/PanARMENIAN.Net/ 24-1-2009- Վրաստանի` որպես կայսրության պահպանման եւ ամրապնդման ողջ գործընթացը Աբխազիայից եւ Հարավային Օսիայից վերջնականորեն տեղափոխվեց վերջինիս փաստացի տարածքի հարավային շրջաններ, մասնավորաբար` Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) հայկական տարածաշրջան: Ամբողջապես զրկվելով արդեն իրենց անկախության միջազգային ճանաչման գործընթացն ապրող Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գործողություններ իրականացնելու հնարավորությունից, վրացական իշխանությունները ձեռնամուխ են լինում իրենց դիրքերն ամեն գնով ամրապնդել այլ տարածքներում: Ներկայումս այդ թիրախն է հայկական Ջավախքը, որտեղ էլ վերջիններս ձեռնամուխ են լինում գցելու իրենց պետական քաղաքականության խարիսխը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի ստացած նամակում ասում է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Վահե Սարգսյանի մեկնաբանության մեջ: Ինչպես մի մռնչացող կենդանի, որն իր վերջին ճիգերն է գործադրում` հասնելու վանդակաճաղերի կոտրմանն ու ցանկալի ազատությանը, Վրաստանը անցել է գործի: Այդպիսի վանդակաճաղեր է նա դիտարկում բոլոր այն կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որոնք, ըստ վրացական իշխանությունների, կարող են պայքարել հանուն իրենց ազգային եւ կրոնական իրավունքների պաշտպանության:
Այդպիսի գործունեություն են իրականացրել նաեւ Ախալցխայի երիտասարդական կենտրոնն ու «Շառլ Ազնավուր» բարեգործական միությունը:
Ախալցխայի երիտասարդական կենտրոնը հիմնվել է 2006թ.` տեղի երիտասարդության նախաձեռնությամբ եւ Հայ Օգնության Միության Ջավախքի օգնության ծրագրերի հանձնախմբի օժանդակությամբ: Հիմնադրումից` 2006 թվականից, մինչ օրս Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրենն է Գրիգոր Մինասյանը: Սա Սամցխեի տարածքում գործող միակ երիտասարդական-մշակութային հայկական օջախն է, որտեղ այցելում են տեղի արվեստասեր ու շնորհալի երիտասարդները` փորձելով այդպիսով անսասան պահել ու համահայկական փառատոներում ներկայացնել պատմական Ախալցխայի ոգեղեն մշակույթը: ,Շառլ Ազնավուրե բարեգործական միությունը հիմնադրվել է 1990թ. Ախալցխայում: Հասարակական կազմակերպության ներկայիս նախագահն է Սերգեյ Հակոբջանյանը:
Զավեշտական է, երբ այս կազմակերպությունների ղեկավարները, որոնք Ջավախքի տարածքում հայապահպանական, մշակութային, հասարակական եւ սոցիալական հարցեր բարձրացնելուց եւ դրանց լուծման ուղիներ որոնելուց բացի` աչքի չեն ընկել ոչ մի այլ գործունեությամբ, ձերբակալվում են Վրաստանի Ներքին Գործերի նախարարության Հակահետախուզական դեպարտամենտի ներկայացուցիչների կողմից: Առավել զավեշտական է, երբ նույն մարդիկ մեղադրվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասով (անօրինական զինված խմբավորումների ստեղծում եւ ղեկավարում) եւ 314 հոդվածի առաջին մասով (լրտեսություն): Վերոնշյալ անձանց նկատմամբ ներկայացնելով նման մեղադրանքներ, Վրաստանը մեկ անգամ եւս ապացուցում է իր` դիկտատուրայի եւ բռնատիրության ճանապարհով պետություն կազմավորելու հանգամանքը:
Խուզարկությունների ընթացքում (կազմակերությունների գրասենյակների եւ բնակարանների) այդպես էլ չգտնելով զենքի կամ այլ հակաօրինական առարկայի գոյություն, Գրիգոր Մինասյանին եւ Սերգեյ Հակոբջանյանին ներկայացնելով նման մեղադրանքներ, իրենց այդ գործողություններով զարմանք եւ պետության նկատմամբ ատելություն տարածելով ոչ միայն ջավախքահայերի, այլեւ Ջավախքում (Ախալցխայում) ապրող վրացիների շրջանում, Վրաստանի իշխանությունները լցնում են արդեն բոլորի համբերության բաժակը: Պատահական չենք նշում հենց վրացիների պարագան, քանի որ երկու անձիք էլ եղել են հայտնի եւ հարգված անձնավորություն ոչ միայն հայկական, այլեւ` վրացական շրջանակներում: Ավելացնենք նաեւ, որ կատարվածի առթիվ իրենց մտահոգությունը եւ բողոքն են արտահայտել նաեւ ջավախքաբնակ վրացիները:
Որ այս ամենն ունի զուտ քաղաքական եւ ոչ քրեական հիմք, ապացուցում են ոչ միայն քրեական գործ հարուցելու համար համապատասխան փաստերի իսպառ բացակայությունը, այլ նաեւ ուրիշ հանգամանքներ: Ձերբակալությունների հնարավոր նպատակը կարող է լինել Վրաստանի կողմից քաղաքական-եկեղեցական առեւտրի սկսումը հայկական կողմի հետ, երբ իր եկեղեցական քաղաքականության արդյունքում Վրաստանը փորձում է վերջնականորեն զավթել Ախալցխայի միջնադարյան հայկական կոթողը` Սբ. Նշանն ու մի շարք այլ եկեղեցիներ Ջավախքի տարածքում: Պատահական չէր ,թիրախիե` Գրիգոր Մինասյանի ընտրությունը, որը մի քանի օր առաջ (2009թ. հունվարի 7-ին) բռնազավթված հայկական եկեղեցում հետխորհրդային շրջանում գրեթե առաջին անգամ կատարել էր եկեղեցական ծիսակատարության` Մկրտության եւ Դրոշմի (ժողովրդական լեզվով` Կնունքի) արարողություն: Այդ օրը Սբ. Նշանում կնքվել էին Գրիգոր Մինասյանի եւ իր եղբոր` Արթուր Մինասյանի երեխաները: Պարզ էր, որ այդ ամենը շարունակական լինելու պարագայում Վրաստանը կարող էր կարճ ժամանակ անց ,կորցնելե Սբ. Նշանը: Ձերբակալելով վերոնշյալ անձանց` Վրաստանը դրանով փորձում է Սամցխեի (Ախալցխայի) տարածքում վերջնականորեն մարել հայկական գործոնը եւ անցնել Ջավախքի մեկ այլ` Ախալքալաք-Նինոծմինդայի տարածք: Դեպքերի նման շարունակական ընթացքի պայմաններում նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի, ինչպես նաեւ այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներին:
Փաստորեն, մարդը, որը քաղաքականապես ակտիվ է իր շրջապատում, Վրաստանում դիտարկվում է լրտես կամ
տեռորիստ: Իրերի նման զարգացումը բերելու է ոչ թե Վրաստանի համար ցանկալի ու սպասված, այլ բոլորովին այլ արդյունքների:
Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է երկու քաղաքացիների, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորման ձեւավորման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հունվարի 22-ին ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների՝ Գրիգոլ (Գրիգոր) Մինասյանին ու Սարգիս (Սերգեյ) Հակոբջանյանին, որոնց կասկածում են ապօրինի զինված կազմավորման ձեւավորման եւ լրտեսության մեջ: Վրաստանի ՔՕ 223 հոդվածի 1 մասով («ապօրինի ռազմական կազմավորման ստեղծում կամ ղեկավարում) եւ 314 հոդվածի 1 մասով («լրտեսություն) հարուցված քրեական գործերը վարում է ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտը»,-հունվարի 23-ին հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ում Ջավախքի հասարակական գործիչների ձերբակալման փաստի առնչությամբ:
Sunday, January 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment