Wednesday, January 21, 2009

ԵՄ-ն դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված ռազմատենչ հայտարարությունները

Երեւան (Երկիր) – 20-1-2009- «ԵՄ-ն եւ ես անձամբ շահագրգիռ ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք շատ ուրախ կլինենք, եթե հակամարտության կողմերը հասնեն այդ խնդրի լուծմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում եւ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Հելսինկիում արդեն իսկ վկայում են, որ նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Ըստ եվրահանձնակատարի` Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումն էապես կփոխի իրավիճակը տարածաշրջանում: «Մենք հասկանում ենք, որ կողմերը պետք է փորձեն փոխզիջումային լուծում գտնել, հասկանում ենք, որ կան սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Փոխզիջումային լուծումն այդ երկու սկզբունքների միջեւ է ընկած: ԵՄ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել կարգավորման գործընթացին»,- ասել է Բ.Ֆերերո-Վալդները` հավելելով, որ Եվրամիությունը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր ռազմատենչ հայտարարությունները:

No comments: