Thursday, January 22, 2009

Առաջիկա տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր է՝ տեղաշարժեր լինեն. հայ թուրքագետ

HayInf0- 21.1.2009- Հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր են որոշակի դրական տեղաշարժեր այս տարվա ընթացքում, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան «Դա պայմանավորված կլինի հիմնականում նրանով, թե որքանով թուրքական դիվանագիտությունը կկարողանա ազատվել Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր քաղաքականությունից և աստիճանաբար կսկսի մոտենալ Հայաստանի դիրքորոշմանը, այն է՝ հարաբերությունների հաստատում առանց որևէ նախապայմանի», - չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։ Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։ Սաֆրաստյանը նկատեց, որ այսօրվա դրությամբ սկզբունքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների միջև սահմանը շարունակում է փակ մնալ։ «Սակայն մյուս կողմից կան փոքր դրական տեղաշարժեր, որոնք կապված են այսպես-կոչված «ֆուտբոլային դիվանագիտության հետ». Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև ուղղակի կապ հաստատվեց, որը շարունակության միտում ունի», - պարզաբանեց նա։ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Երևան էր եկել սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով՝ երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը սեպտեմբերի 6-ին Երևանում դիտելու համար։ Այս հանգամանքը հատուկ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ «ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություններ չեն տարվում, սակայն ես ենթադրում եմ, որ նման կապեր տեղի են ունենում», - ասաց նա։ Միաժամանակ թուրքագետը կարծում է, որ այդ բանակցությունները դեռևս կոնկրետ արդյունքների չեն հանգեցրել։ «Այդ մասին վկայում է այն, որ ոչ թուրքական և ոչ էլ հայկական կողմից որևէ կարևոր սկզբունքային հայտարարություններ չեն հնչում», - պարզաբանեց Սաֆրաստյանը։

No comments: