Sunday, January 4, 2009

ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԾԵՐ Է, ՄԻԳՐԱՑԻԱՆ ՆՎԱԶԵԼ Է...

Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 մլն 235 հազար մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվն աճել է 8,3 հազարով, քանի որ 2007-ին այն 3 226 700 մարդ է կազմել: Ինչպես ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի, մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, այս թվերը վերաբերում են մշտական բնակչության թվաքանակին: Ըստ նրա, մշտական բնակչության թվաքանակի աճը պայմանավորված է եղել նրանով, որ բնակչության բնական հավելաճի ցուցանիշում մոտ 8 % աճ է արձանագրվել: «Բացի դա, միեւնույն ժամանակ նվազել է միգրացիայի մնացորդը»,-ասաց Կ. Կույումջյանը: Միգրացիայի ցուցանիշների համաձայն, ըստ Կ. Կույումջյանի, ինը ամսվա ընթացքում հանրապետությունում հաշվառվել են 7512 մարդ, եւ հաշվառումից դուրս են գրվել 11795-ը: Ստացվում է, որ միգրացիայի մնացորդը` հաշվառման կանգրածների ու դուրս գրվածների տարբերությունը, կազմել է -4 283 մարդ: «Եթե խոսենք գործակիցների լեզվով, ուրեմն ամեն մի 1000 բնակչի հաշվով հաշվառման են կանգնել 3,1 մարդ, հաշվառումից դուրս են գրվել 4,9-ը: Ստացվում է, որ միգրցիայի մնացորդը 1000 բնակչի հաշվով կազմել է -1,8»,-ասաց բաժնի պետն ու ավելացրեց, որ նախորդ տարվա համեմատ, հաշվառման են կանգնել 7569, իսկ դուրս են եկել 12 220 մարդ, միգրացիայի մնացորդը 1000 բնակչի հաշվով 2 պրոմիլ է կազմել: Ըստ նրա, բնակչության 67,2% կազմում են աշխատունակ տարիքի, 20,8%-ը աշխատունակ տարիքից ցածր, իսկ 12%-ը աշխատունակ տարիքից բարձր բնակչությունը: Նրա խոսքով, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, այն երկիրը, որի ծերացման ցուցանիշը, այսինքն` բնակչության թվաքանակում աշխատունակության տարիքից` 65-ից բարձր տարիքի ցուցանիշը 7% է կազմում, ապա այդ երկրի հասարակությունը ծերացող է համարվում: Ինչպես նկատեց Կ. Կույումջյանը, Հայաստանում 65- ից բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռը ավելի քան 10% է կազմում:

No comments: