Tuesday, January 13, 2009

Իսրայելը սպառնում է Թուրքիային Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմամբ

Երեւան (Երկիր) . 12-1-2009- Իսրայելի արտգործնախարարությունը, հակազդելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գազայի հատվածում իրականացվող գործողության առնչությամբ Իսրայելի հասցեին արված խիստ քննադատություններին, հայտարարել է, որ իրենք էլ Օսմանյան Թուրքիայում 1915-ի իրադարձությունները կարող են ընդունել որպես ցեղասպանություն: Այս մասին, ըստ «Նոյյան տապանի», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: «Էրդողանը ասում է, թե Գազայում ցեղասպանություն է իրականացվում: Մենք էլ Թուրքիայում հայերի հետ կապված իրադարձություննե՞րը պետք է ընդունենք որպես ցեղասպանություն»,- հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար, Կնեսետի պատգամավոր Մաժալլի Ուահաբին: Գազայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր լարվածություն է նկատվում թուրք-իսրայելական հարաբերություններում: Իսրայելական մամուլի համաձայն` խզվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լավ հարաբերություններն իր իսրայելցի գործընկեր Էհուդ Օլմերտի հետ: Իսկ անցած շաբաթ պաշտոնական Անկարան մերժել էր Իսրայելի ԱԳՆ ղեկավարի` Թուրքիա այցելելու ցանկությունը:«Հաարեց» թերթը, անդրադառնալով Գազայի հատվածում իրականացվող գործողության պատճառով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած լարվածությանը, գրում է, որ Թուրքիան, միեւնույն է, կզգա Իսրայելի կարիքը, երբ ԱՄՆ Կոնգրեսն անդրադառնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւին:

No comments: