Wednesday, January 21, 2009

ԼՂՀ վերջնական ճանաչումը ձգձգելուց շատերն են կորուստներ կրում, այդ թվում եւ Ադրբեջանը

PanARMENIAN.Net/. 20-1-2009- Ադրբեջանի իշխանությունների ռազմականացված հայտարարություններն արվում են շանտաժի եւ միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչը համապատասխանում է նացիստական Գերմանիայի Մյունխենյան դիկտատի հետ Երկրորդ աշխարհամարտից առաջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Նրա կարծիքով, Բաքվում պարբերաբար կոչ են անում՝ ԼՂՀ դեմ նոր ագրեսիա եւ ահաբեկչական ինտերվենցիա բորբոքելու, ռազմական սադրանքներ են իրականացնում սահմանի վրա, պատրաստում են բլիցկրիգի ծրագիրը: «Ադրբեջանը զենք է գնում Ուկրաինայից, Թուրքիայից եւ Իսրայելից, սպառազինության մրցակցություն է հրահրում, ԶԼՄ-ում եւ կրթական համակարգում ուժեղացնում է ռազմական հռետորությունը եւ եւ հակահայկական քարոզչությունը: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչնչացնելու պարբերական կոչերը, որոնք առաջին անգամ հնչեցին նացիզմի փլուզումից հետո, ցույց են տալիս նրա իրական մտադրությունները, հակասում են XXI դարի միջազգային հանրության արժեքներին եւ ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ այլ միջազգային կազմակերպություններում անդամությանը: Լեռնային Ղարաբաղի հաշվին ադրբեջանական ագրեսորը խաղաղեցնելու քաղաքականությունը կարող է հանգեցնել նոր պատերազմի, ինչպես եւ Երկրորդ աշխարհամարտին նախորդած տարիներին»,- ասել է Զարգարյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ԼՂՀ վերջնական ճանաչումը ձգձգելուց ոչ ոք աշխարհում չի շահում, ընդհակառակը, շատեր են կորուստներ կրում, այդ թվում եւ Ադրբեջանը: «Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կապահովի ԼՂՀ եւ Ադրբեջանի ժողովուրդների ընդհանուր արմատական շահերը. գրեթե հարյուրամյա հակամարտության դադարեցում եւ նոր պատերազմի ու փախստականների նոր ալիքի կանխում; փախստականների խնդիրների լուծում; ժողովրդավարությունն ու օրինապահությունն ապահովող կայուն ինստիտուտների ձեւավորում; ԼՂՀ եւ Ադրբեջանի պետական ինքնուրույնության ապահովում; տնտեսական բարեփոխումներ եւ բարեկեցության մակարդակի բարձրացում; սպառազինության մրցակցության դադարեցում; ռազմաճակատի գծի փոխարեն բարիդրացիության եւ համագործակցության քաղաքակրթված սահմանների ձեւավորում: Անհրաժեշտ է ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների պատմական հաշտեցում, ինչին ծառայող առաջին քայլը կարող էր լինել Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Ադրբեջանի համար դա, հիրավի, համարձակ եւ արժանի քայլ կլիներ»,- գտնում է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդականը:

No comments: