Saturday, January 24, 2009

«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԵՐԲԵՔ ՉԻ ՁԵՎԱՎՈՐՎԻ»

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ճանաչված քաղաքագետ և վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ - Պարոն Մուրադյան, մեր թերթում հրապարակված Ձեր հոդվածը` «Մեծ գաղափարն ու մանր կատարողները», բավական լայն հետաքրքրություն առաջացրեց։ Ռուս-հայկական հարաբերությունները դիտարկելիս ինչո՞ւ եք ուշադրություն հրավիրում այն գաղափարախոսների և ֆունկցիոներների գործունեության վրա, ովքեր Ռուսաստանում ներկայացնում են, այսպես ասած, եվրասիական շարժումը։ Ի՞նչ դեր է խաղում այդ շարժումը ռուսական արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում` Հարավային Կովկասի մասով - Իմ ընկերը` Իսրայելի միջազգային հարաբերությունների գլոբալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բարրի Ռուբինը, մի անգամ կարծիք հայտնեց, որ Իսրայելի ժամանակակից ողջ պատմությունը պայքար է ամերիկյան քաղաքականության դեմ։ Սա, իհարկե, պատկերավոր ու պայմանական արտահայտություն է և կարող է հետաքրքրություն ներկայացնել նրանց համար, ովքեր երկար տարիներ ուսումնասիրել են ամերիկա-իսրայելական հարաբերությունները, հատկապես ոչ հրապարակային հարթության վրա։Հարկ է ընդգծել, որ հայ հասարակության (և ոչ միայն նրա)պատկերացումներում «ռազմավարական գործընկերությունը» ներկայանում է իբրև ապահովագրություն բոլոր տեսակի անսպասելի տհաճություններից այդ նույն ռազմավարական գործընկերոջ կողմից։ Ընդհանրապես միջազգային հարաբերությունների մասին կարծրացած պատկերացումները վտանգավոր են ոչ հասուն քաղաքական վերնախավի համար։ Քաղաքականությունը սպորտային մրցություն չէ, այլ ամենից առաջ ուժեղ դինամիկա, մշտական աշխատանքի անհրաժեշտություն, անցյալի, ներկայի ու ապագայի իմաստավորում։ Որքան էլ տարօրինակ է, բայց Ռուսաստանի նավթագազային եկամուտները, որ թույլ տվեցին նրան վերակենդանացնել իր արտաքին քաղաքական հավակնությունները, ամուր թիկունք չդարձան ռուսական քաղաքականության համար։ Խնդիրը նույնիսկ ներկա ճգնաժամը չէ, որն արդեն կոտրել է Մոսկվայի հաջողությունների փուլը։ Ռուսաստանը, ոգևորված ամերիկյան քաղաքականության մեջ առկա դադարով, ինքնավստահորեն փորձեց առաջ գնալ` թերագնահատելով իր իրական հնարավորությունները։ Հենց այդ անկայուն իրավիճակի շրջանակներում էլ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանն անհրաժեշտ եղան քաղաքական ծրագրավորողներ և որոշ նոր գաղափարներ` արտաքին քաղաքականության մեջ իրագործելու համար։ Երկրի նախագահին ու կառավարությանն իրենց ծառայություններն առաջարկեցին քչերը։ Ավելի շուտ, քչերին հաջողվեց ինչ-որ բան առաջարկել, քանի որ Մոսկվայում այսօր մոնոպոլացված է արտաքին քաղաքական ծրագրավորումների ոլորտը, համապատասխանաբար տեղի է ունեցել կադրային սելեկցիա, երբ ոչ շատ և ոչ էլ ամենախոր վերլուծաբաններն ու ծրագրավորողներն են հայտնվել իշխանության բարձրագույն էշելոնի «նախաբաղնիքում»։ Որպեսզի պատրանքներ չլինեն այդ վերլուծաբանների և ծրագրավորողների հետ կապված, հարկ է միանգամից նշել, որ Ռուսաստանում իրականում գոյություն չունի ոչ մի ինտերակտիվ գործընթաց երկրի ղեկավարության և վերլուծական հանրության միջև, ինչն առկա է, ասենք, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում։ Սկզբունքորեն Ռուսաստանում վերլուծական հանրություն էլ, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչն անթույլատրելի է հզոր տերության համար։ Վերլուծաբանների ու քաղաքագետների առանձին խմբեր փորձում են ընդամենը մի ավելորդ պատառ պոկել մնացորդային այն գումարներից, որոնք նախատեսված են տեղեկատվական-հետախուզական գործունեության համար։ Բայց, ինչպես հայտնի է, ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ ձուկ է։ Եվ եթե Ռուսաստանի նման երկրում նախագահի «նախաբաղնիքում» հայտնվել է Եվգենի Պրիմակովի նման հին քաղաքական ավանտյուրիստի գլխավորած խումբը, ապա այդ դերում կարող էր հայտնվել ով ասես։ - Անդրադառնանք, սակայն, եվրասիական շարժման կամ կողմնորոշման ներկայացուցիչներին։ Ի՞նչ են նրանք իրենցից ներկայացնում։ - Եվրասիական շարժումը կամ, ավելի ճիշտ, այսպես կոչված, նեոեվրասիական ծրագրի ներկայացուցիչները Ռուսաստանում փայլուն ինտելեկտուալներ են, որոնք քաղաքական փիլիսոփայության և գաղափարախոսության մեջ չեն զիջում գաղափարաքաղաքական դպրոցներից ոչ մեկին։ Վերջին 15 տարիներին նրանք ստեղծել են քաղաքական մտքի խորությամբ ու ընդհանրացմամբ բացառիկ քաղաքագիտական գրադարան` կազմված բազմաթիվ մենագրություններից և հավաքական հրապարակումներից։ Այդ աշխատությունները հատուկ տեղ են զբաղեցնում ռուսական և այլ երկրների ներկայիս քաղաքական-ինտելեկտուալ միջավայրում։ Իրենց գաղափարների հաջող պրոպագանդման շնորհիվ եվրասիական շարժման ներկայացուցիչները կայուն հարաբերություններ են ստեղծել Ղազախստանի ու Թաթարստանի քաղաքական ղեկավարությունների հետ, որոնց համար վերջիններս դարձել են իրենց մարդիկ և Աստանայի ու Կազանի շահերի իրագործողները Մոսկվայում։Միաժամանակ եվրասիական շարժման գործիչները նախկինի պես իրականությունից որոշակիորեն կտրված են, որովհետև այդպես էլ լիարժեք չընդգրկվեցին Ռուսաստանի հրատապ քաղաքականության ուղեծրում։ Նրանց լսում են, հաճույքով կարդում, բայց նրանք չեն դարձել քաղաքական էլիտայի մասը, մանավանդ որ չեն գտնվում քաղաքական որոշումների կայացման միջավայրում։ Եվրասիական շարժման գործիչները դա բացատրում են տարբեր կոնսպիրոլոգիական վարկածներով և իշխանության մեջ ինչ-որ կիսագաղտնի խմբավորումների առկայությամբ կամ ռուսական քաղաքականության վրա եղած այլ ազդեցություններով։ Չի բացառվում, որ ինչ-որ դավադրություններ ու ինտրիգներ իսկապես կան, մանավանդ որ ռուսական ԱԳՆ-ում լուրջ մտահոգություններ են առաջացել եվրասիական շարժումը ներկայացնող քաղաքագետների ազդեցության հնարավոր մեծացման հետ կապված։ Բայց ավելի սկզբունքային է այն, որ, լինելով անգերազանցելի գաղափարաքաղաքական ոլորտում, եվրասիացիները շարունակում են մնալ ռոմանտիկներ, բացարձակապես անընդունակ քաղաքական ծրագրավորողներ և որոշակիորեն նույնիսկ նման են ավանտյուրիստների։Միայն շնորհիվ արտաքին համակարգողների, ովքեր քաղաքական մեծ փորձառություն ունեն, եվրասիական շարժման գործիչները չեն հայտնվել մարազմի մեջ` զբաղեցնելով, ասենք, Գրիգորի Ռասպուտինի տեղը ներկայիս ռուսական «արքունիքում»։ Իզուր չէ, որ եվրասիական շարժման առաջատար գաղափարախոսներն արդեն վաղուց անցել են դասախոսական աշխատանքի, ինչը համարժեք է իրավիճակին։ Ռուսական հասարակության մեջ, որը գտնվում է ընդօրինակման տիպի սոցիալական մոդելի կառուցման ճանապարհին, ինչը ներառում է արմատական արևմտականացում, սկսել են հասկանալ, որ քարոզչական իմաստով շատ հարմար ու արդյունավետ եվրասիական գաղափարախոսությունը բացարձակապես համարժեք չէ ազգային շահերի պաշտպանության հետ կապված խնդիրներին, ոչ միայն Արևմուտքի, այլև Արևելքի հետ համագործակցության ծավալմանը։ Եվրասիական գաղափարը, որպես որոշակի տարածության վրա գերիշխանության գաղափար, շատ սահմանափակ դոկտրին է և կարող է հավակնել միայն ռուս ժողովրդի ու մի կերպ պահպանված այն փոքրաքանակ ժողովուրդների դաշինքի ստեղծմանը, ովքեր ապրում են ՈՒրալում, Պովոլժիեում ու Սիբիրում։ Նույնիսկ ռուսներին մոտ ժողովուրդներին` ուկրաինացիներին ու բելառուսներին, եվրասիական գաղափարը բացարձակ օտար է։ Իդեալական պատկերացումների պարագայում եվրասիական գաղափարով շատ շահագրգիռ պիտի լիներ Հայաստանը, բայց միայն հայկական վերնախավի բավականին ինտելեկտուալ զարգացածության պայմաններում, ինչն այսօր բարի ցանկություն է։ Միաժամանակ, ամենագաղափարական ու ինտելեկտուալ ռուսական քաղաքագետներն ու քաղաքական ծրագրավորողները, որ հենց եվրասիական շարժման ներկայացուցիչներ են, ամենածախուներն ու ծառայամիտները դուրս եկան։ Նեոեվրասիական նախագծի ջատագովները շատ ջանքեր են ներդնում, որպեսզի բաժանեն ՈՒկրաինան Ռուսաստանից` ժողովուրդների միջև անհաղթահարելի անդունդ ստեղծելով, քանի որ հասկանում են, որ Մոսկվայի կապերը արևելյան և հարավային սլավոնների հետ իրենցից ներկայացնում են ռուսական աշխարհաքաղաքականության և քաղաքական կուլտուրայի բյուզանդական վեկտորը և իբր հակասում եվրասիականության գաղափարին։ Այդ գործիչների արհամարհական վերաբերմունքը սլավոնների նկատմամբ միայն բացահայտում է իրենց թաքնված ասիականությունը։ - Ինչո՞վ է պայմանավորված եվրասիական շարժման ջատագովների հրապուրվածությունը Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցության խորացմամբ ու ընդլայնմամբ։ Դա նո՞ր հայացք է արտաքին քաղաքական առաջնահերթությունների և Ռուսաստանի ապագայի ընկալման առումով։ - Իսկապես, եվրասիական շարժման ջատագովներն արդեն մի քանի տարի հրապուրված են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցությամբ։ Դա ամենից առաջ պայմանավորված է «Գազպրոմին» արտաքին քաղաքական աջակցություն ցուցաբերելու պահանջմունքներով և, բնականաբար, առատաձեռն վարձատրվում է այդ ընկերության կողմից։ Հետո արդեն ձևավորեցին հարաբերություններ Անկարայի ու Բաքվի քաղաքական նախաձեռնությունների կենտրոնների հետ։ Չնայած երկար տարիներ եվրասիականության ներկայացուցիչները վարել են հետևողական հակաթուրքական ու հակաադրբեջանական քարոզչություն, այժմ հրապուրված են Ռուսաստանի որդեգրած նոր կուրսով, որը թուրք-ադրբեջանական կոնֆեդերացիայի հետ դաշնակցելու միտում ունի։ Չեմ կարծում, թե ինչ-որ բան է փոխվել նրանց մտածողության մեջ, այդպիսի մարդկանց հետ նման բան չի լինում։ ՈՒղղակի ազդակներ են եղել «Գազպրոմից», «Լուկօյլից», իսկ հետո այդ գազակերոսինային շահերի շրջանակում ազդակներ եղան նաև ՌԴ նախագահի աշխատակազմից։ Այսպիսով առկա է կոմերցիոն պատվերի կենցաղային կատարում։ Եվրասիացիները հետաքրքիր են ակտուալ քաղաքական առումով ոչ այն պատճառով, որ իրենցից ներկայացնում են Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը որոշող գործունակ խմբավորում։ Նրանք ուղղակի արտահայտում կամ տարածում են այն խնդիրները, որ նրանց առջև դրվում են նախագահի աշխատակազմի և շահագրգիռ ընկերությունների կողմից։ Եվրասիական կողմնորոշման գործիչները, որ Հայաստանն Իրանի հետ համարում էին Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցները, և իրենց ֆունդամենտալ աշխատություններում առաջարկում «բաժանել» Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի, Հայաստանի ու Իրանի միջև, այսօր բացահայտ հայտարարում են, որ Հայաստանից վերցված է այն, ինչ հնարավոր է, և պետք է զոհել նրա շահերը հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դաշինքի։ Իհարկե, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ հայերը ոչ մի ուշադրություն չդարձրին դրան` նախընտրելով կերուխումները բացարձակապես դատարկ մարդկանց հետ` մոսկովյան ցածրակարգ ծախու գրչակների ու պարզ առևտրականների շրջանակից։ Բանը նույնիսկ դա չէ։ Իզուր փորձելով ճանապարհ բացել դեպի իշխանության միջանցքները, այսքան տարիներ գտնվելով դրանց կողքին, բայց ոչ իշխանության մեջ` եվրասիացիները փորձում են ինտեգրացվել իշխանական համակարգում ամենալպրծուն ու կասկածելի ուղղությամբ, ինչպիսիք են Ռուսաստանի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Եվրասիացիների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ հիմա լիովին համապատասխանում է ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորման ռուսական նախագծի» ոգուն ու տրամաբանությանը։ Այսինքն` զոհել հայկական շահերը, հայ ազգի ապագան հանուն ռուսական կոմերցիոն ընկերությունների հետաքրքրությունների։ - Որքանո՞վ են անհուսալի հայ-ռուսական հարաբերությունները։ Ըստ Ձեզ, հասե՞լ է հանգուցալուծման ու Ռուսաստանի հետ սերտ կապերի դադարեցման պահը։ Գոյություն ունի՞ այլընտրանք ռուսամետ կողմնորոշմանը։ - Պետք է ուշադրություն դարձնել, թե Ադրբեջանում ինչպես են շատերը գրգռված Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի փորձերից։ Թեկուզ և պարզ է, որ իրականում դա ընդամենը «բարի մտադրությունների ցուցաբերում» է։ Ակնհայտ է, որքան ցինիկ են սկսել Ռուսաստանին վերաբերվել Սերբիան ու Բուլղարիան։ Ռուսաստանը հայտնվել է ամենամերձավոր ժողովրդի ու պետության` ՈՒկրաինայի հետ պատերազմի շեմին։ Կենտրոնական Ասիայում էլ գրեթե նույնալեզու և նույն ծագումն ունեցող ժողովուրդների միջև կարգավորված չեն հարաբերությունները։ Եթե գոյություն ունեն երկու պետություն կամ քաղաքականության երկու սուբյեկտ, տարաձայնություններն ու նույնիսկ թշնամությունն անխուսափելի են` չնայած վաղեմի քաղաքական և ընդհանուր պաշտպանական բնույթի հարաբերություններին։ Հայ հասարակությունը պետք է շատ լավ գիտակցի 1990-ականների սկզբի դասերը, երբ Ռուսաստանը երկու անգամ ագրեսիա ծավալեց մեր դեմ և 2008-ին, երբ նույն ռուսները, հաջողություններից գլխապտույտ, որոշեցին, որ Հայաստանին կարելի է պարտադրել ցանկացած ինքնասպան որոշում` առանց հատուկ ջանքերի։Բայց խնդիրը դա չէ, այլ այն, թե որքանով կարող է կայանալ ռուս-թուրքական դաշինքը։ Իմ կարծիքով, այդ հեռանկարը կասկածելի է, բայց դրա համատեքստում կա նույն վտանգի երկու ձևաչափ։ Մեզ համար վտանգավոր է տակտիկական դաշինքը։ Ռազմավարական հեռանկարում ցանկացած վտանգ հարաբերական է, որովհետև ռուս-թուրքական դաշինք երբեք չի ձևավորվի, նույնիսկ ընդհանուր հակառակորդի դեմ։ Հայաստանի չափազանց թուլացումը կամ ոչնչացումը քաղաքական բեմահարթակում կհանգեցնի մեծ փոփոխությունների ամբողջ առաջավորասիական և եվրասիական տարածության մեջ։ Դա լավ հասկանում և զգում են ոչ միայն ռուսները, այլև իրանցիները, ամերիկացիները, նույն թուրքերը։ Ներկայում ՀԱՊԿ-ը մեզ համար շատ հարմար անվտանգության համակարգ է, որը դեռ չի վերածվել ռազմաքաղաքական դաշինքի, բայց, անկասկած, ունի այդպիսի հեռանկար։ Եթե անգամ ՀԱՊԿ-ի մի շարք պետություններ, այդ թվում` Հայաստանը, ընդունեն ամերիկյան առաջարկներն ու իրենց տարածքում ԱՄՆ-ի ռազմակայաններ տեղակայեն, դա չի բացառելու ՀԱՊԿ-ի զարգացումը։Թուրքիան ու Ռուսաստանը միմյանց չեն կարող զիջել Եվրասիայում իրենց դիրքերը. հակասությունները չափազանց մեծ են։ Թուրքիան չի կարող հաջողությամբ գոյատևել առանց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերությունների։ Արևելքում ոչինչ և ոչ մեկը չկա, որ կարող էր դառնալ Արևմուտքին այլընտրանք։ Թուրքական շանտաժը շատ լավ հասկանում են ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում, և այդ շանտաժի ռեսուրսներն էլ սպառված են։ Գործնականում Եվրասիայի ու Մերձավոր Արևելքի բոլոր պետությունները փորձում են խուսափել միակողմանի կողմնորոշումից և բազմաբևեռ արտաքին քաղաքականություն կառուցել։ Ժամանակակից աշխարհում չի ստացվում բավականաչափ բազմաբնույթ դաշինքների ձևավորումը, քանի որ պետությունները սովորաբար չեն ձգտում իրենց վրա վերցնել ուրիշների պրոբլեմները։ Ամեն ինչ իր անունով կոչելու դեպքում պիտի ընդունենք, որ այսօր գոյություն ունի միայն երկու հեղինակավոր ու լեգիտիմ դաշինք` ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը, որոնք բոլորովին էլ հետաքրքրված չեն եվրատլանտյան հանրությունից դուրս այլընտրանքների ձևավորմամբ։ ՇՀԿ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք գործընկեր-հակառակորդների հարաբերություններ են։ Թուրքիայի միջազգային դրությունն ապագայում կբնութագրվի միջազգային հանրության մեջ իր տեղի որոնումներով` խորացող մեկուսացման և այդ մեկուսացումն ավելի ծանր դարձնելու մտահոգություններով։ Ադրբեջանի խնդիրները, իր անվտանգության ապահովման առումով, պակաս բարդ չեն, քան Հայաստանինը։ Բայց չկա ոչ մի հիմք մտածելու, թե հիմա և հատկապես ապագայում Ադրբեջանը չի ընտրի Ռուսաստանի հետ հարաբերություններն իբրև առաջնային։ ԱՄՆ-ի դերը Ադրբեջանի անվտանգության ապահովման հարցում թերագնահատվում է։ ԱՄՆ-ի ներկայությունն այդ երկրում բավական հիմնավոր է և շարունակաբար զարգանում է, և ոչ թե Թուրքիան, այլ հենց ԱՄՆ-ն է հանդիսանում Ադրբեջանի անվտանգության իրական երաշխավորը։Միաժամանակ, եթե ռազմավարական հեռանկարն այդքան էլ սարսափելի չէ, ապա մարտավարական սպառնալիքներն ավելի վտանգավոր են։ Հնարավոր է ասածս պարադոքս թվա, բայց չկա այդպիսի բան, եթե նկատի ունենանք Հայաստանի ներքին վիճակը։ 2008-ին «ռուսական նախագծի» ի հայտ գալը ցույց տվեց, որ բավական է հայաստանյան ղեկավարությունը նույնիսկ շատ կոմպլեմենտար ձևով ասի` ոչ, և «ռուսական նախագիծը» փլուզվում է աչքի առջև։ Հիմա Մոսկվայում փորձում են հասկանալ, թե ինչ անել հետո, առաջ մղել այդ հակահայկական ծրագի՞րը, թե՞ արգելակել, որպես դատապարտված արկածախնդիր նախագիծ։ Այսինքն` ավելի վտանգավոր է, որ ընթացիկ քաղաքականության մեջ հայաստանյան ղեկավարությունը երկիրը չներքաշի ծիծաղելի դրության մեջ` ազնվորեն կատարած պարտքի լիարժեք «գիտակցումով»։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն իր հայ գործընկերներին ներքաշել է անձնական, «ախպերային», մանրախնդիր հարաբերությունների դաշտ, որ շատ հարմար է ռուսական գործիչների և կործանարար` Հայաստանի համար։ Այդ հարաբերություններից պետք է դուրս գալ։ Հայաստանյան լիդերներն իրենց ներքին հարցերն ու «ռազբորկաները» մտցրել են արտաքին դաշտ և հենց դրա հետևանքով էլ 2008-ի աշնանը հայտնվեցին շատ անհարմար իրավիճակում, երբ իրենցից բացահայտ պահանջեցին Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։ Այդ պատճառով պետք է զբաղվել քաղաքականությամբ, հույս չդնել ռուսների, թե այլ ընկերների հետ անձնական հարաբերությունների վրա։ Դրա առաջին քայլը կդառնա քաղաքական տեղեկատվության կանոնակարգումն ու համակարգումը։ Անհնար է շարունակել անտեսել քաղաքական վերլուծության ու ծրագրավորման անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում Մոսկվայում իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց ու խմբավորումների արտահայտություններն ու հայտարարությունները միշտ էլ թվալու են ռուսական քաղաքականության ազդակներ, որ իբր ճակատագրական են և քննարկումից դուրս։Ռուսամետ կողմնորոշմանը, որ իրականում վաղուց արդեն չկա, այլընտրանք կարող են հանդիսանալ այլ մտածողությունն ու լուրջ, հետևողական քաղաքական կեցվածքը, եթե հիմնավորված են։ Միջազգային ասպարեզում գողական պահվածքի իրավունք ունեն միայն այս աշխարհի «պախանները», ավելի փոքր նշանակություն ունեցող մասնակիցները պետք է ձևացնեն, թե համաշխարհային քաղաքականությունը լուրջ և հեղինակավոր ոլորտ է։ Թեկուզ գոնե այսպես, մինչև այս մղձավանջը ներծծվի, երբ համաշխարհային քաղաքականության ու գործարար աշխարհի առաջնորդներն էլ պատկերացում չունեն, թե ինչ է լինելու տնտեսության և, առհասարակ, այս աշխարհի հետ։ Lragir. 24-1-2009 - Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ Իրավունք դե-ֆակտո

No comments: