Saturday, January 24, 2009

«ԵՐԿԻՐ» ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ` ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Ազգ». 24.1.2009- 2009 թ. հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալեցին Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին եւ «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածով (հանցագործության նախապատրաստում), 223 եւ 314 հոդվածների 1-ին մասով (համապատասխանաբար` անօրինական զինված խմբավորման ստեղծում եւ լրտեսություն): «Երկիր» միությունը գնահատում է տեղի ունեցած ձերբակալությունները որպես սադրանք, որի միջոցով վրացական իշխանությունները գիտակցաբար հետապնդում են Սամցխե-Ջավախքում տիրող իրավիճակի եւ հայ-վրացական հարաբերությունների սրման նպատակը` ձգտելով հասնել հետեւյալին. 1. Շեղել միջազգային հանրության հետզհետե աճող հետաքրքրությունը ջավախքահայ քաղաքական գործիչ` Վահագն Չախալյանի նկատմամբ ընթացող դատավարությունից, որի ընթացքում «Միասնական Ջավախք»-ի առաջնորդը եւ նրա դատապաշտպանները բարձրացնում են ջավախքահայությանը հուզող խնդիրները եւ պահանջում դրանց լուծումը, ինչը վրացական իշխանություններին մղում է նորանոր եւ բացահայտ դատավարական խախտումների եւ անօրինականությունների: 2. Միջազգային հանրության առջեւ խաղարկելով «հայկական անջատողականության» խաղաքարտը խուսափել իր երկրում բնակվող էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում` հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումից: 3. Նույն «անջատողականության» քարտի խաղարկմամբ Հայաստանի իշխանություններին մղել նորանոր զիջումների ջավախքահայության եւ վիրահայության առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում: Արդ, «Երկիր» միությունը դիմում է միջազգային հանրությանը` կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել առկա ճգնաժամի խորացումը կանխելու եւ Վրաստանի հայ փոքրամասնության սոցիալ-տնտեսական, լեզվական, կրթական եւ կրոնական խնդիրները լուծելու ուղղությամբ: Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղի Վրաստանի իշխանություններին առ այն, որ որեւէ այլընտրանք երկրում բնակվող էթնիկական փոքրամասնությունների խնդիրների լուծմանը նրանք չունեն: Միայն իր էթնիկական բազմազանությունը հարգող ժողովրդավարական Վրաստանը հնարավորություն կունենա խուսափել հետագա ցնցումներից եւ ապահովել երաշխիքներ իր երկրի բնականոն զարգացման համար: «Երկիր» Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն

No comments: