Saturday, January 24, 2009

ՈՍՏԻԿԱՆԻ ՄԱՀԱԿՆ ՈՒ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԼԵԶՈՒՆ

Lragir. 21-1-2009- Անշնորհակալ գործ է գրել Հայաստանի մտավորականության, կամ թեկուզ դրա առանձին ներկայացուցիչների արտահայտած մտքերի եւ դատողությունների մասին, քանի որ դրանով փաստացի ակամա կարեւորում ես այդ մտքերն ու դատողությունները: Իսկ դրանք, վերջին շրջանում, շատ քիչ են կարեւոր, եթե ընդհանրապես համարենք, որ դրանք միտք են կամ դատողություն: Օրինակ, ինչպես միտք կամ դատողություն համարես, էլ չասած կարեւոր համարելու մասին, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի այն արտահայտությունը, որ եթե Հայաստանին ԵԽԽՎ-ում զրկեն էլ ձայնի իրավունքից, ապա ոչինչ չի փոխվի Հայաստանի համար, արեւն էլի արեւելքից կծագի, եւ այդպես շարունակ: Թվում է, թե մարդը մտավորական է, թվում է, թե նա պետք է մի խոսք ասի, որը փաստացի կտարբերվի թե իշխանության, թե ընդդիմության, թե որեւէ քաղաքական փորձագետի խոսքից, կլինի իրավիճակի քաղաքակրթական գնահատական, կբացահայտի իրողության խորությունը, վեր կհանի մի նոր շերտ, հանրությանը կստիպի մտածել անգամ չեղած տեղից: Բայց ահա վեր է կենում եւ ասում, որ միեւնույն է, եթե ձայնից զրկեն էլ, արեւն էլի արեւելքից է ծագելու: Փաստորեն, Լեւոն Անանյանը հասկանում է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայն ունենալ չունենալը, եւ ընդհանրապես ԵԽԽՎ-ն, որեւէ ազդեցություն չունեն բնական գործընթացների, մոլորակի պտույտի, արեւի դիրքի, շարժման կորագծի հետ: Հայ մտավորականին հատուկ ներըմբռնման հիանալի դրսեւորում: Հասարակությունն այսուհետեւ կարող է լինել հանգիստ, քանի որ բնության ընթացքի վրա ԵԽԽՎ որոշումը, ինչ էլ որ այն լինի, որեւէ ազդեցություն չի թողնի, եւ մարտի 1-ին կրկին գարուն կգա: Թվում է, թե մտավորական է նաեւ Լեւոն Իգիթյանը, որը մտքեր ու դատողություններ արտահայտելու փորձ էր անում նույն Լեւոն Անանյանի հետ, երեւանյան մամուլի ակումբներից մեկում, ինչն էլ երեկոյան ցուցադրում էր հեռուստաընկերություններից մեկը, որպես երկրում տեղի ունեցած կարեւոր իրադարձություն, որպես ԵԽԽՎ նստաշրջանից առաջ ծավալված եւ ուժգնացող քննարկումների մաս: Իսկ մտքերն իսկապես ուժգին էին եւ եթե դիպչեին որեւէ մեկի գլխին, ապա ուղեղի ցնցումը կլիներ անխուսափելի: Օրինակ, Լեւոն Իգիթյանը զարմանում էր, թե այդ որ Եվրոպան է մեզ դատում, այն Եվրոպան, ուր թույլատրվում է տղամարդկանց միջեւ ամուսնությունը, թե այն Եվրոպան, ուր հայրը աղջկա հետ է կենակցում: Այդ բանն ասում է հայ, հայաստանցի ճարտարապետը: Այսինքն մեր ցավը թերեւս միայն գրողները չեն, այլ նաեւ ճարտարապետները: Փաստորեն նրա, այսինքն Լեւոն Իգիթյանի պատկերացումներում Եվրոպան տղամարդկանց միջեւ ամուսնությունն է ու աղջկա հետ կենակցող հայրը: Հետաքրքիր է, թե արդյոք Լեւոն Իգիթյանը եղել է Եվրոպայում, եւ արդյոք եղել է ավելի, քան մեկ անգամը: Օրինակ, արդյոք մտավորական Լեւոն Իգիթյանը տեղյակ է, որ օրինակ իսպանական Տեներիֆե կղզում, որը նույնպես Եվրոպա է, գործում է բիո-տրամվայ, որն աշխատում է արեւային էներգիայով: Հազիվ թե: Լեւոն Իգիթյանը Եվրոպայից գիտե միայն տղամարդկանց ամուսնության մասին, հոր եւ աղջկա հարաբերությունների մասին եւ մեկ էլ Ֆելլինիի ու Բերգմանի մասին, ու դրա համար էլ հարցնում է, թե արդյոք Պրեսկոտն ու Կոլոմբիեն Ֆելլինիի եւ Բերգմանի հետ մանկապարտեզ են գնացել, որ իրավունք ունենան դատել մեզ: Նախ, ճարտարապետ մարդը չգիտե, որ Պրեսկոտն ու Կոլոմբիեն մեզ չեն դատում, երկրորդը, նա չգիտե երեւի, որ Ֆելլինին ու Բերգմանն էլ դատավորներ չեն եղել, որ նրանց հետ մանկապարտեզ գնացածներն էլ ստանան դատելու իրավունք: Բայց ցավն իհարկե այն չէ, որ Անանյան կամ Իգիթյան Լեւոնները շատ բաներ թերեւս չգիտեն, կամ գիտեն միայն այն, որ պետք է հայտնել մտքեր, որոնք լինեն իշխանահաճո: Ցավն այն է, որ նրանք չեն կարկամում իրենց իմացածն ու չիմացածը հանրությանը մատուցելուց, մի պահ չեն մտածում ոչ իրենց հեղինակության, ոչ հասարակության առողջության մասին: Ցավը նաեւ այն է, որ հայ մտավորականությունն ունի տարբեր անուն ազգանուններ, բայց ունի մեկ դեմք, մեկ ձայն, մեկ միտք: Իհարկե, կան մարդիկ, որոնց մասին այդպես խոսելը արդարացի չէ, քանի որ նրանք իրապես մտածող, իրապես խոսք ասող, միտք արտահայտող մարդիկ են, բայց անկասկած նրանք էլ համաձայն կլինեն, որ օրինակ եթե անանյաններն, իգիթյանները, դավոյանները, սարգսյանները, աղամյաններն ու այլք ներկայանում են որպես մտավորական, ապա իրենք թերեւս արդեն պետք է ներկայանան այլ կերպ, միայն ոչ որպես մտավորական:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: