրկելը կբերալավի ժողովրդավարական վիճակը երկրում»: «Ես անկեղծորեն վստահում եմ ձեր դատողությանը եւ լիահույս եմ, որ մեր նկատառումները եւ նախագծի առաջարկված լրամշակումները կստանան ձեր լիակատար աջակցությունը», - եզրափակել է Ազգային ժողովի խոսնակը: Ռուզաննա Ստեփանյան

No comments: