Saturday, January 24, 2009

Ի՞ՆՉՆ Է ՈԳԵՎՈՐԵԼ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ, ՈՐ ՕՐՈՒՄԵՋ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ

Վրաստանը «մաքրում է» Ջավախքը ակտիվ հայերից Հունվարի 22-ին` տեղական ժամանակով մոտավորապես 13:00-ի սահմաններում, ոստիկանները ներխուժել են Ախալցխա քաղաքի հայ երիտասարդական կենտրոն` պարային խմբակի պարապմունքի ժամանակ, եւ պահանջել կենտրոնի տնօրեն Գրիգորի Մինասյանին: «Բագին» գործակալության տեղեկացմամբ, աշակերտների եւ ուսուցիչների մոտից խլել են բջջային հեռախոսները, իսկ շենքի մուտքերը փակել: Կենտրոնի համակարգիչներից բռնագրավել են տեղեկատվություն պարունակող մասերը, ինչպես նաեւ գրադարանից վերցրել որոշ գրքեր: Արդեն մոտավորապես 13:40-ին Ասպինձա քաղաքի շրջանում Թբիլիսիից ժամանած իրավապահ մարմինները կանգնեցրել են երթուղային մի տաքսի: Վրաստանի ներքին գործերի ներկայացուցիչները ձերբակալել են երթուղային տաքսու ուղեւոր, Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին: Մոտավորապես ժ.16:00-ին նույն ոստիկանները հենց թաղման ժամանակ ձերբակալել են «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին: Երկու ձերբակալվածների բնակարանները խուզարկվել են, ոչինչ չի հայտնաբերվել: Համաձայն առկա տեղեկատվության, նրանք մեղադրվում են զինված մի խմբակցությանն անդամակցելու մեջ: Նույն օրը ձերբակալվածներին տեղափոխել են Թբիլիսի: Վրաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, հակահետախուզության վարչությունը հարուցել է քրեական գործ` անօրինական զինված կազմավորումների ստեղծման եւ լրտեսության մեղադրանքով, որի կասկածանքով էլ ձերբակալվել են Գրիգորի Մինասյանը եւ Սերգեյ Հակոբջանյանը: Նրանց արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քր. օր-ի 18-րդ հոդվածով (հանցագործության նախապատրաստում), 223 եւ 314 հոդվածների 1-ին մասով (համապատասխանաբար` անօրինական զինված խմբավորման ստեղծում եւ լրտեսություն): Թերեւս պատահական չէ, որ Գրիգորի Մինասյանի ձերբակալությունը հաջորդել է Ախալցխայի Ս. Նշան հայկական եկեղեցում նրա երեխաների կնունքի արարողությանը: Հունվարի 7-ին` Սուրբ Ծննդի օրը, հայ երիտասարդությունը Ս. Նշան եկեղեցում կազմակերպել է երեխաների զանգվածային կնունք: Երեխաներից երկուսի հայրն Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգորի Մինասյանն է, որի մոտեցմամբ, Սուրբ Նշան եկեղեցում երեխաներին կնքելը նախ վերադարձ է հավատքին, ապա նաեւ պաշտպանությունՙ վրացականացվելու վտանգի առաջ կանգնած հայկական եկեղեցուն: Ախալցխայի Սուրբ Նշան (Սուրբ Վարդանանց) եկեղեցին հայկական միջնադարյան եկեղեցի է: Սուրբ Նշան եկեղեցու մասին առաջին հիշատակումներից մեկը դասվում է 1575 թվականին: Մոտավորապես երկու եւ կես դար անց փլատակների վերածված Ս. Նշանի տեղում, ըստ էության, նոր եկեղեցի է կառուցվում, բոլոր ծախսերը հոգացել է Ախալցխայի պատվավոր քաղաքացի Վարդան Վարդանյանը: Նոր կառույցի բացումը տեղի է ունեցել 1864 թվականի փետրվարի 27-ին: Ախալցխա քաղաքի հայկական բնակչությունը սկսել է Սուրբ Նշան եկեղեցին Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու խնդրագրի ստորագրահավաքը: Խնդրագրի համաձայն, 1991 թ. շրջանի հայ բնակչությունը փորձել է խաղաղ ճանապարհով վերածնել Սուրբ Նշան եկեղեցու նախասահմանումը, սակայն այն ժամանակվա Վրաստանի իշխանությունները դա ընկալել են որպես շրջանի ազգամիջյան քաղաքականությունն ապակայունացնելու, ինչպես նաեւ Վրաստանի ազգային պատմական սեփականությունը զավթելու փորձ: Ներկայումս եկեղեցին բաց է բոլոր հավատացյալ քրիստոնյաների համար, սակայն եկեղեցական պատարագ Սուրբ Նշանում չի կատարվում: Ախալցխայի հայ համայնքը, ինչպես նաեւ տեղաբնակ հայերն իրենց ուժերով վերակառուցել են եկեղեցու տանիքը, տեղադրել ներքին դռներ, նոր պատուհաններ, կանաչապատել տարածքը, եւ այլն: Խնդրագրի միջոցով Ախալցխայի հայերը, հասարակական կազմակերպությունները, Վրաստանի սահմաններից դուրս բնակվող Ախալցխայի համայնքը եւ բազմաթիվ քրիստոնյաներ հայտարարում են պատմական արդարությունը վերականգնելու մասին եւ դիմում աշխարհի ողջ առաջադեմ բնակչությանը, ինչպես նաեւ` Վրաստանի իշխանություններին` հայկական սրբավայրը տեղական հայկական բնակչությանը, համապատասխանաբար, Հայ առաքելական եկեղեցու իրավասության ներքո վերադարձնելու գործում օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Այսօրինակ գործողություններն են, թերեւս, Վրաստանի իշխանությունների համար ձերբակալությունների առիթ դարձել: Ինչպես «Ազգի» հետ զրույցում երեկ նշեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը , ձերբակալությունների նպատակը ազգային եւ մշակութային կյանքը գլխատելն է Ջավախքում եւ վախի ու անվստահության մթնոլորտ առաջացնելը: Եվ սա այն պատճառով, որ ձերբակալությունները հստակորեն կապ ունեն Գրիգորյանի եւ Հակոբջանյանի հասարակական գործունեության հետ: Ըստ Թորոսյանի, Վրաստանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ նրանց համար սովորական դարձած կոշտ քաղաքականությունը: Թորոսյանի խոսքերով, կալանավորներն անմեղ են, քանի որ իրենց գործունեությունը հասարակական բնույթ էր կրում, եւ ինչ-որ զինված խմբակցություններին իրենց մասնակցության խոսակցություններն անհեթեթություն են: Դիմակավորված ձերբակալելով անզեն մարդկանց եւ դա ցույց տալով կենտրոնական բոլոր ալիքներով, Շիրակ Թորոսյանի մեկնաբանմամբ, աշխարհի աչքերին Ջավախքն անջատողական է ներկայացվում, ինչը քաղաքական գռեհկություն է, եւ, եթե նման իրողությունները պահպանվեն, դա կհանգեցնի շատ ավելի լուրջ հետեւանքների: Ամեն դեպքում, վրաց իրավապահները չեն հստակեցրել, թե ձերբակալված հասարակական գործիչներն ինչ են լրտեսել, ում օգտին, որոնք են ապացույցները: Հստակ է, որ Ջավախքում հաշվեհարդար են տեսնում քիչ թե շատ ակտիվ երիտասարդների հետ: Իսկ Հայաստանը էլի կլռի, հատկապես որ մենք շա՜տ ենք սիրում խոսել հայ-վրացական «բարեկամությունից», որ եթե եղել էլ է, հարց է, թե դրանից ինչ է մնացել: «Ազգ». 24.1.2009- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: