Friday, March 13, 2009

Վիկտոր Դալլաքյան. «Հանրային խորհուրդը բավականին լուրջ գործառույթներ ունի»

Նախագահին առընթեր Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքներն համակարգող հանձնախմբի անդամ, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ խորհուրդը «կարող է կարեւոր դերակատարություն ունենալ» Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում: Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է համապատասխան կարգադրությունը Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ խորհրդի 36 անդամներից 12-ին նշանակելու վերաբերյալ: Մնացած 24 անդամներն ընտրվելու են կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով եւ ժամկետում: Նախագահի կողմից արդեն նշանակված Հանրային խորհրդի 12 անդամները տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են` հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներ: Նրանց թվում է նաեւ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը: Նախագահ Սարգսյանի նշանակած մյուս անդամներն են` Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը: «Արդարացված կլինի, եթե այդ խորհրդի նախագահը լինի Վազգեն Մանուկյանը: Հանրային խորհրդի նախագահը իրավունք ունի Ազգային ժողովում ելույթ ունենալ, քննարկումներին մասնակցել, հանձնաժողովների աշխատանքներին մասնակցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Դալլաքյանը: Պատգամավորը, ով մասնակցել է 2008-ի հունիսին ձեւավորված Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախմբի աշխատանքներին, որը եւ մշակել է խորհրդի գործունեության մեխանիզմները, որոշ մանրամասներ հաղորդեց նոր ձեւավորվող խորհրդի մասին: Ըստ այդմ, Հանրային խորհուրդը կարող է մասնակցել ցանկացած օրինագծի եւ կառավարության կողմից նախապատրաստվող որոշումների քննարկմանը, տալ եզրակացություններ եւ այդ եզրակացությունները ներկայացնել Ազգային ժողովի ամբիոնից կամ կառավարության նիստերում, կազմակերպել հասարակական հնչեղություն ունեցող հարցերի քննարկում: «Եթե հանրային խորհրդի անդամները նշանակվեն իրո’ք երկրում հեղինակություն ունեցող մարդիկ, հանրային խորհուրդը կարող է կարեւոր դերակատարություն ունենալ Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման գործում», - կարծիք հայտնեց Վիկտոր Դալլաքյանը: Ռուբեն Մելոյան

No comments: