Wednesday, January 21, 2009

Հիշում են Հրանտ Դինքին

«Առավոտ» 20.1.2009- Հարյուրավոր երիտասարդներ ու մտավորականներ երեկ Թուրքիայում հարգանքի տուրք մատուցեցին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին՝ նշելով նրա սպանության երկրորդ տարելիցը: «Այդ օրը սպանվեց եւ վիրավորվեց նաեւ մեր հասարակությունը, եւ մենք երբեք չենք մոռանա այդ ցավը»,- թուրքական «Հուրիեթ» թերթին ասել է միջոցառումներից մեկի հեղինակը՝ «Բաշքա» մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Էյլեմ Աքայան: «Դինքը մեր եղբայրն էր, որը պաշտպանում էր մարդկային եղբայրությունը եւ պայքարում էր այդ նպատակի համար: Նրա ցավը մեր ցավն է հիմա»,- հայտարարում են թուրք արվեստագետները: Շարունակվում է նաեւ Դինքի աջակիցների ու փաստաբանների պայքարը Թուրքիայի դատարաններում: «Տարիներ շարունակվող քննությունը, սակայն, առայժմ ցանկալի արդյունքը չի տալիս»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: «Դինքի ընտանիքը եւ աջակիցները, մասնավորապես, պնդում են, որ սպանությանը մեղսակից են նաեւ իրավապահ մարմինները, որոնք տեղյակ են եղել կազմակերպվող հանցագործությանը, սակայն կա՛մ թերացել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս, կա՛մ միտումնավոր կերպով քայլեր չեն ձեռնարկել՝ մարդասպանությունը կանխելու համար: Պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը, սակայն, բավական դանդաղ է առաջ գնում՝ մի շարք օրենսդրական եւ ընթացակարգային խոչընդոտների պատճառով»,- ընդգծեց Գոչունյանը:

No comments: