Wednesday, January 21, 2009

«Հայե'ր, ներեք մեզ» կոչի տակ ստորագրվածների մեծ մասը ուսանողներ են

/PanARMENIAN.Net/. 19-1-2009- Դեկտեմբերի 15-ին Ինտերնետում զետեղված «Հայե'ր, ներեք մեզ» կոչը մինչեւ հունվարի 15-ը հավաքել է շուրջ 27 516 ստորագրություն: Ստորագրվածների մեծ մասը թուրք ուսանողներ եւ պրոֆեսորներ են: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ըստ ozurdiliyoruz.com կայքի, 27 516 ստորագրվածներից 6 300-ը ուսանողներ են, 1700-ը՝ բուհերի դասախոսներ, 1200-ը՝ ինժեներներ ու աշխատանքային ազատ գրաֆիկ ունեցող մարդիկ, 1000-ը՝ այս պահի դրությամբ աշխատանք չունեն, 700-ը՝ փաստաբաններ են տնային տնտեսուհիներ, 600-ը՝ լրագրողներ, 500-ը՝ ֆիզիկոսներ եւ այլն: «Հայե'ր, ներեք մեզ» ակցիային մասնակցած ամենաակտիվ թուրքական քաղաքների թվում առաջին տեղում Ստամբուլն է 9 937 ստորագրությամբ: Երկրորդ տեղում Անկարան է 2 129 ստորագրությամբ: Երրորդ տեղում Իզմիրն ու Դիարբեքիրն են 1 423 ստորագրությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Միեւնույն ժամանակ ակցիային միացել են նաեւ 3 793 հոգի աշխարհի 63 երկրներից: «Օտար երկրների ցուցակում առաջինը Գերմանիան է 1 729 ստորագրությամբ,հաջորդը ԱՄՆ-ն է՝ 343 ստորագրությամբ, այնուհետեւ գալիս են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Ավստրիան, Շվեդիան, Կանադան, Բելգիան, Ավստրալիան, Դանիան ու Հոլանդիան: Ճապոնիայից ու Սաուդյան Արաբիայից ստորագրվել է 5 մարդ, Ադրբեջանից՝ 4 մարդ: Հայաստանից, ԼՂՀ-ից, Չինաստանից, Քաթարից, Կոլումբիայից, Գրենլանդիայից, Կոսովոյից, Էկվադորից, Կենիայից եւ Սինգապուրից մեկական մարդ է ստորագրվել»,-ասվում է հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 15-ին Ինտերնետում զետեղված «Հայե'ր, ներեք մեզ» կոչը մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն: Այս պահի դրությամբ ստորագրվել է շուրջ 27 հազար հոգի: Ակցիայի նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: «Ես չեմ կարող հաշտվել անարդարության հետ Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած այս աղետի եւ նրա ժխտման հարցում: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ իմ կամքով,կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»,-ասվում է կոչում:

No comments: