Thursday, January 15, 2009

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ նոր վարչակազմը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

HayInfo. 14-1-2009- Արտաքին հարաբերությունների գծով Սենատի հանձնաժողովում լսումներ են կայացել Հիլարի Քլինթոնին ԱՄՆ Պետքարտուղար նշանակելու վերաբերյալ: Ինչպես հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA), լսումների ընթացքում սենատոր Ռոբերտ Մենենդեզը, որը հայկական շահերի պաշտպանն է հանդիսանում Սենատում, ընդգծեց նոր վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության փաստը հաստատելու կարեւորությունը եւ հույս հայտնեց, որ Հիլարի Քլինթոնը նույնպես պաշտպանելու եւ նպաստելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սենատորի խոսքերով, Հայոց ցեղասպանությունը աշխարհով մեկ ճանաչված փաստ է: Պետքարտուղարի պաշտոնի թեկնածուն նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը հետեւողական կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «AAA-ն ամեն կերպ ողջունում եւ օժանդակում է Հիլարի Քլինթոնի հաստատումը որպես ԱՄՆ Պետքարտուղար եւ համագործակցություն է ակնկալում նոր վարչակազմի հետ»,- հայտնել է AAA Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննի Տոտան:«Ես հավատում եմ, որ հայկական բնակչության դեմ Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված եւ իրականացված ողբերգական իրադարձությունները Կոնգրեսին եւ ԱՄՆ նախագահին պարտավորում են ճանաչել եւ հիշել Հայոց ցեղասպանությունը»,- անցյալ տարվա ամռանը՝ նախագահական քարոզարշավի ընթացքում, հայտնել է Հիլարի Քլինթոնը:Լսումները վարում էր ԱՄՆ արտաքին կապերի գծով Սենատի հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերրին:Սպասվում է, որ գալիք երեքշաբթի՝ անմիջապես Բարակ Օբամայի երդման արարողությունից հետո, Սենատն ամբողջական կազմով կհավաքվի կարճատեւ նիստի, որպեսզի հաստատի Հիլարի Քլինթոնի թեկնածությունը Պետքարտուղարի պաշտոնում: Չորեքշաբթի օրը՝ առավոտյան, նա կստանձնի իր պարտականությունները:

No comments: