Thursday, January 22, 2009

Չնայած Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացմանը, Բաքուն շարունակում է խեղաթյուրել կարգավորման գործընթացը

HayInfo.21-1-2009-Հայաստանի նոր ղեկավարությունը, հավատարիմ մնալով արտաքին քաղաքականության շարունակականությանը, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու, բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ Մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով այդ գործընթացին արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության զեկույցում՝ 2008թ. գերատեսչության գորունեության մասին: Զեկույցում ընդգծվում է բանակցություններում ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net«Փետրվարին Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի էությունը խեղաթյուրող եւ Ադրբեջանի տեսակետները միակողմանիորեն արտահայտող բանաձեւի նախագիծ, որը ՄԱԿ-ի ԳԱ քննարկմանը դրվեց մարտին: Բանաձեւը թեեւ ընդունվեց 39 կողմ քվեարկած ձայներով, այնուամենայնիվ բանաձեւին դեմ քվեարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանի Դաշնությունը: Ադրբեջանի առաջարկած բանաձեւի նախագիծը չպաշտպանեցին ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշիռ մեծամասնությունը, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները»,- նշվում է զեկույցում:Ադրբեջանական կողմը փորձեր կատարեց ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւը որպես բանակցությունների հիմք, ժխտելով Մադրիդյան առաջարկությունների գոյությունը, եւ ջանաց լուծարել Մինսկի խմբի բանակցային ձեւաչափը:ՀՀ ԱԳՆ նշում է, որ 2008թ. տեղի են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երկու հանդիպում՝ հունիսի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում ու նոյեմբերի 2-ին՝ Մոսկվայում: Մոսկովյան հանդիպումը, որ կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ եւ նախաձեռնությամբ, կարեւոր հանգրվան հանդիսացավ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից հանդիպման արդյունքում ստորագրվեց հռչակագիր, որը նախատեսում է բանակցությունների շարունակումը Մինսկի խմբի շրջանակներում եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա, միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված եւ միջազգային երաշխիքներով ամրապնդված ԼՂ հիմնախնդրի խաղաղ քաղաքական կարգավորում: Կարեւորվում է նաեւ վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկումը:Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնարարությամբ երկու երկրների արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների շուրջ բանակցությունները: Տեղի է ունեցել արտգործնախարարների 7 հանդիպում:«Չնայած բանակցությունների ակտիվացմանը, ադրբեջանական կողմը շարունակեց խեղաթյուրել բանակցային գործընթացի ողջ էությունը՝ շարունակաբար շեշտը դնելով միջազգային իրավունքի միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում էր հայտարարել ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծման հնարավորության մասին: Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով ընդգծվում է Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական միտման պահպանման կարեւորությունը: Հայտարարությունում հատուկ շեշտվում է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ընդգծում է ՀՀ ԱԳՆ-ն: Դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի 16-րդ հանդիպումն ընդունեց հայտարարություն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ, որտեղ ողջունելով Մոսկվայի հռչակագիրը, ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարները կոչ են անում շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում ու Մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Կոչ է արվում ձեռնամուխ լինել խաղաղության համաձայնագրի մշակմանը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել զինադադարն ամրապնդելու համար:Հայաստանը հաստատակամ է՝ չեզոքացնելու բանակցային գործընթացի առաջընթացի ճանապարհին ստեղծվող խոչընդոտները եւ շարունակելու բանակցությունները Մոսկովյան հռչակագրի եւ Հելսինկիում ընդունված հայտարարությունների ոգուն համապատասխան:

No comments: