Saturday, January 24, 2009

ԲԵՆ ԼԱԴԵՆԸ «ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՎԵԼՈՒ» ՏԵ՞Ղ ՈՒՆԻ

«Առավոտ»- 23.1.2009- Լիբիայի առաջնորդ Մուհամմար Քադդաֆին առաջարկել է ԱՄՆ նոր վարչակազմին երկխոսության մեջ մտնել միջազգային ահաբեկչական ցանցի՝ «Ալ Ղաիդայի» ղեկավար Ուսամա Բեն Լադենի հետ: Ինչպես հաղորդում է newsru.com կայքը՝ այդ գաղափարը Քադդաֆին առաջարկել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ հեռուստակամրջի ժամանակ: Քադդաֆիի կարծիքով՝ Բեն Լադենը վերջին ժամանակներս ազդանշաններ է տալիս՝ Արեւմուտքի հետ բանակցելու մասին: «Ուսամա Բեն Լադենը մի մարդ է, որին պետք է փոխվելու շանս տալ: Հնարավոր է, որ երկխոսության միջոցով մենք հասկանանք, թե ինչն է նրան ստիպել անել այն ամենը, ինչ որ նա արել է»,- ասել է Լիբիայի առաջնորդը: Արեւմտյան դիտորդները նշում են, որ առայժմ «վերադաստիարակված» գործչի ամենավառ օրինակն է ինքը՝ Քադդաֆին: 1980-ականների վերջին Վաշինգտոնը մեղադրել է Լիբիայի հատուկ ծառայություններին մի շարք ահաբեկչական գործողությունների համար: Երկար ժամանակ այդ երկիրը միջազգային մեկուսացման մեջ էր, սակայն 2004-ին Լիբիան վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ինչ վերաբերում է Բեն Լադենին, ապա նա վերջին անգամ իր մասին հիշեցրեց այս տարվա հունվարին՝ իսրայելա-պաղեստինյան հերթական բախման ժամանակ: Իր ձայնային դիմումում նա կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին «ջիհադ» (սրբազան պատերազմ) սկսել Իսրայելի եւ ԱՄՆ-ի դեմ:

No comments: