«Ազատություն» 12-3-2009- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Բաքվում քննարկելու է նաեւ Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները:
Սերգեյ Lավրովը աշխատանքային երկօրյա այցով Բաքու է ժամանել երեկ երեկոյան: Նա բանակցելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ռուսաստանի արտգործնախարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ ռուսական կողմը «հատուկ նշանակություն է տալիս» Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներին, քննարկումներին` երկկողմ համագործակցության օրակարգային հրատապ հարցերի, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ:
Նշելով, որ այս հարցերը Սերգեյ Lավրովը կքննարկի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, Ռուսաստանի արտգործնախարության ներկայացուցիչն ավելացրել է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն արտաքին քաղաքականության բնագավառում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ: Քննարկվելու են նաեւ Կասպից ծովի կարգավիճակին առնչվող հարցեր ու Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները:
Երկու օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Lավրովը նշել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարի կազմել է ավելի քան 2 միլիարդ 400 միլիոն դոլար: Վերջին երեք տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կրկնապատկվել են: Նա ասել է, թե Ռուսաստանը հույս ունի Ադրբեջանի հետ համատեղ էներգետիկ խոշոր ծրագրեր իրականացնել, որոնք հիմա մշակվում են:
Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին Lավրովն ասել էր, թե իրենք դեմ են «դրսից ինչ-որ դեղատոմսերի պարտադրմանը» եւ, որ Ռուսաստանը պատրաստ է սատարել փոխզիջումային համաձայնությունը եւ հանդես գալ որպես երաշխավոր:
Հրաչ Մելքումյան, Պրահա
Friday, March 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment