A1+. 23-1-2009- Հունվարի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում կլսվի Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու հարցը, որի հիմնական պատճառներից մեկը ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունն է: Գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Գագիկ Ջհանգիրյանը, որը եւս քաղբանտարկյալ է, բազմիցս է անվստահություն հայտնել միջազգային կառույցների եւ նրանց որոշ ներկայացուցիչների նկատմամբ: Այսօր փորձեցինք նրանից ճշտել, թե իր կարծիքով` ինչպե՞ս կվարվի ԵԽԽՎ-ն եւ այդ որոշումը ինչպիսի՞ հետեւանքներ կունենա ՀՀ-ի վրա:
-Մենք այսօր էլ չենք վստահում եվրոպական մի քանի բյուրոկրատական կառույցների: Եվ այդ մեր անվստահությունը պայմանավորված չէ միայն մեր` քաղբանտարկյալներիս, խնդրով: Այդ նրանց թեթեւ ձեռքով չէ՞ր, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները հապճեպ, առանց լուրջ ուսումնասիրությունների ու վերլուծությունների գնահատվեցին. «ընդհանուր առմամբ, եվրոպական չափանիշներին ու Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխան»: Նրանց թողտվության արդյունքում չէ՞ր, որ տեղի ունեցան մարտի 1-2-ի իրադարձությունները, սպանդը, տասնյակ ՀՀ քաղաքացիներ զոհվեցին, հարյուրավորները խեղվեցին ու հաշմվեցին: Այդ նրանք չէի՞ն, որ, ըստ էության, հանդուրժեցին ապօրինի հայտարարված հատուկ դրությունը, ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների շաբաթներ շարունակ տեւող անհիմն արգելումներն ու սահմանափակումները: Նրանց մեղքով չէ՞, որ այսօր Հայաստանում իրավական անօրինականության այսպիսի խրախճանք է տիրում, եւ երկրում վեց տասնյակ ու ավել քաղբանտարկյալներ կան: Թույլ տվեք չշարունակեմ թվարկումը: Կարծում եմ` այսքանն էլ լիուլի է, որ մենք շատ չվստահենք այդ կառույցներին, ու հատկապես նրանց որոշ ներկայացուցիչների:
Ինչ վերաբերվում է Խորհրդարանական վեհաժողովի հունվարի 27-ի նիստում քննարկվելիք բանաձեւի խնդրին, ապա կարծում եմ` վարչախումբը միտումնավոր փորձում է «հասարակական կարծիք» ձեւավորել, թե ընդդիմությունն ու նրա առաջնորդը կողմ են ու ամեն ինչ անում են, որ Հայաստանը ձայնից զրկվի Եվրոպական այդ կառույցում: Իրականում ներհայաստանյան միակ շահագրգիռ քաղաքական ուժը, որ կատարվեն Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները ամբողջությամբ, դա Համաժողովրդական շարժումն ու Հայ ազգային կոնգրեսն է, որովհետեւ այդ պահանջների կատարումը ուղղակիորեն բխում է Հայաստանում ազատության ու ժողովրդավարության մեր կենսական պահանջներից: Չկատարելով այդ պահանջները` վարչախումբը չի դադարեցնում հազարավոր ՀՀ քաղաքացիների ամենատարրական իրավունքների ոտնահարումները, վարչական, ոստիկանական ու դատական հալածանքները, ֆիզիկական ուժի , բռնության կիրառումն ու ահաբեկումները:
Բայց բանաձեւերի պահանջների կատարման բոլոր օրենսդրական ու իրավական հնարավորությունները, լծակները իշխանության վարչախմբի ձեռքում են: Նրանք այդ ումի՞ց են բողոքում ու դժգոհում, թե Հայաստանին կարող են զրկել ձայնի իրավունքից: Դա էլ բավական չէ, միայն տղեկներին հատուկ հոխորտ տոնով «աքլորանում» են, թե «զրկում են` զրկեն, առանց Եվրոպայի էլ կապրենք»: Եղբայր, դուք ձեզանից դժգոհեք, որեւէ մեկից դժգոհելու ոչ հիմք ունեք, ոչ առիթ: Ի՞նչ է, այս անգամ ձեր «եվրոպացված» պաշտոնյաները չեն կարողացել խաբել ու «ֆռռացնել» մոնիտորինգի խմբի անդամներին, թե՞ նրանց հոգնեցրել են ձեր գավառական «շուստրիություններն» ու «ժուլիկությունները»:
Ընդդիմությունը իրավիճակից ելք գտնելու, քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ինչ կարողացել` արել է, ձեզ նույնիսկ երկխոսության առաջարկ է արել, այն էլ մի քանի անգամ, հրապարակավ: Դուք մատը մատին չեք խփել, հիմա ընդդիմությունից ի՞նչ եք ուզում:
ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է, պառլամենտ է եւ թե ի՞նչ կոնկրետ որոշում կկայացնի, այս դեպքում դժվար է կռահել: Բայց մի բան պարզ է, որ նրանք հոգնել են մեր իշխանությունների սուտ խոստումներից, պահանջների կատարման իմիտացիոն քայլերից եւ հասկացել են, որ «մերոնք» բանաձեւերի ոչ մի պահանջ էլ կատարելու ցանկություն ու քաղաքական կամք չունեն: Եվ այդպիսի գնահատական-եզրահանգումը նրանք չեն էլ թաքցնում:
Աստված չանի, եթե Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից: Դա մեր հանցագործ պատգամավորների իմացած «կոճակ սեղմելուց» զրկելու իրավունքի խնդիրը չէ. դա միջազգային սանկցիա է, որն իր հետեւից ինքնաբերաբար բերելու է Հայաստանի նկատմամբ աննպաստ վերաբերմունքի ու որոշումների, ոչ միայն միջպետական ու միջազգային կազմակերպությունների հետ ունեցած արտաքին հարաբերություններում, այլեւ տնտեսական, ֆինանսական ու հումանիտար ոլորտներում: Բացի այդ, այն է՛լ ավելի կթուլացնի լեգիտիմության պակասից տառապող մեր իշխանությունների` առանց այն էլ խարխուլ դիրքերը Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում:
Ստացվում է, որ այս ամենի վրա հայրենի մեր իշխանությունները թքած ունեն: Այդ դեպքում, ինչպես ժողովուրդը կասեր` «Աստված իրենց հետ», թող վարվեն ինչպես ուզում են:
-Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ԵԽ մոնիտորինգի խմբի համազեկուցողներն այս այցի ընթացքում չհանդիպեցին քաղբանտարկյալների եւ ընդդիմության առաջնորդների հետ: Նրանց համար ամեն ինչ պա՞րզ էր:
-Կարծում եմ` ընդդիմության ներկայացուցիչների ու մեզ հետ հանդիպման կարիք նրանք չեն ունեցել ու ասեմ, թե ինչու: Նախ, նրանք քաջ տեղեկացված են քաղբանտարկյալներից յուրաքանչյուրի գործի մանրամասներին ու ընթացքին` շնորհիվ մեր պաշտպանների ու ՀԱԿ-ի գրասենյակի պատասխանատուների: Երկրորդ` տեղեկացված են նաեւ շարժման մեր առաջնորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի, երկու բանաձեւերի առնչությամբ տրված գնահատականներին: Երրորդ` նրանք եւս հստակ գիտակցում են, որ Վեհաժողովի բանաձեւերի պահանջների կատարումը ամբողջապես իշխանությունների գործն ու խնդիրն է: Դրա համար էլ մեզ հետ ժամավաճառության անհրաժեշտություն չեն ունեցել: Մենք էլ դրան ըմբռնումով ենք մոտեցել:
-Անկախ ԵԽԽՎ-ի որոշումից` այլեւս փաստ է, որ միջազգային հանրությունը կասկածներ չունի, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ: Ինչպե՞ս դա նույն միջազգային հանրության կողմից կարող է օգտագործվել ՀՀ-ի դեմ:
-Իհարկե, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Վեհաժողովը, մոնիտորինգի հանձնաժողովը ի լուր աշխարհի ճանաչել է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, եւ դա մեծապես վնաս է հասցնում նախագահական կեղծված ընտրություններով ու մարտի 1-ի դեպքերով թուլացած Հայաստան պետության միջազգային վարկին ու հեղինակությանը: Եվ եթե Խորհրդարանական վեհաժողովը իր որոշմամբ վավերացրեց քաղբանտարկյալների առկայության փաստը, այն կօգտագործվի Հայաստանի դեմ հնարավոր ու անհնար բոլոր ատյաններում, հատկապես մեր հարեւան երկրի կողմից: Եվրոպական հանրությունը, Եվրոպայի առանձին երկրներ, ներդրումային կազմակերպություններ ու անհատներ Հայաստանին վերաբերվում են որոշակի վերապահումներով, զգուշավորությամբ: Մի խոսքով` մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների նման անթաքույց, զանգվածային խախտումները Հայաստանում չեն կարող անտեսվել ու անհետեւանք մնալ Եվրոպական ընտանիքի կողմից:
-Վերջերս ՀԱԿ-ը շատ է կարեւորում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:
-Համաժողովրդական շարժումն ու նրա առաջնորդը միշտ էլ կարեւորել են մեր ազատ արձակման խնդիրը եւ նաեւ այդ պահանջի կատարումը դիտարկել որպես իշխանությունների հետ երկխոսության սկսման միակ նախապայման: Այժմ այդ պահանջը ներառված է նաեւ վեհաժողովի մոնիտորինգի խմբի ընդունված ձեւակերպման մեջ: Այս կապակցությամբ կցանկանայի արտահայտել ոչ միայն իմ, այլեւ իմ քաղբանտարկյալ բոլոր ընկերների տեսակետը: Մեր ազատ արձակումը չի կարող դիտվել որպես համաժողովրդական շարժման գլխավոր նպատակ ու գերխնդիր: Մենք ճաղավանդակների հետեւում հայտնվել ենք երկրում սահմանադրական կարգն ու ժողովրդավարությունը վերականգնելու խիստ որոշակի պատճառով: Այնպես որ, մենք չենք ազատազրկվել, որ հետո ազատ արձակվենք ու ամեն ինչ ավարտվի: Մեր ազատության մեջ հայտնվելը կամ կլինի ազատության ու ժողովրդավարության հաղթանակի անմիջական հետեւանք, կամ վատագույն դեպքում այդ հաղթանակի շուտափույթ միջոց ու գործիք կծառայի:
-Դուք բազմիցս եք խոսել «7-ի գործի» վերաբերյալ: Գործը կարծես դատարանում է, մինչդեռ անընդհատ հետաձգվում է առանց որեւէ լուրջ հիմնավորման: Ձեր կարծիքով, ինչո՞վ այն կավարտի, դեռ որքա՞ն դատավոր Մարտիրոսյանը կարող է ձգձգել դատավարությունը`քաղբանտարկյալների ոտքի չկանգնելու պատրվակով:
-ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է դատարանին վերաբերվել նրա օբյեկտիվության, անկողմնակալության, անաչառության կանխավարկածով: Բայց վկայակոչված հատկանիշների պակասից տառապող ՀՀ դատարանները նախագահական փետրվարյան ընտրություններից անմիջապես առաջ ու հետո մեկ հրահանգով իսպառ դադարել են ինքնուրույն իշխանություն ներկայացնելուց ու անկախ դատարան լինելուց: Նրանք դարձել են ոչ թե գործադիր իշխանության կցորդը, ոչ թե հավելվածը, այլ ուղղակի խամաճիկը, ձեռնածուն: Նրանց ինչպես ուզում, այնպես էլ շուռ են տալիս կամ գործածում: Այն ապօրինություններն ու բացահայտ հանցագործությունները, որոնք կատարվել են մեր դատարանների կողմից վերջին մեկ տարվա ընթացքում, իրենց ծավալով ու գործած անիրավությունների անսքող սանձարձակությամբ, բազմապատիկ անգամ ավելին են, քան նախորդ տասը տարվա ընթացքում կատարվածը: Օրինակները բազմաթիվ են:
Հիմա «7-ի գործով» ոչ միայն մեղադրյալների պաշտպանները, մարտի 1-2-ի սպանվածների հարազատներն ու ծնողները, ոչ միայն ընդդիմությունն ու ողջ հայ ժողովուրդը, այլեւ արդեն Վեհաժողովի մոնիտորինգի խումբը, Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարն ու այլ իրավապաշտպան կազմակերպություններ գտնում են, որ առաջադրված մեղադրանքները անհիմն են, քաղաքական են եւ պահանջում են նրանց անհապաղ ազատ արձակել: Իսկ մեր իշխանությունների իբր հեչ վեջը չի եւ մտադրվել են մի 2-3 տարի դատավարություն անեն, հետո տեսնեն` ինչ կլինի, ով կմեռնի, ով ողջ կմնա:
Դե, հանիրավի անբաստանվող մեր քաղաքական բանտարկյալ ընկերներն էլ, ի նշան բողոքի ու անվստահության դատական համակարգի նման վիճակի, ոտքի չեն կանգնում: Հիմա դատավորը ինչքան ուզում է թող նիստերը հետաձգի, մեկ է` չեն կանգնելու: Դա իմ ընկերների քաղաքական դիրքորոշումն է ու իրավունքը: Եվ ես պարտավոր եմ հարգել այդ իրավունքը:
-Որպես գլխավոր դատախազի նախկին տեղակալ այսօր ինչպե՞ս եք գնահատում գլխավոր դատախազության աշխատանքը:
-Ձեր հարցին մի ճշգրտում կատարեմ: Գործող Սահմանադրության եւ օրենքների հիման վրա` ես դեռեւս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ եմ եւ ոչ թե նախկին տեղակալ: Ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի ապօրինի հրամանագիրը առ այսօր «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժի մեջ չի մտել, քանի որ այն մինչ այժմ ինձ հանձնված չէ: Ուղղակի, իրավաբանական այդ անվիճելի փաստը մեր դատարանները առայժմ չեն ընդունում, ինչպես որ չեն ընդունում շատ ու շատ այլ օբյեկտիվ իրողություններ: Ուստի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Գագիկ Ջհանգիրյանը «հարկադիր պարապուրդի» մեջ է:
Ոչ մի կերպ էլ չեմ գնահատում գլխավոր դատախազի աշխատանքը: Գտնում եմ, որ մենք հանրապետությունում չունենք օրենքն ու օրինականությունը պաշտպանող նման մարմին: ՀՀ դատախազությունը լիովին վերածվել է սպասարկող, հլու հնազանդ, քաղաքական հետապնդման մարմնի: Վստահ եմ` համաժողովրդական շարժման հաղթանակից հետո այն, ինչպես նաեւ մեր քննչական ու դատական մարմինները վերակազմելու, եթե կուզեք, վերաստեղծելու խնդիր է դրվելու: Իսկ դրան պետք է նախապատրաստվել այսօրվանից:
-Մարտի 1-ից անցել է գրեթե մեկ տարի, սակայն մինչ օրս որեւէ մեկը չի պատժվել սպանությունների համար, նույնիսկ անուն հայտնի չէ, թե ով է կրակել: Ձեր կարծիքով` այդքան դժվա՞ր է բացահայտելը:
-Իհարկե դժվար չէ, եւ եթե կուզեք, այդ սպանություններ կատարողներն ու նրանց ապօրինի հրաման տվողները ռեժիմի պարագլուխների համար վաղուց հայտնի են: Բայց նրանք ի զորու չեն եւ չեն կարող որեւէ մարդասպանի կամ նույնիսկ մարմնական վնասվածք պատճառած իշխանական ու ոստիկանական ստահակի քրեական պատասխանատվության կանչել: Ասեմ ինչու: Շատ պարզ ու հասկանալի պատճառով, որովհետեւ բոլոր այդ մարդասպանները այդ հանցանքները կատարել են իրենց վերադասների, ռեժիմի պարագլուխների հրամանով եւ պարտադրմամբ: Բավական է նրանցից թեկուզ մեկին ձերբակալեն ու կալանավորեն` հանցավոր ամբողջ կծիկը կքանդվի: Կատարված սպանդի ու արյունահեղության ողջ ներքին խոհանոցը կբացահայտվի: Ահա թե ինչու այդ հանցագործությունները չեն կարող բացահայտել ոչ միայն հատուկ քննչական ծառայությունն ու դատախազությունը, այլեւ նիկոյանների հանձնաժողովը կամ նմանատիպ այլ մարմինները եւս:
-Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը Աժ-ում հայտարարել է, որ մարտի 1-ին ընդամենը մեկ դիպուկահար է եղել, այն իր հրահանգով է գործել եւ ընդամենը կրակել է մեկ ցուցարարի ոտքին, որը մինչ օրս հայտնաբերված չէ: Ընդհանրապես, նման իրավիճակներում ո՞ւմ որոշմամբ են հայտնվում դիպուկահարները եւ ո՞ւմ հրահանգով գործում: Ձեր կարծիքով` ի՞նչ նպատակ է հետապնդում Գրիգոր Գրիգորյանի այդ «ինքնաբուխ» խոստովանությունները:
-Որ մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ դիպուկահարներ են գործել (եւ ոչ մեկը), թաքցնել հնարավոր չէ: Դրա ամենավառ ապացույցը մեծ հեռավորությունից վերից վար արձակված նշանառու կրակոցներն են, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ ոչ միայն հրազենային-գնդակային վնասվածքներ են ստացել, այլ այդ վնասվածքներից զոհվել, սպանվել են: Դրա հիմնավորումն ու ապացուցումը ուղղակի քննության խնդիր է, որը վերը նշված նկատառումներով առայժմ ոչ մեկը չի կատարելու: Խաղաղ հանրահավաքի մասնակիցներին, ինքնապաշտպանության դիմած ցուցարարների դեմ հրազեն գործադրելու հրաման կարող է տալ միայն զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Այլ հարց է, թե ո՞վ է այն փոխանցել եւ ո՞ւմ են փոխանցել. ՀՀ ոստիկանապետի՞ն, թե՞ ՆԶ հրամանատարին, թե՞ մեկ այլ երրորդ պաշտոնյայի: Դրա պարզելը այնքան էլ դժվար ու բարդ խնդիր չէ: Բավական է մի քանի հարցաքննություն ու առերեսում` ամեն ինչ ջրի երես դուրս կգա:
Իսկ այն պատճառաբանություն-հայտարարությունները, թե յուրաքանչյուր զինծառայող ու ոստիկան իրավասու է զենք գործադրել որոշակի հանգամանքներում, դա բոլորին հայտնի քրեաիրավական ինստիտուտներն են: Բայց ասվածը չի կարող վերաբերվել սեփական քաղաքացիների դեմ ռազմական ուժ գործադրելու պարագային: Սա է խնդիրը:
-Ձեր կարծիքով` մարտի 1 օպերացիաները` սպանդը, ծեծ ու ջարդը ո՞ւմ ծարգիրն է, այն նախապե՞ս էր մշակված, թե՞ իշխանությունները վերջին պահին նման որոշում կայացրեցին իշխանությունը պահելու համար:
-Ավելի քան վստահ եմ եւ կարող եմ փաստերով հիմնավորել, որ «Ազատության» հրապարակի մարտի 1-ի լուսաբացի ոստիկանական բռի, վայրենի գործողությունը նախօրոք ծրագրված, մշակված, մանրամասն նախապատրաստված օպերացիա էր: Այն որեւէ կապ չուներ զենք, զինամթերք «հայտնաբերելու» կամ «քննչական գործողություն» կատարելու իշխանական վարկածի հետ: Բայց օրվա երկրորդ կեսին եւ լույս երկուսի գիշերը ձեռնարկած ռազմական գործողությունները, մեծ հավանականությամբ, կարելի է կարծել, որ նախապատրաստել ու ծրագրել են մարտի 1-ի կեսօրից հետո: Ասածս հիմնավորեմ: Մարտի 1-ի առավոտյան դեռեւս քնած ժողովրդի ջարդը «Ազատության» հրապարակում մեկ նպատակ ուներ` կոտրել համաժողովրդական շարժման ոգին, ծեծել, փշրել ու ձերբակալել շարժման ակտիվիստներին, որից հետո, ըստ վարչախմբի կանխատեսումների, ամեն ինչ կավարտվեր, ինչպես 2004թ. ապրիլին, ու ժողովուրդը «ծակը կմտներ»: Այս անգամ այդ ծրագիրը չաշխատեց: Ժողովուրդը ոչ միայն չընկրկեց ու չթաքնվեց, այլեւ մեծաթիվ ու հոծ խմբերով հավաքվեց Մյասնիկյանի արձանի, Ֆրանսիայի դեսպանատան ու քաղաքապետարանի հարող տարածքում, պատրաստ ու վճռական շարունակել իր պայքարը ազատության ու արդարության համար: Ուստի, հապշտապ ծրագրվեց ու գործողության մեջ դրվեց հաջորդ սպանությունների ու արյունահեղության ծրագիրը: Իշխանությունը պետք էր պահել ամեն, նույնիսկ արյան գնով: Ահա որտեղից այդ երկրորդ, ռազմական փուլի այդքան անհամապատասխանությունն ու մասնակցող ստորաբաժանումների աններդաշնակ գործողությունները:
-Շրջանառության մեջ էր դրվել մի տեսակետ, թե ընդդիմությունը գիտեր` հանրահավաքները ինչով կավարտվեն: Ի՞նչ կասեք այս մասին: Կոնկրետ Դուք սպասո՞ւմ էիք, որ ձեր եւ ձեր եղբոր վրա կհարձակվեն, նույնիսկ կկրակեն
Ընդհանրապես սպասելի՞ էր, որ իշխանությունները զենք կբարձրացնեն ժողովրդի վրա:
-Ընդդիմությունը որտեղի՞ց կարող էր իմանալ, թե ինչպես իրենց կդրսեւորեն իշխանությունները: Կամ ես կարո՞ղ էի ենթադրել, որ ռեժիմը ինձ ֆիզիկապես վերացնելու հրաման կարձակի: Այդ բոլորը հիվանդ մարդկանց հիվանդ ենթադրություններ են: Բայց որ ես եւ վստահ եմ նաեւ ոչ մի նորմալ հայ, վատ երազում էլ չէր կարող ենթադրել, որ ռեժիմը պատրաստ է հատուկ միջոցներ ու մարտական զենք կիրառել սեփական քաղաքացիների, խաղաղ, առանց զենքի հանրահավաքի մասնակիցների ու նաեւ կանանց, երեխաների ու ծերերի նկատմամբ: Դա միանշանակ է:
-Ձեզ ձերբակալեցին «Ազատության» հրապարակում հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Ձեր արած հայտարարությունից հետո: Դուք այդ օրը ասացիք, որ գործը չպետք է կարճվեր, քանի որ կազմակերպիչների մասով բացահայտված չէ: Ի՞նչ եք կարծում, «հոկտեմբերի 27-ը» կազմակերպված էր Հայաստանյա՞ն շրջանակներում, թե՞ դրսի ուժերի կողմից:
-Կարծում եմ, թե ձեր այդ եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը պայմանավորված է «անջատված մասի» ապագա լրացուցիչ քննության արդյունքներով:
-Եթե դուք չհայտնվեիք «Ազատության» հրապարակում եւ ելույթ չունենայիք, Ձեզ կձերբակալեի՞ն, թե՞ ոչ:
-Իհարկե չէին ձերբակալի, ավելին ես կշարունակեի իմ պաշտոնավարումը:
-Ինչո՞վ կավարտվի ընդդիմության պայքարը, ժողովրդի մի զանգվածն այսօր կտրուկ քայլերի է սպասում, որը այս պահին չի տեսնում:
-Ժողովրդի պայքարը կավարտվի հաղթանակով: Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որովհետեւ դա մեր երկրի հաղթանակն է, մեզանից յուրաքանչյուրի հաղթանակը, հաղթանակ, որ մեր երեխաներին ու թոռներին հնարավորություն է տալու ապրել ազատ երկրում, ապրել արժանապատիվ ու ապահով կյանքով:
-Իշխանությունները կարծես թե փորձում են վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածները: Համենայնդեպս, դրա մասին ակտիվ սկսել են խոսել: Ձեր կարծիքով` ի՞նչ նպատակ են հետապնդում առաջարկվող փոփոխությունները:
-Ես առիթներ ունեցել եմ հայտարարելու եւ հիմնավորելու, որ 7-ի գործով իմ ընկերների գործողություններում բացակայում է ՀՀ Քր Օր.-ի 300 եւ 225 հոդվածներով նախատեսված հանցագործությունները: Նրանց արարքներում չկան այդ հանցակազմերի եւ ոչ մի հատկանիշ: Դա հիմնավորել ու փաստարկել եմ նաեւ հիմնվելով 7-ի գործով մեղադրական եզրակացության վրա: Ես զգուշացնում էի, որ այդ հանցակազմերին ՀՀ գլխավոր դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը տվել են շատ լայն, կամային ու միանգամայն սուբյեկտիվ մեկնաբանություն: Դատարաններն էլ վախենում ու չէին համարձակվում այլ դիրքորոշում արտահայտել: Այդ մեղադրանքների առաջադրման առաջին իսկ օրվանից նույն բանն են պնդում ու հայտարարում անհիմն ամբաստանվողների բոլոր պաշտպանները: Մեր տեսակետին այժմ միացել են արդեն Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնախումբը:
Հիմա ներքին ու արտաքին աննախադեպ ճնշումների տակ ռեժիմը ստիպված է նրանց ազատ արձակել, նաեւ այդ պատճառով է անընդհատ հետաձգվում 7-ի գործով դատավարությունը: Վարչախումբը իր «դեմքը փրկելու» խնդիր է փորձում լուծել, երբ առաջարկում է փոփոխություններ կատարել վերը նշված հոդվածներում, թե «տեսեք, իշխանության յուրացման զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող անձիք ազատ արձակվեցին, ոչ այն պատճառով, որ նրանք անմեղ էին, այլ օրենքը փոխվեց, մենք ի՞նչ անենք»: Երեխայական ու ծիծաղելի բացատրություն:
Ավելի ազնիվ ու սկզբունքային չէ՞ր լինի, արդյոք, եթե գործով ավագ մեղադրողը հրաժարվեր անհիմն մեղադրանքից: Կարծում եմ` սա իշխանությունների համար ավելի ձեռնտու կլիներ, քան ջայլամի նման գլուխը ավազի մեջ խոթելը ու թե «ես ոչինչ չեմ տեսնում ու չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»: Առավել եւս, որ ՀՀ շահերից չի բխում ՀՀ «Քրեական օրենսգրքի» այդ հոդվածների աղճատումը: Յուրքանչյուր պետություն պարտավոր է պաշտպանել իրեն` օրենքով սահմանված կարգով ժողովրդի կողմից իրեն տրված իշխանության բռնի յուրացումից ու զավթումից:
Այնպես որ, ճիշտ կլինի գլխավոր դատախազության անգրագիտությունն ու ոչ կոմպետենտությունը չփորձեն բարդել օրենքի վրա:
Զրուցեց Քնարիկ Իսոյանը
Saturday, January 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment