Wednesday, January 21, 2009

ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանն ընդունել Է Մ. Բրայզային

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել Է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային` վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարոն Բրայզան շնորհավորել Է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել ` ընդգծելով խորհրդարանի դերը երկրի ժողովրդավարության զարգացման գործում: Ողջունելով հյուրերին` պարոն Աբրահամյանը կարեւորել Է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը եւ ամրապնդումը: ԱԺ նախագահը նշել Է, որ Ազգային ժողովը պետք է բազմակարծության ու կառուցողական քննադատության ամբիոն լինի բոլոր քաղաքական ուժերի համար: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խնդրին` ԱԺ նախագահը վերահաստատել Է հիմնախնդրի խաղաղ լուծման Հայաստանի դիրքորոշումը, միաժամանակ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի ռազմատենչ կոչերին, որոնք չեն նպաստում խաղաղ կարգավորման գործընթացին: Պարոն Աբրահամյանը հիմնախնդրի կարգավորման համատեքստում կարեւորել Է ազգերի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը, Հայաստանի հետ Ղարաբաղի ցամաքային կապը եւ ԼՂՀ ժողովրդի անվտագության միջազգային երաշխիքները, ինչպես նաեւ բանակցային գործընթացին ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը: ԱԺ նախագահը բարձր Է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` կարեւորելով հարցի լուծումը ԵԱՀԿ շրջանակներում: Տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համատեքստում պարոն Աբրահամյանը կարեւոր Է համարել հայ-թուրքական երկխոսության ծավալումը եւ հարաբերությունների զարգացումը հարեւան բոլոր երկրների հետ: Անդրադառնալով մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեությանը` ԱԺ նախագահը կարեւորել է անաչառ եւ օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելը, որը կնպաստի հասարակական երկխոսությանը եւ երկրում վստահության մթնոլորտի վերականգնմանը: Անդրադարձ է եղել ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքին: Պարոն Բրայզան ողջունել է մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի գործունեությունը` կարեւորելով հանրությանը ամբողջական եւ անկողմնակալ եզրակացության ներկայացման անհրաժեշտությունը: Պարոն Բրայզան գնահատանքով է նշել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Հայաստան հրավիրելու համարձակ նախաձեռնությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը գոհունակությամբ է շեշտել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կառուցողական տրամադրվածությունը ուղղված ղարաբաղյան հիմախնդրի խաղաղ կարգավորմանը` նշելով, որ համանախագահները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ կարգավորմամբ: Պարոն Բրայզան նույնպես կարեւորել է բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունը: Հանդիպման վերջում մանրամասն քննարկվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակականության հարցը, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

No comments: