Tuesday, January 13, 2009

ԹԵ ԻՆՉՈՒ ՖԻՖԱ ԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱ

Lragir. 12-1-2009- Քաղաքականությունը կարծես թե ներթափանցում է ամենուրեք, եւ կարծես թե արդեն բացահայտ: Եթե կյանքի այս կամ այն ոլորտին քաղաքականությունը նախկինում առնչվում էր թաքնված, սքողված, ստվերային ձեւերով, ապա այժմ կարծես թե ամեն ինչ դառնում է շատ ավելի բաց եւ ուղղակի: Այժմ տարատեսակ կառույցները, որոնք պետք է հեռու լինեն քաղաքականությունից, արդեն առանց քաշվելու են սկսել զբաղվել դրանով: Դրա օրինակներից մեկը կարելի է համարել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականներին շնորհված մրցանակը: Հունվարի 12-ին հայտնի է դարձել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականներին շնորհել է Ազնիվ խաղի մրցանակ 2008 թվականի համար: Այդ մասին հաղորդել է թուրքական “Ուորլդ բյուլետեն” ամսագիրը: ՖԻՖԱ-ն, ինչպես հաղորդում է պարբերականը, որոշել է երկու հավաքականներին այդ մրցանակը հանձնել Երեւանում 2008 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած խաղի համար, որ տեղի ունեցավ աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում: Մրցանակաշխության օրը հունվարի 12-ն է: Արարողությունը տեղի կունենա Ցյուրիխում:Ուրախալի է իհարկե, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գոնե ինչ որ մրցանակ է ստանում: Սակայն խնդիրը երեւույթն է ինքնին, ավելի կոնկրետ այն, թե ինչի համար է տրվում այդ մրցանակը: ՖԻՖԱ-ն փաստացի ակնկալում էր, որ Երեւանում թիմերը հանդիպման ընթացքում պետք է կոտորեին իրար, ու քանի որ չեն արել այդ բանը, նրանց հասնում է ազնիվ խաղի մրցանակ: Իրականում Երեւանում տեղի է ունեցել սովորական ֆուտբոլային հանդիպում, ինչպես որ տեղի են ունեցել շատ հանդիպումներ Հունաստանի եւ Թուրքիայի, Խորվաթիայի եւ Սերբիայի, Բոսնիա-Հերցոգովինայի եւ Սերբիայի միջեւ, Իրանի եւ Ամերիկայի միջեւ: Կարելի է հիշել էլի այդպիսի հանդիպումներ, ասենք բասկերին ներկայացնող Բիլբաոի Ատլետիկի եւ Իսպանիայի թագավորական Ռեալի միջեւ: Բայց ինչքան էլ որ բասկերը անջատական տրամադրություններով են ապրում Իսպանիայում, որեւէ մեկը Ռեալ-Ատլետիկ հանդիպմանը չի մոտենում ճակատամարտի նախատրամադրվածությամբ, որ հետո հիանա առանց որեւէ զոհ արդյունքից:Հետեւաբար մի քիչ անհասկանալի էր, թե ինչու ՖԻՖԱ-ն որոշեց Ազնիվ խաղ մրցանակը 2008 թվականին քաղաքականացնել: Իհարկե, եթե որոշել է, ուրեմն պետք է, քանի որ ՖԻՖԱ-ն չափազանց մեծ եւ ազդեցիկ կազմակերպություն է, մեծ ֆինանսներ տնօրինող, իրեն հենց այնպես որոշումներ թույլ տալու համար: Այլ բան է իհարկե, եթե մրցանակը կար ու դա պետք էր ինչ որ մեկին անպայման տալ, ու ՖԻՖԱ-ի միտքն այլ ավելի հարմար առիթ չեկավ, որպեսզի մրցանակավորվեր: Սակայն այդ մասին պետք է ազնվորեն հայտարարել, որպեսզի քաղաքացիները, Հայաստանում, Թուրքիայում, կամ էլ այլ երկրներում, չընկնեն մտորումների մեջ, թե ինչու է ՖԻՖԱ-ն իր վրա վերցրել աշխարհաքաղաքական պրոցեսներ սպասարկողի դերը:

No comments: