Thursday, January 22, 2009

Վլադիմիր Կարապետյան. «Թուլացված Հայաստանը դժվար թե կարողանա մեզ համար ձեռնտու փաստաթուղթ ստորագրել»

«Ազատություն» -21.1.2009- Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը տարօրինակ է համարում առաջիկա ամռանը ղարաբաղյան կարգավորման շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին խոսակցությունները: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հայտարարել էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Սեղանի վրա դրված միակ փաստաթուղթը հակամարտության կարգավորման բազային հիմնադրույթների վերաբերյալ է: Դա նույն Մադրիդյան փաստաթուղթն է, որին իրենց հավատարմությունն են հայտնել կողմերը՝ ստորագրելով Մոսկովյան հռչակագիրը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Կարապետյանը: Այն պայմաններում, երբ համաձայնեցված չէ անգամ բազային կարգավորման փաստաթուղթը, Կարապետյանի համար անհասկանալի են վերջնական փաստաթղթի մասին խոսակցությունները: Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատուն գտնում է, որ, հաշվի առնելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակության ձայնազրկման սպառնալիքը, ներկայումս դժվար է Ղարաբաղի հարցում որեւէ հայանպաստ փաստաթուղթ ակնկալելը: «Թուլացված Հայաստանը դժվար թե կարողանա մեզ համար ձեռնտու փաստաթուղթ ստորագրել», - կարծիք հայտնեց Վլադիմիր Կարապետյանը: Տիգրան Ավետիսյան

No comments: