Friday, March 13, 2009

Հայ ազգային կոնգրեսն էլ է դժգոհ օմբուդսմենից

«Առավոտ» 12-3-2009- Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. Օրերս Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց իր տարեկան զեկույցը: Ընդարձակ այս զեկույցում անտեսված է այն քաղաքական իրողությունը, որը ձեւավորվել է Հայաստանում, եւ որի հետեւանքով 2008 թվականի ամբողջ ընթացքում համակարգված կերպով իրականացվել են մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների ոտնահարում: Մասնավորապես՝ 1. հազարավոր քաղաքացիներ հետապնդվել, հալածվել, խոշտանգվել, բանտարկվել, ունեզրկվել եւ ահաբեկվել են իրենց քաղաքական հայացքների ու օրինական գործունեության համար, 2. ձեւավորվել է քաղբանտարկյալների ինստիտուտը, եւ այսօր էլ 56 քաղբանտարկյալ պահվում են բանտերում, 3. անց են կացվել մի քանի տասնյակ պատվիրված քաղաքական դատավարություններ, որոնց ընթացքում ակնհայտ շինծու մեղադրանքներով դատապարտվել են անմեղ անձինք, 4. ոտնահարվել է քաղաքացիների՝ սեփական կառավարություն եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու սահմանադրական իրավունքը: 5. ոտնահարելով խաղաղ ցույցեր անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ մարտի 1-ին վարչախմբի կողմից իրականացվել է սպանդ, որի կատարողներն ու պատվիրատուները մինչ օրս չեն կանգնել արդարադատության առաջ, 6. համակարգային բնույթ են ստացել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող բռնությունները: Էլեկտրոնային լրատվամիջոցները շարունակում են մնալ վարչախմբի ամբողջական վերահսկողության ներքո: Իշխանության ռեպրեսիվ բնույթին վերաբերող ցաքուցրիվ փաստերը վերագրված են հնուց ժառանգած համակարգին, իսպառ բացառվել են իշխող վարչախմբի քաղաքական կամքի գործոնը եւ պատասխանատվությունը: Ուստի՝ Մարդու իրավունքների պաշտպանն ըստ էության ստանձնել է Սերժ Սարգսյանի վարչախմբի փաստաբանի դերը: Որդեգրելով նման կեցվածք` Մարդու իրավունքների պաշտպանը փաստացիորեն դարձել է ռեպրեսիվ քաղաքական համակարգը սպասարկող ինստիտուտ, որ նպատակ ունի «անաչառ» գնահատողի հանդերձանքով ստեղծել ժողովրդավարական գործընթացների իմիտացիա: Հայ ազգային կոնգրեսը ցավով արձանագրում է, որ նման կեցվածքով Մարդու իրավունքների պաշտպանը ստանձնում է պատասխանատվություն ռեժիմի կողմից իրագործված ապօրինությունների համար եւ դրանով ծանր հարված հասցնում Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությանն ու առաքելությանը:

No comments: